[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎՅԱՆ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐԻ, ՏԳԵՏ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԵՎ ՙՄՏՐԱԿԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚ ՇՈՒՐՋ

Ադրբեջանի քաղաքական վերնախավի ձեռնարկած քայլերից հստակ երևում է, որ  նրան մտահոգող թեման այսօրվա դրությամբ նախագահական ընտրություններն են։ Իսկ ընտրարշավն, ինչպես հայտնի է, ենթադրում է ակտիվ և նպատակային քարոզչություն։ Իլհամ Ալիևն այս իրողության գիտակցումով էլ որոշեց Ազգային մամուլի օրվա առթիվ կարևորել լրագրողների աշխատանքը, շոյել նրանց ինքնասիրությունը։
Ադրբեջանի առատաձեռն նախագահը, սակայն,  չէր կարող բավարարվել լոկ խոսքերով. նրա գլխավոր ռևերանսն, անշուշտ, նյութական բովանդակություն պիտի ունենար։ 
Նա մտածեց, կամ նրան հուշեցին, որ լրագրողներին կարելի է սիրաշահել նախևառաջ բնակարան նվիրելով։ Խոսքը վարչակարգին ծառայող լրագրողների մասին է և ոչ թե նրանց, ում Ալիև Կրտսերը բանտ է նետում ազատ արտահայտվելու, վարչակարգի քաղաքականությունն անխնա քննադատելու համար, ում ադրբեջանցի ոստիկանները Բաքվի Շատրվանների հրապարակում ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկում՝ բողոքի ցույցերի ժամանակ  ակտիվություն ցուցաբերելու համար, ինչին, ի դեպ, միջազգային կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ գնահատական են տվել։   
Այն, որ իշխող վերնախավը նախապատրաստվում է նախագահական ընտրարշավին՝ անակնկալ նվերներով լրագրողներին սիրաշահելով, ամենևին զարմանք չի հարուցում, բայց որ այդ վերնախավի քարոզչությունն արվում է ամենատգետ ձևով, թերևս արժե ի ցույց դնել։ 
Ադրբեջանական կայքերից մեկը, որի լեզուն հայերենն է, օրերս վերոնշյալ թեմայով երկու՝ իրար հետ չկապակցվող և տրամաբանությունից իսպառ զուրկ տեղեկատվություն է հրապարակել։ Հուլիսի 22-ին հրապարակված լուրն իրազեկում էր, որ Ադրբեջանի նախագահը ներկա է եղել լրագրողների համար կառուցված բնակելի շենքի շահագործման հանձնելու արարողությանը, որի ժամանակ շնորհավորել է ԶԼՄ-ների աշխատակիցներին՝ Ազգային մամուլի օրվա կապակցությամբ և ասել, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որտեղ բնակարաններ են կառուցվում լրագրողների համար։  Ըստ այդ լուրի՝ երկրի առաջնորդը նաև ասել է, որ լրագրողի մասնագիտությունը շատ դժվար ու պատասխանատու գործ է, և քանի որ ԶԼՄ-ների աշխատակիցներից շատերն ինքնուրույն ի վիճակի չեն լուծել իրենց բնակարանային հարցը, պետությունը նրանց օգնում է։ 
Երկրորդ տեղեկատվության համաձայն՝  Ադրբեջանի նախագահը հուլիսի 23-ին կարգադրություն է ստորագրել ԶԼՄ-ների սոցիալ-տնտեսական պաշտպանության ուժեղացման վերաբերյալ լրացուցիչ միջոցառումների մասին։ Որոշվել է 2013թ. բյուջեում նախատեսված՝ նախագահի պահուստային հիմնադրամից տրամադրել 5 մլն մանաթ ՝ բնակելի շենքի կառուցման առաջին փուլն իրականացնելու համար,  Ֆինանսների նախարարությանն էլ հանձնարարվել է  սահմանված կարգով ապահովել նախատեսված գումարի ֆինանսավորումը։ 
Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է ստացվել, որ հուլիսի 22-ին լրագրողների համար կառուցված բնակելի շենքը շահագործման է հանձնվել, Ի. Ալիևն էլ ելույթ է ունեցել, իսկ մեկ օր հետո՝ հուլիսի 23-ին, նա կարգադրություն է ստորագրել  այդ բնակելի շենքի կառուցման նպատակով նախնական գումար հատկացնելու մասին՝ համապատասխան հանձնարարականներ  տալով։
Հայատառ լրատվամիջոցը, որ  հայկական կողմի վրա  որոշակի ազդեցություն գործելու նպատակ է հետապնդում, ըստ երևույթին, չի էլ պատկերացրել, որ ընթերցողն այդ երկու տեղեկատվությունն  անպայման համադրելու է։ Բայց քանի որ նրանց նպատակը քարոզչություն իրականացնելն է, թեկուզև ամենատգետ ձևով, ուրեմն միջոցներն այնքան էլ էական չեն։ 
Սակայն դա հարցի մի կողմն է։ Ալիև Կրտսերը միջազգային ասպարեզում բավականին ցածր վարկանիշ ունեցող առաջնորդի համբավ ունի, և նրա թիմն այսօր խնդիր է դրել փրկել գործող նախագահի արտաքին՝ զրոյի ձգտող  վարկանիշը։ Ի. Ալիևը, ադրբեջանական քարոզիչների կարծիքով,  տպավորություն է թողնում  արտաքին աշխարհի վրա, երբ հայտարարում է, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որտեղ բնակարաններ են կառուցվում լրագրողների համար,  իսկ  ազատ մամուլի հիմքերը, պարզվում է, դրել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ գրաքննությունը վերացնելով։
 Աշխարհին հայտնի է, որ Ադրբեջանն այն բռնապետական երկրների թվում է, որտեղ ոտնահարված են լրագրողների իրավունքներն ու ազատությունները։ Այդ մասին քանիցս բարձրաձայնել են միջազգային կառույցները՝ Բաքվում պաշտոնական շրջանակների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, սակայն, ինչպես հայտնի է, այդ հանդիպումների մեջ շահագրգռված կողմը միայն միջազգային կառույցներն են։ Ադրբեջանի նախագահին հավատարիմ գործիչներն ամեն ինչ անում են գործող նախագահին որպես ամենաընդունելի և մրցակցությունից դուրս թեկնածու ներկայացնելու համար։ Նաև՝  որպես ադրբեջանցիների հոգատար հայր։ 
Քանի որ իրադարձություններն անմիջականորեն առնչվում են Ադրբեջանի տեղեկատվական դաշտին, կարծում ենք, հարկ է հիշեցնել 2012-ի նոյեմբերին ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն հայտարարությունը, որով հանդես է եկել  այդ օրերին Բաքվում գտնվող ԵԱՀԿ-ի, Եվրամիության և Եվրախորհրդի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Վերջինս  Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բանտերից ազատել լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին։ Պատվիրակությունն իր տարածած հայտարարության մեջ մտահոգիչ է համարել այն պնդումները, որ այդ անձինք ազատազրկվել են իշխանություններին քննադատելու համար։ Պատվիրակները պաշտոնական Բաքվին հորդորել են անաչառ և թափանցիկ հետաքննություն իրականացնել լրագրողների վրա  հարձակումների գործերով։  
Վերոնշյալին հավելենք նաև, որ անցյալ տարվա վերջին Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության վիճակի վերաբերյալ հիմնավորված տեսակետ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի հարցերով մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Պեդրո Ագրամունթը և Ժոզեֆ Գրեհը։ Նրանց պատրաստած զեկույցում փաստորեն տրվել է իլհամալիևյան վարչակարգի գնահատականը։ Համազեկուցողները փաստաթղթում ընդգծել էին, որ Ադրբեջանում չարտոնված հանրահավաքների համար տուգանքների չափերի ավելացումը և Բաքվի կենտրոնում բողոքի ցույցերի խստիվ արգելումը խոսքի ազատությանը և երկրում հավաքներ անցկացնելուն ուղղված սպառնալիք են։ Դրանով նրանք գնահատել էին Եվրոպայի խորհրդի առաջ պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների կատարման մակարդակը։ Նրանց մտահոգությունն էին հարուցել Ադրբեջանական Հանրապետության Քրեական և Վարչական օրենսգրքերում կատարված  փոփոխությունները, որոնք, նրանց գնահատմամբ, լրացուցիչ բացասական ազդեցություն կարող են ունենալ խոսքի և հավաքների ազատության վրա։ 
Անցյալ տարի, ինչպես հայտնի է, Շատրվանների հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժերը  մի քանի անգամ բողոքի ցույցեր են անցկացրել, որոնց մասնակցել են լրագրողներ և որոնք ադրբեջանական ոստիկանության կողմից ճնշվել են առանձնակի դաժանությամբ։ Այդ դեպքերից հետո ցույցերի  կազմակերպիչների նկատմամբ պատիժն ավելի է խստացվել՝ կախված այն բանից, թե կոնկրետ անձն ինչ դեր է խաղացել դրանց կազմակերպման գործում։ Կազմակերպիչների համար նախատեսված տուգանքը նախկին չափի համեմատ բազմապատկվել է 6 անգամ։ Նկատի առնելով այս իրողությունները՝ համազեկուցողները հատուկ նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը բողոքի ցույցերի կազմակերպիչների և լրագրողների նկատմամբ։ Իսկ մինչ զեկույցը պատրաստելը Բաքվում  հարցում է անցկացվել, որի արդյունքներով՝ երկրի բնակչության 60 տոկոսը  կողմ է արտահայտվել քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող ցույցերին ու հավաքներին։ 
ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով մոնիտորինգի խմբի համազեկուցողները Իլհամ Ալիևին հասկանալ են տվել, որ Ադրբեջանում պետք է վերջ տրվեն լրագրողների, բողոքի ցույցերի կազմակերպիչների և քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնություններին։
Այս կարգի բոլոր ազդանշաններն անտեսվել են Ի. Ալիևի կողմից։ Այսօր էլ նրա համար դրանք ոչ մի նշանակություն չունեն։ Նախագահական ընտրություններին նա պատրաստվում է ավանդական ձևով՝ քծնելով, շողոքորթելով, սիրաշահելով։ Իսկ եթե լրագրողներն  ընդդիմադիր ուժերի հետ հանկարծ դուրս գան բողոքի ցույցի, Ի. Ալիևն այն ճնշելու է իրեն հատուկ դաժանությամբ՝ գործի դնելով ոստիկանությունն ու  ռետինե մահակները։ Այս ամենից հետևում է, որ Ադրբեջանի նախագահը սեփական երկրի լրագրողների հետ հարաբերությունները կառուցում է ՙմտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության՚ սկզբունքով։   
      
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ