[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՂԱՎՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Davit_Babayan_2.jpgՀարցազրույց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության 
գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Արցախ: Ո՞րն էր համանախագահների այցի նպատակը:
-Համանախագահների վերջին այցը Արցախ նոյեմբերին էր՝ 4 ամիս առաջ: Այս այցն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ Արցախ ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ամերիկացի համանախագահ Յան Քելլին, չնայած նա համանախագահ երկրի ժամանակավոր ներկայացուցիչն է: Այնուհանդերձ՝ սա իր համար ճանաչողական բնույթ ունեցող այց էր:
-Իսկ ինչպիսի՞ն էր ամերիկացի համանախագահի առաջին տպավորությունն Արցախից:
-Կարծում եմ, որ Յան Քելլին Արցախից մեկնեց լավ տպավորություններով, դրական տպավորություն ստացավ մեր մայրաքաղաքից, մեր բարեհամբույր ժողովրդից: Չնայած կան աշխարհաքաղաքական հստակ շահեր, չնայած մշտապես գոյություն ունի Ադրբեջանի նավթային գործոնը, բայց նման այցերը շատ կարեւոր են. համանախագահները գալիս, անձամբ տեսնում են Արցախը, տեղում շփվում արցախցու հետ եւ հետո այցելելով Ադրբեջան՝ ակնհայտ զգում տարբերությունը:
-Ոչ պակաս հետաքրքիր էր նաեւ այցի ձեւաչափը. երթուղին սկսվեց հենց Արցախից:
-Այս անգամ, իրոք, ձեւաչափը փոքր-ինչ փոխվել էր: Նախ այցելեցին Ստեփանակերտ, հետո մեկնեցին Երեւան, ապրիլի 1-ին կմեկնեն Բաքու, որից հետո դարձյալ կվերադառնան Արցախ ու դրանով կեզրափակեն տարածաշրջանային այցը: Այս կերպ համանախագահները փորձում են կոմպենսացնել վատ եղանակի պատճառով Արցախ չկատարած, ձախողված այցերը:
-ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել էր, թե պետք է արագացնել հիմնախնդրի լուծումը: Հանդիպման ժամանակ, այս առումով, նոր շեշտադրումներ նկատվեցի՞ն:
-Ո՜չ, այցը նոր շեշտադրումներով աչքի չընկավ, պարզապես վերստին ընդգծվեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժետությունը, եւ որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Մենք էլ ենք ուզում, որ գործընթացն արագանա, բայց խնդիրն այն է, որ արագացումը հայկական կողմերով չի պայմանավորված: Հետեւաբար, գիտակցում ենք, որ երկար ճանապարհ ունենք անցնելու:
-Հայտնի է, որ Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Սփեփանակերտի դիրքորոշումն ու ընդգծել ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման մասին: Խոսքն անշուշտ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը:
-Այո, իհարկե, քանի որ առանց դրա հակամարտության կարգավորումը տեղի չի ունենա: ԼՂՀ նախագահը նաեւ համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա, ընդգծեց, որ Բաքուն չի ընդունում հայկական կողմից եւ ոչ մի առաջարկություն, որը կարող է նպաստել փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը. դա է վկայում զինադադարի ռեժիմի շարունակաբար խախտումը:
-Բայց Բաքուն ոչ միայն հայկական կողմի, այլեւ հե՜նց Մինսկի խմբի առաջարկներն է մերժում ու արհամարհում:
-Եվ ոչ միայն համանախագահների, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Մարդասպան Սաֆարովի հերոսացումը սարսափելի ոտնձգություն էր միջազգային հանրության բարոյականության ու բոլոր սկզբունքների վրա: Այն, որ Ադրբեջանում այրում են ճշմարտությունը պատկերած գրողի գրքերը, նշանակում է այդ երկրում գործում են նույն ձեռագրով, ինչպես ֆաշիստները 30-ական թվականներին: Ուրեմն միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանի վարքագծին:
-Նախօրեին՝ Նովրուզի տոնի առիթով, Ադրբեջանի նախագահը բոցաշունչ ճառով հանդես եկավ՝ կրկին մեղադրելով Հայաստանին ու համանախագահներին ոչ կառուցողական դիրքորոշման համար: Փոխարենը, հատուկ ընդգծեց, թե իրենք առաջնորդվում են միայն միջազգային իրավունքի նորմերով:
-Գիտեք, Ալիեւի նման ցինիկ պահվածքի մեղավորը հենց միջազգային հանրությունն է, որ ուղղակի դա թույլ է տալիս նրան: Ադրբեջանի նախագահը խոսում է ոչ կառուցողական դիրքորոշման մասին, սակայն իր երկրում անձամբ քարոզում ֆաշիստական գաղափարախոսություն, այն դարձրել է պետական քաղաքականություն՝ հերոսացնելով մարդասպանին, հավակնելով Ղարաբաղի, Հայաստանի տարածքներին՝ Երեւանին, Սեւանին, Զանգեզուրին:
Ու քանի որ այդ հայտարարությունները միջազգային հանրության կողմից մնում են անարձագանք, Ալիեւն ավելի է ագրեսիվանում ու կոպտորեն խախտում միջազգային նորմերը, նրա քայլերն ապտակ են՝ ուղղված միջազգային հանրությանը:
Ինչ վերաբերում է միջազգային նորմերով առաջնորդվելուն, գուցե խոսքը սեփակա՞ն նորմերի մասին է: Ի՞նչ միջազգային իրավունքով առաջնորդվելու մասին է խոսքը, երբ քաղաքակիրթ աշխարհն այսօր ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այդ գործընթացը տեղի է ունենում Ֆոլկլենդյան կղզիներում, մարդիկ իրենք են իրենց ճակատագիրը որոշում, եւ Մեծ Բրիտանիան դրան չի խոչընդոտում: Անկախացան Կոսովոն, Հարավային Սուդանը, Շոտլանդիան է ընթանում այդ ճանապարհով, նույնիսկ ԱՄՆ-ի որոշ նահանգներ են նման հայտ ներկայացրել, եւ միայն Ադրբեջանն է հիվանդագին ընդունում ինքնորոշումը:
Պատճառը շատ պարզ է. այդ պետությունը կառուցվել է հայատյացության, մարդատյացության սկզբունքների վրա, դժբախտաբար նման փիլիսոփայությամբ առաջնորդվող երկիրը չի կարող ընդունել որեւէ նորմալ առաջարկ: Միջազգային հանրությունը պետք է մեծ ջանքեր ձեռնարկի, որ իրավիճակը շտկվի:
 
ՙՀայոց աշխարհ՚
21 մարտի 2013թ.