[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

altNEWS.am-ի զրուցակիցը Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆՆ է:
¬Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվում կազմակերպված ռազմական շքերթից հետո Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները, թե իբր Հայաստանում վախեցած են ադրբեջանական ռազմական շքերթից եւ ռազմական ծախսերից:
¬ Անհիմն երազանքները որպես իրականություն ներկայացնելու նյարդային հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անհաջող փորձն է կատարում՝ թաքցնելու սեփական վախն ու խուճապը երկրում օրեցօր աճող դժգոհության արդյունքում ժառանգական իշխանությունը կորցնելու՝ գնալով անխուսափելի դարձող հեռանկարից: Ռազմական ծախսերի ուռճացված թվերի անդադար հրապարակումները եւ նախագահական ընտրությունների նախաշեմին կազմակերպված ռազմական շքերթի անվերջ գովաբանումը առաջին հերթին կոչված են շեղելու ներքին լսարանի ուշադրությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի մոտ պետության եւ ժողովրդի անխնա թալանի գնով կուտակված հսկայական ունեցվածքից:
¬ Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի հայտարարությունները, որ Ղարաբաղը եւ Հայաստանը գտնվում են ադրբեջանական հողերի վրա, իսկ հայերը մեր տարածաշրջանում եկվոր են:
¬ Այն հանգամանքը, որ դեռեւս չի լրացել հարյուր տարին, ինչ Ադրբեջան պետությունն առաջին անգամ հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացնել Ադրբեջանի ծիծաղաշարժ նկրտումները՝ հերքելու բազմաթիվ աշխարհահռչակ հեղինակների վկայությունները, սկսած Ստրաբոնոսից եւ Պլուտարքոսից: Մյուս կողմից, Թուրքիայի պաշտոնական պատմագրությունն ընդունում է, որ թուրքերը եկել են մեր տարածաշրջան Կենտրոնական Ասիայից: Ադրբեջանի իշխանությունները, բնորոշելով Թուրքիայի հետ հարաբերությունները ՙՄեկ ժողովուրդ, երկու պետություն՚ կարգախոսով, փաստացի ընդունում են, որ 1930-ական թվականներից ադրբեջանցի անվանում ստացած ժողովուրդը մեր տարածաշրջանում եկվոր է: Դրանում ոչ մի վիրավորական բան չկա, դրա համար պետք չէ ամաչել: Ամաչել է պետք սեփական ժողովուրդը իր իսկ արմատներից կտրելու եւ պատմությունը կեղծելու փորձերի համար:
Նմանատիպ զավեշտի մակարդակի հայտարարություններով պաշտոնական Բաքուն միայն ապացուցում է, որ Ադրբեջանի թե՜ ներքին, թե՜ արտաքին քաղականությունն ամբողջությամբ կառուցված է ստի եւ կեղծիքի վրա: Նույնիսկ իրենց իսկ կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը Ադրբեջանի քարոզչամեքենան ջանում է վերագրել հայերին: Բաքվին թվում է, որ Խոջալուի ողբերգության նենգափոխված քարոզչությամբ Ադրբեջանի ղեկավարությանը կհաջողվի նաեւ խուսափել պատասխանատվությունից հայերի դեմ գազանաբար իրականացված զանգվածային ջարդերի համար Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է որ իրենց թիվ 1 թշնամին համայն հայությունն է: Իրականում Ադրբեջանի ղեկավարության հիմնական թշնամին ճշմարտությունն է: Հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ: Ահա թե ինչու Ադրբեջանում ծաղկող կոռուպցիայի եւ մարդու տարրական իրավունքների համատարած ոտնահարումների հետ կապված միջազգային կազմակերպությունների կամ անհատների ցանկացած քննադատություն Բաքուն ներկայացնում է որպես հայության կամ հայամետ ուժերի գործունեության արդյունք:
¬ Դուք հիշատակեցիք Թուրքիային, որը սատարում է ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը եւ ժխտում Հայոց ցեղասպանությունը: Ինչպիսի՞ն է այդ տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:
¬ Թուրքիան հետեւողական չէ իր արտաքին քաղաքականության դրսեւորումներում: Անկարան, հակառակ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տառին եւ ոգուն, սատարելով Ադրբեջանի անիրատեսական նկրտումներին եւ նպաստելով Բաքվի դիրքորոշման կարծրացմանը, խոչընդոտում է եւ՜ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջընթացին, եւ՜ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, հետեւողական է իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում: Մենք եղել եւ մնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման կողմնակից: Այնպես որ՝ գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում:
¬ Վերջերս հաճախականացել են կողմերի շփումները Մինսկի խմբի համանախագահների հետ եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո էլ Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որքանո՞վ են այդ հայտարարությունները համապատասխանում բանակցային գործընթացին:
¬ Նախ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ապա Ադրբեջանն ընդունել է որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան փաստաթուղթը: Իսկ համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները եւ տարրերն իրենցից ներկայացնում են մեկ ամբողջականություն, եւ դրանցից որեւէ մեկին չի կարող տրվել գերակայություն: Դա վերահաստատվեց նաեւ համանախագահ երկրների ղեկավարների 2013թ. հունիսի 18-ի համատեղ հայտարարությունում:
Ադրբեջանը, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մադրիդյան սկզբունքներին եւ տարրերին ու բուն բանակցային գործընթացին, փորձում է  գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին եւ իբր մոռացության մատնել իր իսկ կողմից բանակցությունների համար որպես հիմք ընդունված այն դրույթը, համաձայն որի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ:
Զուր են Ադրբեջանի փորձերը՝ աղավաղված եւ ընտրովի ներկայացնելու բանակցային գործընթացը, նենգափոխելու խնդրի էությունը եւ հակամարտության ծավալման պատճառները, նսեմացնելու միջնորդների գործադրած ջանքերը եւ խաթարելու բանակցային գործընթացի առաջընթացը: Անկախ Ադրբեջանի այս հուսահատ փորձերից՝ հակամարտությունը, միեւնույն է, կարգավորվելու է Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքի եւ Ադրբեջանի՝ ինքնորոշված Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվության շրջանակներում: