[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ Է ԼՈՒՐՋ ՌԵՍՈՒՐՍ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

DSC_8378.jpgԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ մարտի 12-ին հրավիրած  մամլո ասուլիսը նվիրված էր Հունաստանի Հանրապետություն  կատարած աշխատանքային այցին, որը տեղի է ունեցել մարտի 4-7-ը։ 
ԱԺ խոսնակը լրագրողներին իրազեկեց, որ Աթենքում ինքը  հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակցությունների հետ, մասնակցել գիտական հեղինակավոր հաստատության՝ Աթենքի Պանդիո համալսարանում հրավիրված գիտաժողովին և հյուրընկալվել հունահայ համայնքի կողմից։ 
Հունաստանում ունեցած քաղաքական հանդիպումների ժամանակ զրույցը հիմնականում ծավալվել է  Արցախում պետականաշինության, տնտեսական, սոցիալական ոլորտներում գրանցված հաջողությունների, ինչպես նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մեր ունեցած հաջողությունների շուրջ։ Անշուշտ, հետաքրքիր էր, թե ինչպես է այդ գործընթացները գնահատում Եվրամիության անդամ Հունաստանը։ Ա. Ղուլյանը հարկ համարեց նշել նաև, որ տարբեր կուսակցություններ Արցախին վերաբերող տեղեկատվությունն ընկալում են այնքանով, որքանով նրանք կապված են տեղի հայ համայնքի հետ, որքանով տիրապետում են հայ իրականությունում առկա խնդիրներին, և, իհարկե, դրանում որոշակի դեր է խաղում նաև նրանց շահագրգռվածությունը ղարաբաղյան խնդրի ուսումնասիրության հարցում։ Սակայն բոլորի մոտ միանշանակ նկատվում էր խիստ ընդգծված հետաքրքրություն հայ-հունական հարաբերությունների նկատմամբ։ ԱԺ նախագահի խոսքերով՝ Հունաստան-Հայաստան պետական մակարդակով  հարաբերությունները, երկու ժողովուրդների ճակատագրի  ընդհանրությունը  թույլ են տալիս, որպեսզի ավելի խորացվեն ու ամրապնդվեն Արցախի և Հունաստանի հանրապետությունների քաղաքական շրջանների հետ հարաբերությունները։ 
ԱԺ նախագահը նախ կարևորեց մարտի 4-ին ձախ կողմնորոշում ունեցող ՙԴեմոկրատիկի արիսթերա՚ կուսակցության հետ հանդիպումը, որը կոալիցիայի անդամ է և ունի իր ներկայացուցիչները կառավարությունում։ Այն կայացել է կուսակցության գրասենյակում՝ նախագահ Ֆոթիս Կուվելիսի մասնակցությամբ։ Մարտի 5-ին նա հանդիպել է ՙԱնկախ հույներ՚ աջ կողմնորոշման կուսակցության նախագահ Փանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի հետ։ Նույն օրը տեղի են ունեցել հանդիպումներ ՙՆոր դեմոկրատիա՚ կառավարող կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի և փոխքարտուղար Զոնտանոսի հետ։ Հաջորդ օրը Հունաստանի խորհրդարանում նշանակված է եղել հանդիպում ձախ կողմնորոշում ունեցող՝ՙՍիրիզա՚ գլխավոր ընդդիմադիր կուսակցության հետ։ Ներկայացել էր կուսակցության ղեկավար դեմքերից մեկը՝ Յաննիս Տրաղասաքիսը, ով զբաղեցնում է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։
Քաղաքական հանդիպումներների շարքում Ա. Ղուլյանը կարևորեց մարտի 7-ին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կագլամանիսի հետ ունեցած զրույցը, ում օրոք՝ 1996թ., ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ակտը։ Այժմ նա ՊԱՍՈԿ սոցիալիստական կուսակցության ղեկավարներից է և գլխավորում է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը։ 
Բոլոր հանդիպումների ընթացքում անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններին։ ՙԵթե ամեն ինչ բարեհաջող լինի,-շարունակեց Ա. Ղուլյանը,- առաջիկա երկու-երեք ամիսներին ակնկալում ենք որոշակի արդյունքներ։ Նրանց կողմից սպասվում են այցելություններ, կլինեն քայլեր հետագա համագործակցության ամրապնդման ուղղությամբ՚։ 
Խորհրդարանի խոսնակն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հունաստանն այսօր բավականին պատկառելի կազմով ներկայացված է եվրոպական կառույցներում, հետևաբար և, մեզ համար շատ կարևոր է, որ այդ երկիրը ներկայացնող պատգամավորներն ավելի տեղեկացված լինեն ղարաբաղյան խնդրին, մեր երկրի տեղեկատվական համակարգին, քանի որ եվրոպական կառույցներում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավելի է խորացվում ապատեղեկատվական քաղաքականությունը։ 
Աթենքի քաղաքական գիտությունների Պանդիո համալսարանում հրավիրված գիտաժողովի առնչությամբ Ա. Ղուլյանն ասաց, որ ավելի քան 80-ամյա կենսագրություն ունեցող այդ գիտակրթական օջախում կենտրոնացված են երկրում կատարվող  բոլոր քաղաքական հետազոտությունները, որոնք կարևոր են նաև գիտության զարգացման տեսանկյունից։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն մեր հայրենակիցները, այլև հույն պաշտոնյաներ, հակամարտաբաններ, լրագրող-վերլուծաբաններ, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանի խնդիրներով։ Եվ քանի որ այցի հրավերը եղել է Պանդիո համալսարանի կողմից, ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ գիտաժողովը  կապված լինի ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Թեման հետևյալն էր՝  ՙԼեռնային Ղարաբաղ. հիմնախնդրի լուծման ուղիները՚, խոսվել է Արցախի ժողովրդի անցած 25-ամյա ուղու մասին։ 
Ա. Ղուլյանն անհրաժեշտ համարեց նշել, որ հունական կողմից բանախոսները (համալսարանի ռեկտորը և միջազգային իրավունքի մասնագետը) նույնպես իրենց ուսումնասիրություններում ներառել են թե՜ ղարաբաղյան խնդիրը և թե՜ մեր տարածաշրջանում ու նրանից դուրս տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները։ Նշվել է, որ Հունաստանը չի կարող անկողմնակալ լինել Հայաստանի և հայերի հետ կապված խնդիրների նկատմամբ՝ հաշվի առնելով պատմության ընդհանրությունը, 20-րդ դարասկզբին երկու ժողովուրդներին բաժին հասած ճակատագիրը։ Առանձնահատուկ կարևորվել է երկու պետությունների հասարակությունների, գործող հասարակական և քաղաքական ուժերի միջև կապերի սերտացումը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գրիգորիս Ցավթասը, իսկ միջոցառումը վարել է մեր հայրենակից, Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սերգո Գույումճյանը։ Ելույթ է ունեցել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը՝ անդրադարձ կատարելով ղարաբաղյան խնդրի պատմական ակունքներին։ Դա հնարավորություն է տվել Աշոտ Ղուլյանին իր խոսքում շրջանցել պատմական իրադարձությունները և ներկայացնել ընդհանուր հայեցակարգային տեսակետ։ 
 Հունաստանում զգացվում էր անհրաժեշտ քարոզչական նյութերի պակաս. այդ իմաստով Ա. Ղուլյանը կարևորեց 15-20-րոպեանոց ֆիլմի ցուցադրումը, որը պատմաբան Վահրամ Բալայանի ՙԱրցախը՝ պատմության քառուղիներում՚ ֆիլմի համառոտ տարբերակն էր։
Բանախոսություններից հետո խոսք է տրվել այն մարդկանց, ովքեր տարբեր ժամանակահատվածներում աշխատել են Ղարաբաղում։ Արցախի ժողովրդի մասին նրանց խոսքը եղել է դրական ու ոգևորիչ։ Հարկ է շեշտել նաև, որ հունական մամուլը նկատելի հետաքրքրություն է ցուցաբերել ԼՂՀ ԱԺ նախագահի այցի նկատմամբ՝ ամենայն մանրամասնությամբ լուսաբանելով այն։   
ՙԻմ այցելած երկրների մեջ հունահայ համայնքի վերաբերմունքն առանձնանում է. Արցախի նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը, նրանց ապրումները տարբերվում են իրենց ջերմությամբ ու անմիջականությամբ, և կարծում եմ, դա կապված է այդ գաղութում իրականացված աշխատանքների հետ։ Հայկական կազմակերպություններից ամենաազդեցիկը՝ ՀՅԴ-ն, իր բոլոր կառույցներով աշխատում է բավականաչափ ակտիվ։ 
Շատ կարևոր մի գործոն էլ կա. հունահայ գաղութում հայկական կրթօջախների  գործունեությունը շարունակելու մեջ հավասարապես շահագրգռված են երկրի իշխանություններն ու հայկական կազմակերպությունները՚,- ընդգծեց ԱԺ նախագահը։ Միայն Աթենքում գործում է հայկական երեք կրթօջախ, որոնցում հայրենասիրության շունչն է զգացվում։ Մայրաքաղաքից դուրս նույնպես կան հայկական կրթօջախներ՝ բոլոր օղակներով՝ սկսած նախակրթարանից մինչև հիմնական դպրոց։ Այդ հաստատությունների առկայությունը վկայում է հունահայ համայնքի կենսունակությունը առաջիկա 20-30 տարիների ընթացքում։   
Կարևորվեց Ազգային առաջնորդարանի դերը, որը Հունաստանում ներկայացված է Մեծի տանն Կիլիկիո թեմով։   
Հունաստանում, Ա. Ղուլյանի վկայությամբ, ունենք լուրջ ռեսուրս՝ խորհրդարանական, պաշտոնական ու ոչ պաշտոնական հարաբերությունների զարգացման առումով։ 
Անդրադարձ եղավ նաև Արցախի հունական գաղութին, որն ի հայտ է եկել ավելի քան 200 տարի առաջ։ Նրանք այստեղ են եկել ընդերքի ուսումնասիրության նպատակով  և հիմնականում բնակություն են հաստատել Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում։ Մինչև Արցախյան պատերազմն այստեղ ապրում էր 72 հույն։ Ներկա դրությամբ մնացել է 22-ը։ ԱԺ նախագահի խոսքով՝  այդ ազգային փոքրամասնության նկատմամբ պետք է լինի ընդգծված ուշադիր վերաբերմունք, հարկ է նաև ակտիվություն հաղորդել նախկինում մեզ մոտ իր գործունեությամբ աչքի ընկած հայ-հունական կազմակերպության աշխատանքներին։
Ա. Ղուլյանն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։ 
ԼՂՀ խորհրդարանի խոսնակն ինչպե՞ս է գնահատում հունական լոբբինգը, և արդյո՞ք լիարժեք են օգտագործվում առկա հնարավորությունները եվրոպական կառույցներում՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող քննարկումների ժամանակ։ Պատասխանելով ՙԱԱ՚-ի հարցին՝ Ա. Ղուլյանը շեշտեց, որ ցայսօր ԵԽԽՎ-ում Հունաստանը ներկայացնող պատգամավորների կողմից ճիշտ է ընկալվում մեր ընդդիմախոսների  ներկայացրած փաստաթղթերի վտանգավորությունը։ Այս առումով խնդիրներ չունենք։ Միջազգային կառույցներում մեզանից պահանջվում է ամենօրյա աշխատանք, քանի որ այդ պատգամավորական կազմերը մշտական չեն, և, բացի այդ, անընդհատ փոփոխվում են նաև պատգամավորներին ներկայացվող պահանջները։ Մեր հարևանները մեծ ակտիվությամբ աշխատում են եվրոպական կառույցներում, ինչը մշտապես պետք է նկատի ունենալ. Հունաստանի խորհրդարանականներին ժամանակին և ճիշտ տեղեկատվություն տրամադրելը մեր անելիքն է։ Շատ կարևոր է նաև տարբեր կուսակցությունների հետ մեր շփումների խորացումը։ Այնտեղ կոալիցիայի անդամ աջ և ձախ կողմնորոշման կուսակցությունների հետ հանդիպումների ժամանակ խոսվել է այն մասին, որ Հունաստանի քաղաքական դաշտի բազմազանությունը թույլ է տալիս Արցախի խորհրդարանում ունենալ այնպիսի գործընկեր կուսակցություններ, որոնց գաղափարներն ու հայացքներն իրենք կիսում են։                                   
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ