[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԿՈՂՔԻՆ ՆՍՏԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՏՎԵԼ ՔԱՂԲՅՈՒՐՈՆ.

ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինն այսպես է արտահայտվել Ադրբեջանի նախկին նախագահի մասին
Խորհրդային Միությունում փառքի գագաթնակետին հասած Հ. Ալիև բռնապետին, ազգայնամոլ կոմունիստին, հայահալած քաղաքականության ջատագովին, կոռուպցիայի ու կեղտի մեջ խրված ղեկավարին լավագույնս է բնութագրել Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Բ. Ելցինը։ Ռուսաստանյան հայտնի "Независимая газета" ՚ պարբերականի նախաձեռնությամբ լույս տեսած նրա գրքում (1990թ., Լենինգրադ), որը ներկայացված է հարցուպատասխանի տեսքով և կրում է ՙԲորիս Ելցին. խոստովանություն՝ հանձնարարված թեմայով՚ խորագիրը, բավական անաչառ տրված է Խորհրդային Միության գաղափարական հենասյուն  հանդիսացող՝ կոմունիստական կուսակցության ամբողջ համակարգի նկարագիրը, որում, իրոք, հնարավոր էին Հեյդար Ալիև պետական գործչի առաջընթացն ու հետագա վերելքը։ 
Բ. Ելցինն Ալիևին և Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Շչերբիցկուն դիտարկել է միևնույն հարթությունում՝ նրանց համարելով ժամանակի տիպական հերոսներ։ ՙԵս գրեթե հարյուր տոկոսով համոզված եմ,-գրել է նա,- որ այն պահին, երբ ընթերցողը կծանոթանա  այս գրքի հետ, Շչերբիցկուն պաշտոնից հանած կլինեն։ Եվ հավանական է՝ խայտառակաբար։ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի կազմում այդ մարդու հայտնվելը լիովին ցուցադրեց Մ. Գորբաչովի անվճռականությունն ու գործողությունների կիսատպռատությունը։ Գորբաչովը վախենում էր նրան ձեռք տալ, ճիշտ այնպես, ինչպես յուր ժամանակին չի կարողացել լուծել Հեյդար Ալիևի հարցը, երբ բոլորին պարզ էր, որ շահադիտական մանր ու խոշոր գործերում խրված մարդուն Քաղբյուրոյում պահելը այլևս անհնար է։ Ես հատուկ դրա համար մտել էի Մ. Գորբաչովի մոտ՝ թղթապանակը ձեռքիս և գրեթե մեկ ժամ փորձում էի համոզել նրան։ Ասել էի՝ Միխայիլ Սերգեևիչ, ամոթ է այդ մարդու կողքին նստելը, մենք չենք կարող այդպես անպատվել Քաղբյուրոն։ Սակայն նա ինձ չլսեց։ Ճիշտ է, ի վերջո, Հ. Ալիևին ուղարկեցին անհատական պատվավոր կենսաթոշակի, բայց ինչի՞ էր պետք այդ աղաղակող և միանշանակ լուծում պահանջող հարցի տևական ձգձգումը։ Շչերբիցկու հետ էլ նույն իրավիճակն էր. Գորբաչովն ուղղակի  չէր ցանկանում գործ ունենալ լճացման ժամանակաշրջանի այդ տիպական հերոսի հետ՚։
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ապարատի կրճատման հարցը հրատապ համարելով՝ ՌԴ նախկին նախագահն ընդգծում էր, որ այն չպիտի լիներ այդաստիճան ուռճացված, որ նրանում պետք է աշխատեին կուսակցության լավագույն ուղեղները, որպեսզի վերլուծեին իրավիճակը, կանխատեսեին իրադարձությունների հնարավոր շրջադարձը, հստակ պատկերացնեին զարգացման ուղիները։ Նրա համոզմամբ՝ այդ հանգամանքը հատկապես կարևոր էր՝ նկատի ունենալով հասարակության կյանքում կուսակցության ունեցած դերը։ ՙԳոնե մեկ կոնֆլիկտային իրավիճակ կանխատեսվել ու կանխվե՞լ է, ճգնաժամային գոնե մեկ պահի վերաբերյալ անմիջական լուծում գտնվե՞լ է։ Լեռնային Ղարաբաղ, Մերձբալթիկա և այլն, և այլն. ցանկացած սրված իրավիճակ նախ փակուղի էին մտցնում, այնուհետև կարծես հատուկ կայացվում էր սխալ որոշում, և միայն ամիսներ անց մեծ կորուստներով փորձում էին ուղղել այն... Իսկ կարելի՞ է, արդյոք,  ուրիշ բան սպասել այն մարդկանցից, ովքեր կուսակցական հիերարխիայի աստիճաններով դանդաղ վեր բարձրանալով՝ բրեժնևյան ժամանակաշրջանում իրենց կուսակցական կարիերան են արել՚։ 
ԽՄԿԿ Կենտկոմի ապարատի աշխատանքը Բ. Ելցինը գնահատել է որպես եզակի երևույթ։ Նրա խոսքերով՝ հաճախակի է նախատինք ուղղվում նախարարություններին այն բանի համար, որ դրանք ոչինչ չեն արտադրում, քանի որ նստած են իրենց ձեռնարկությունների շլինքին։ Բայց նրանց գործունեությունը գոնե անուղղակի կարելի է գնահատել ոլորտի հաջողություններով։ Իսկ ահա Կենտկոմը... Թղթերից բացի այն ոչինչ չի արտադրում։ Տոննաներով թուղթ։ Եվ աշխատանքի հաջողությունը որոշվում էր թղթի լեռնակույտերով։            
Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի կերպարն ավելի ամբողջական դարձավ 21-րդ դարի առաջին տասնամյակը բոլորելուց հետո, Ամերիկա մայր ցամաքի երկու պետություններում՝ Կանադայում և Մեքսիկայում նրա արձանների տեղադրման առնչությամբ բարձրացված աղմուկի ընդհանուր համապատկերին։ Իզուր անցան Իլհամ Ալիևի՝  ադրբեջանական նավթից ու գազից ստացվող միլիարդավոր դոլարների հաշվին հոր հիշատակն օտար երկրներում հավերժացնելու ջանքերը։ Վայ- պետական գործչի պատվին պատահականորեն կերտված աղմկահարույց արձաններն, իհարկե, պիտի արժանանային այդ երկրների հասարակությունների պարսավանքին և հեռացվեին նրանց աչքից։    
Մեխիկոյում արված հայտարարությունն ուղղակի ցնցող էր. բնավ չի կարելի թույլ տալ, որ Հ. Ալիևի արձանը գտնվի այնպիսի մարդկանց արձանների կողքին, ինչպիսիք են Աբրահամ Լինկոլնը, Մահաթմա Գանդին կամ էլ՝ Մեքսիկայի ազգային հերոսները։ ՙԱնհասկանալի մոնումենտ՚. այսպես են արտահայտվել Մեխիկոյի բնակիչներն արձանի մասին։ Ընդամենը կես տարի այն մնաց Մեքսիկայի մայրաքաղաքի գլխավոր այգում, ինչը թույլ տվեց հասարակությանն այդ ժամանակահատվածում ծանոթանալ բռնապետի կենսագրությանն ու կատարած գործերին։ Իսկ թե ինչու է Հեյդար Ալիևի արձանը հայտնվել հենց այդ այգում, պայմանավորված էր նրանով, որ դրա վերակառուցումն իրականացվել է Ադրբեջանի դեսպանության անմիջական օժանդակությամբ։ Ապամոնտաժումից հետո Մեքսիկայի իշխանությունները պաշտոնապես չհայտարարեցին, թե որտեղ են տարել բռնապետի արձանը, բայց տեղեկատվական մի աղբյուրի վկայակոչմամբ, որն իր լուրը տարածել էր ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջերին, մարդիկ այն տեսել են երկրի պետական պահեստի հարթակում։
Այս իրադարձությունից ավելի վաղ՝ անցյալ տարվա սեպտեմբերի վերջերին, տարածվեց կանադական Նիագարա-օն-դը-Լեյք քաղաքի իշխանությունների կողմից Հեյդար Ալիևի և նրա հարսի՝ Մեհրիբանի կիսանդրիների ապամոնտաժման մասին տեղեկատվությունը։ Հիմնավորումը պարզ էր. բռնապետության խորհրդանիշներ չպիտի լինեն։ Այդ որոշումը քաղաքի իշխանություններն ընդունել են ադրբեջանական ընդդիմության ձեռնարկած արշավի արդյունքում. անցյալ տարվա մարտ ամսին դիմում էր հղվել քաղաքապետարան, որում հետևյալ միտքն էր ընդգծված. ՙԱյսօր ամբողջ աշխարհը բռնապետության դեմ պայքար է հայտարարել։ Եվ աշխարհի ամենաժողովրդավարական պետություններից մեկում՝ Կանադայում, Հեյդար Ալիևի նման բռնապետի պատվին կիսանդրի կանգնեցնելը լուրջ հարված է Կանադայի միջազգային վարկանիշին՚։ Որոշ ժամանակ անց Նիագարա-օն-դը-Լեյքի քաղաքապետարանն իր պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ Ալիևների կիսանդրիներն ապամոնտաժումից հետո դուրս են բերվել քաղաքից։   
Միանգամայն հասկանալի են հիշյալ երկու պետություններում Հ. Ալիևի արձանների ի հայտ գալու դրդապատճառները։ Ալիևներին միջազգային հանրության շրջանում կարող է հայտնի դարձնել միայն քաղաքական առևտուրը, նրանց վարկանիշի բարձրացման միջոց կարող են լինել նավթադոլարներն ու շահավետ գործարքների մասին խոստումները։ Այդ ամենն, իհարկե, տեղի է ունենում ժողովրդին կողոպտելու և երկրի հարստությունն անձնական նպատակներով օգտագործելու ճանապարհով։ 
Սոցիալիստական հասարակարգի լճացման ժամանակաշրջանի կարկառուն գործիչ Հեյդար Ալիևի հաջողությունները, ինչպես վկայում են նրա մասին գրված պատմություններն ու ժամանակակիցների գնահատականները, պայմանավորված էին նրա էությամբ և ժամանակի իրողություններով։ Ադրբեջանական ազգի առաջնորդի գործերը նույն տրամաբանությամբ շարունակում է նրա որդին՝ Ալիև Կրտսերը, ում շնորհիվ Ադրբեջանն այսօր դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի ամենաապակառուցողական ուժը։
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ