Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

altԱՄՆ ազգային հետախուզական ծառայության տարեկան զեկույցի արցախյան արձագանքը
Մարտի 12-ին ԱՄՆ Սենատում կայացան հատուկ լսումներ. ՙԱզատություն՚ ռադիոկայանի փոխանցմամբ, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլապերն ամերիկացի օրենսդիրներին ներկայացավ համաշխարհային ռիսկերին նվիրված տարեկան զեկույցով, որում առկա են ձևակերպումներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ 
Զեկույցի առանձին հատվածների մասին իր մեկնաբանություններն է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ։
Ամերիկյան հետախուզական ծառայության մասնագետների կողմից կազմված փաստաթղթի՝ Հայաստանին վերաբերող շարադրանքը, որում բռնկման հնարավոր օջախ է որակվում  ՙհայերի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը՚, Դ. Բաբայանի համար նորություն չէ։ Նրա խոսքերով՝ դա մի ձևակերպում է, որն ամերիկյան տարբեր գերատեսչություններ օգտագործում են դեռևս անցյալ դարի 90-ական թվականների կեսերից։ Եվ, դժբախտաբար, մինչ այսօր այդ ձևակերպումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ ՙԿարծում եմ,- ընդգծեց նա,- լուրջ աշխատանք ունենք անելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խողովակներով՝ ինչ-որ ձևով այդ սխալն ուղղելու համար։ Պետք է նրանց հասկանալ տալ, որ նման ձևակերպումն անընդունելի է, իսկ եթե նրանք չեն ուզում օգտագործել ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն՚ արտահայտությունը, ապա պիտի գտնեն մի այնպիսի ձևակերպում, որը գոնե կպահպանի հավասարակշռությունը կողմերի միջև։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա ողբերգություն է, մանավանդ որ նույն այդ զեկույցում կան բազմաթիվ կետեր, որոնք կարող ենք օգտագործել մեր օգտին՚։ 
Տեղեկատվության գլխավոր վարչության պետն անհրաժեշտ համարեց կանգ առնել զեկույցի այն հատվածի վրա, որում շոշափվում է ջրային անվտանգության խնդիրը (մարտի 22-ը Ջրային ռեսուրսների պաշտպանության միջազգային օրն է)։ Այդ մասով ամենամյա զեկույցում մտահոգություն էր հայտնվում, որ ջրային ռեսուրսների պակասը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում և կարող է պատերազմների առիթ դառնալ։ Դ. Բաբայանի կարծիքով՝ դա շատ կարևոր գործոն է մեզ համար, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընդհանուր համատեքստում մենք նույնպես առնչվում ենք այդ խնդրին։ ՙԵվ երբ այդ մասին խոսում է ԱՄՆ ազգային հետախուզական  ծառայության ղեկավարը՝ մատնանշելով հարցի կարևորությունը, կարծում եմ, հարկ է դրան ուշադրություն դարձնել, քանի որ գիտենք, որ ջրային անվտանգությունը չափազանց մեծ նշանակություն ունի թե՜ Հայաստանի և թե՜ մեզ համար։ Այս տեսանկյունից ուզում եմ ընդգծել Քարվաճառի շրջանի ջրային ռեսուրսների կարևորությունը, որն, ինչպես հայտնի է, հիդրոդոնոր է հանդիսանում Արցախի Հանրապետության համար՚,-ասաց քաղաքագետը։ Այնուհետև նա իրազեկեց իր առաջարկության մասին՝ կարևորելով դրա գիտաքաղաքական նշանակությունը։ Մի շարք պետություններ առանձնահատուկ արժևորում են ջրային պաշարները՝ դրանք արտացոլելով   իրենց պետական ատրիբուտներում։ Որոշ պետություններում էլ դրոշների վրա է ջուրը խորհրդանշվում։ Իսկ հարավաֆրիկյան Բոտսվանա պետության զինանշանի վրա պետական լեզվով գրված է ՙանձրև՚ բառը, որով ցույց է տրվում ջրային ռեսուրսների անբավարարությունը։ Մեր եռագույն պետական դրոշի կապույտ գույնը ցույց է տալիս հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ձգտումը։ Դ. Բաբայանի կարծիքով՝ ՙԼՂՀ դրոշի մասին՚ օրենքում անհրաժեշտ է մտցնել լրացում. այդ ձգտմանը պետք է հավելել ջրային պաշարների կարևորությունը մեր հանրապետության համար, ինչը աշխարհաքաղաքական լուրջ հայտ կլինի։ 
Զեկույցի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածի առնչությամբ նա ասաց, որ նման փաստաթղթեր ուսումնասիրելիս ոչ դուրեկան ձևակերպումների կողքին կարելի է գտնել նաև մեզ համար շատ կարևոր ուղենշային դրույթներ։  
Դ. Բաբայանի ուշադրությունը հրավիրեցինք նաև Ջ. Կլապերի այն մտքի վրա, ըստ որի՝ հակամարտող կողմերի միջև փոխադարձ անվստահությունը, ռազմատենչ հռետորաբանության սաստկացումն ու շփման գծում պարբերաբար կրկնվող բռնարարքները մեծացնում են հնարավոր սխալ հաշվարկի հավանականությունը, որն ի վերջո կարող է հանգեցնել իրավիճակի է՜լ ավելի սրման։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատասխանելով հարցին՝ տեղեկատվության գլխավոր վարչության պետը նշեց, որ այնտեղ լավ են պատկերացնում, թե ինչի կարող է այդ ամենը հասցնել, բայց, դժբախտաբար, մոռանում են Ռամիլ Սաֆարովին։ Շատ վատ է, երբ այդ միջադեպի մասին չի հիշեցվում, որը փաստորեն ֆաշիզմի դրսևորում էր։ ՙԲայց հակված եմ մեղքն ամբողջությամբ չբարդել ԱՄՆ-ի կամ որոշ կազմակերպությունների ու կառույցների վրա,-շարունակեց Դ. Բաբայանը,- քանի որ մենք էլ ունենք բացեր։ Ադրբեջանցի մարդասպան՝ քնած սպային կացնահարած Ռ. Սաֆարովի արտահանձնումը հավուր պատշաճի չենք լուսաբանել. սահմանափակվել ենք մեկ-երկու ելույթով ու վերջ։ Այնինչ, Ադրբեջան-Հունգարիա խայտառակ գործարքն ամենուրեք պիտի լուսաբանվեր և ցույց տրվեր, որ այլևս անհնար է այդ փաստի անտեսումը։ Այս հարթությունում քարոզչական աշխատանքի թերացում ունեցանք. չկարողացանք միջադեպի վրա կենտրոնանալ և ճիշտ օգտագործել այն Ադրբեջանի դեմ ծավալած մեր հակաքարոզչությունում՚։
Սենատում կայացած լսումների հաջորդ օրը՝ մարտի 13-ին, ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էր ԼՂՀ պատվիրակությունը։ Միջոցառման և ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության հրապարակած զեկույցի գրեթե միաժամանակյա լինելը  զուգադիպությո՞ւն է արդյոք. հարցին պատասխանելով՝ Դ. Բաբայանը նշեց, որ ԱՄՆ-ում նման զեկույցների հրապարակման հստակ ժամկետներ գոյություն ունեն։ Մարտ ամսում Կոնգրեսին զեկույց է ներկայացնում ոչ միայն Ազգային հետախուզության ծառայությունը, այլև մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ երկրի պաշտպանության նախարարությունը։ Նրա խոսքերով՝ այս պարագայում զուգադիպությունը պետք է դիտարկվի քաղաքական տեսանկյունից։ Հարկ է նկատի ունենալ, որ նրանք մի կողմից ներկայացնում են արդեն շաբլոնային դարձած այդ ձևակերպումները, մյուս կողմից էլ՝ չեն անտեսում իրական քաղաքականությունը։ ՙԱյս առումով նկատելի տեղաշարժ է կատարվել հենց մեր օգտին. իրական քաղաքականության մասին է վկայում այն փաստը, որ ոչ միայն Կոնգրեսում, այլև մի շարք պետություններում առկա են Արցախի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման բավական հստակ միտումներ։ Պետք է աշխատենք պահպանել այդ դինամիկան՚,- եզրակացրեց քաղաքագետը։                        
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ