[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐԱՏԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԿՁԳՎԵՆ ԴԵՊԻ ՍԱԿԱՎԱՋՈՒՐ ԵՐԿՐՆԵՐ

Ադրբեջանի ՙնավթային բումի՚ դարաշրջանը, գիտնականների կանխատեսմամբ, կավարտվի 2028-ին: Եվ այն, որ նավթի ու գազի պաշարները 2010-ից սկսել են նվազել, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտները մի քանի անգամ կրճատվել են, փաստում են հենց ադրբեջանական նավթա-գազային բիզնեսով շահագրգիռ ամերիկացի մասնագետները: 
   Ակնհայտ է Ադրբեջանի մտահոգությունը. նավթային գործոնն իր քաղաքականության մահակը դարձրած այդ երկրի իշխանությունը հրաշալի գիտակցում է, որ այդ ռեսուրսի ավարտը կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ` ի վնաս Ադրբեջանի: Մանավանդ որ, բացի նավթային գործոնից, այլ` մտավոր, հոգեւոր, պատմական, մշակութային հարստությամբ աչքի չընկնող երկրի ու ժողովրդի համար դա կարող է կործանարար լինել: 
Մասնագետները պնդում են, որ 21-րդ դարում ոչ թե նավթը, այլ քաղցրահամ ջուրն է դառնալու երկրագնդի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: Եվ պատահական չէ, որ դեռ մեկ տարի առաջ, Ադրբեջանի նախագահին կից գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնը նոր ռեսուրսների փնտրտուքով տարված, նախագահ Ալիեւին ներկայացրեց «Ադրբեջանի տեղը հիդրոպատերազմներումե վերտառությամբ մի զեկույց, ուր շոշափվում էր մասնավորաբար Արցախի ջրային ռեսուրսների հարցը։ Ադրբեջանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր չէ, իսկ գետերի ակունքների 80 տոկոսը գտնվում են պետության սահմաններից դուրս, ինչը նշանակում է ջրային կախվածություն արտաքին աղբյուրներից: 
   Այս առումով Ադրբեջանի համար դեռ խորհրդային տարիներից մեծ նշանակություն է ունեցել ջրային հսկայական պաշարներով հարուստ Արցախի Քարվաճառի շրջանը, որտեղից սկիզբ են առնում Թարթառ, Խաչեն, Արփա, Որոտան գետերը: ԼՂՀ ջրամատակարարումը 85 տոկոսով ապահովվում է հենց այս շրջանից: Մասնագետների հավաստմամբ, ԼՂՀ-ն դասվում է ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին: 
   Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաեւ ունի ռազմավարական մեծ նշանակություն: ՙԵթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաեւ կապույտ ցեղասպանություն՚,- համոզված է ԼՂՀ Նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչության պետ Դավիթ Բաբայանը: 
   Ասվածը հավաստող փաստերը քիչ չեն: Այսպես. դեռ խորհրդային տարիներից Ադրբեջանը նախկին ԼՂԻՄ-ի հանդեպ վարել է հատուկ մշակված հիդրոդեմոգրաֆիական քաղաքականություն` վերահսկողություն հաստատելով նախկին ԼՂԻՄ կարեւոր գետերի ակունքների վրա: Օգտվելով նրանից, որ վերահսկողության տակ էր առնված ԼՂԻՄ ջրային պաշարների 88%-ը, Բաքվի իշխանությունները, մասնավորապես Հեյդար Ալիեւի նախագահության տարիներին, Լեռնային Ղարաբաղի հանդեպ սկսեցին վարել ջրային ահաբեկչություն` թունավորելով գետերի ջրերը: Հետեւանքը եղավ այն, որ 70-80-ականներին բնակչության շրջանում մի քանի անգամ աճեց քաղցկեղով հիվանդների թվաքանակը: 
   ՙՀիշում եմ, հնարավոր չէր մոտենալ գետերին, մի քանի մետր հեռավորությունից արդեն իսկ զգացվում էր քլորի սարսափելի հոտը: Իսկ դրա որոշակի քանակի օգտագործումը, ապացուցված է, հանգեցնում է քաղցկեղի առաջացման,- ասում է Դավիթ Բաբայանը: 
   Արցախի բնակչության դեմ ջրային ահաբեկչություն իրականացվեց նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին: Երբ դեռ Քարվաճառը վերահսկվում էր ադրբեջանցի զինյալների կողմից, նրանք դարձյալ թունավորել էին Ստեփանակերտին ջուր մատակարարող աղբյուրները: Այս անգամ ջրին խառնելով մանր եղջերավոր անասունների քոսի դեմ պայքարի միջոց օգտագործվող քիմիական նյութեր:
   ՙԱյսօր իրավիճակն այլ է, բարեբախտաբար Արցախի ջրային պաշարներն արցախցիներիս վերահսկողության ներքո են, ու դրանով իսկ մեր անվտանգությունը պաշտպանված է: Բայց սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք, մանավանդ երբ հարեւան երկիրն ամեն պահ գործում է մեր դեմ՚: 
   Դավիթ Բաբայանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի նախագահի կողմից այսօր հնչող որոշ հայտարարությունների վրա. ՙԻզուր չէ, որ Ալիեւն անվերջ հայտարարում է, թե Սեւանա լիճը իրենցն է: Չէ՞ որ Սեւանա լիճը ՀՀ ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում՚: 
   Ադրբեջանի նախագահի` միջազգային հանրությանն ուղղված ապակողմնորոշիչ ու կեղծ մեղադրանքը, թե Հայաստանն իր ատոմակայանի թափոնները լցնում է Քարվաճառի գետերի մեջ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը եւս դիտարկում է հայության դեմ իրականացվող հեռահար քաղաքական ծրագրերի շարքում: ՙԱյդ բացահայտ կեղծիքը կանխամտածված է տարածվում, նպատակը հեռահար է. եթե երբեւէ Ադրբեջանը կարողանա ձեռք գցել Քարվաճառի շրջանը, ապա մեր գետերի միջոցով կթունավորի Արցախի ժողովրդին ու կհայտարարի, թե մեղքը ձերն է, քանի որ ժամանակին այնտեղ ատոմակայանի թափոններ եք լցրել՚: 
   Հետեւաբար Քարվաճառին տիրանալը կնշանակի ձեռքում ունենալ հզոր լծակ` Հայաստանի ու Արցախի դեմ, ու անկանխատեսելի զիջումներ պարտադրել երկու հայկական պետություններին: 
  ՙԱյս փաստերը մեկ անգամ եւս ապացուցում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում խիստ կարեւորվում է ԼՂՀ ջրային անվտանգության ապահովման հարցը, քանզի« դրանից է կախված հայ ժողովրդի անվտանգ գոյատեւումն իր պատմական տարածքում՚:
   ՙՄենք պետք է գիտակցենք, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած մեր անվտանգությունը` այն ե՛ւ ռազմական է, ե՛ւ տնտեսական, հոգեբանական ու կրոնական, եւ վերջապես, չմոռանանք ջրային ռեսուրսները որպես ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ՚,- համոզված է Դ. Բաբայանը: 
   Արցախում նաեւ համոզված են` կգա այն ժամանակը, երբ Արցախից ջրատարները կձգվեն դեպի սակավաջուր արաբական երկրներ. այսօր Արցախն ունի առնվազն 2,5 մլրդ խմ ջուր, որն առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու կարող է արտահանել: 
   Իսկ մինչ կգա այդ օրը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության պետն առաջարկում է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների՝ որպես ջրային ռեսուրսներով հարուստ երկրի կարեւորությունն ընդգծել նաեւ մեր ազգային ու պետական խորհրդանիշերի` զինանշանի, դրոշի վրա եւ օրենքում եռագույնի կապույտ գույնի մեկնաբանությանն ավելացնել` կապույտը խորհրդանշում է նաեւ հայկական երկու պետությունների ջրային պաշարների առատության փաստը: 
   ՙԴիմում եմ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների օրենսդիրներին՝ կատարել օրենսդրական այդ փոփոխությունն ու դրանով ընդգծել մեր ջրային պաշարներով առատ երկիր լինելը, ցույց տալ, որ ջուրը ռազմավարական եւ ազգային անվտանգության տեսանկյունից հայության համար ունի կարեւորագույն նշանակություն՚: