[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԱՏ, ԻՆՔՆԻՇԽԱՆ ԱՐՑԱԽԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է

 14.jpgԱվելի անվտանգ տեղ, քան Արցախն է, մեզ համար չկա և չի կարող լինել 

ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ թեմայով միջազգային գիտաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ 
Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Արցախի պետական համալսարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։   
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Հրավիրված էին հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ և փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից։ 
Պատվավոր հյուրի կարգավիճակով գիտաժողովին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարուսը, Բելգիայի Սենատի պատգամավոր Անդրե դե Բուս դե Վարնաֆը, Բելգիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան Կլոդ դե Ֆոսեն։ Գիտաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտ կժամանի նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը։ 
Բացելով միջազգային գիտաժողովը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ  քառորդ դար առաջ նոր փուլ թևակոխած համաժողովրդական շարժումն արդյունավորվել է Արցախի անկախությամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պետականության կազմավորմամբ, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում տարած հաղթանակով։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն՝ ազատ, ինքնիշխան Արցախը, հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա մեծագույն ձեռքբերումն է։ 
Տարին հոբելյանական է նաև  շրջադարձային նշանակության մեկ այլ իրադարձության առումով. 1813թ. հոկտեմբերին՝ ուղիղ 200 տարի առաջ, Արցախի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով իրավաբանորեն ձևակերպվեց Արցախի փաստացի միացումը Ռուսաստանին։ Այդ իրադարձությունը, չնայած երկու հարյուրամյա վաղեմությանը, չի կորցրել իր կարևորությունը ոչ միայն հայության ու նրա արցախյան հատվածի, այլև ողջ տարածաշրջանի համար։ 
Անդրադառնալով 20-րդ դարի 80-ականներին Խորհրդային Միությունում հռչակված վերակառուցման քաղաքականությանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ այն հայ ժողովրդի մոտ հույսեր արթնացրեց՝ ստալինյան ռեժիմի սխալներն ուղղելու առումով։ Կենտրոնական իշխանությունները, սակայն, բավարար համարձակություն չունեցան, իսկ Ադրբեջանը փորձեց Արցախի ձայնը խեղդել զանգվածային սպանդով, շրջափակումներով, ապա և լայնածավալ ռազմական ագրեսիայով։ Արցախը դիմակայեց  մարտահրավերներին՝ շնորհիվ բացառիկ ինքնակազմակերպվածության, Հայաստանի և Սփյուռքի աջակցության։ ՙՄենք ապրում ենք անհանգիստ տարածաշրջանում, անհանգիստ է առհասարակ ողջ աշխարհը,¬ շարունակեց նա,¬բայց այսօր ավելի անվտանգ տեղ, քան Արցախն է, մեզ համար չկա։ Չի կարող լինել։ Մենք այս ազդակն ենք հղում աշխարհին, աշխարհասփյուռ հայությանն ու մեր բարեկամներին՚։ 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը։ Նա ընդգծեց, որ Արցախի մասին առաջին անգամ կարդացել է Ստրաբոնի աշխատություններում, իսկ  առաջին անգամ եկել է այստեղ պատերազմի տարիներին՝ որպես վիրաբույժ, այնուհետև՝ որպես նախագահական ընտրություններին հետևող դիտորդ։ Նրա բնորոշմամբ՝ Արցախը նման է նորածին մանուկի, ում պետք է սիրել ու գուրգուրել։ Նրան հատկապես հիացմունք են պատճառում պատերազմի ավարտից ի վեր այս երկրում տեղի ունեցած դրական տեղաշարժերը։ 
Խոսելով Ադրբեջանի՝ որպես ավտորիտար պետության մասին՝ Է. Թեոխարուսն ասաց, որ հայի ոգին ու արժանապատվությունը ճնշելու այդ երկրի փորձերը ձախողվել են։ Բոլոր դժվարություններին Արցախը կարողացել է դիմակայել, միաժամանակ պայքարել իր ազատության և անկախության համար՝ արդարություն հաստատելով այս հողի վրա։ 
ԱԺ ամբիոնի մոտ հրավիրվեց Ռուսաստանի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, հասարակական գործիչ Գեորգի Տրապեզնիկովը։ Հուզիչ էր նրա խոսքը. ՙԹանկագին եղբայրներ և քույրեր, իսկապես այսօր մենք ներկա ենք մի կարևոր իրադարձության, երբ արտասանում ենք  հիասքանչ մի բառ՝ Արցախ։ Թուրքական բառը՝ ՙսև այգի՚,  որ մեզ են պարտադրել թուրք ներխուժողները,  երբեք չենք ընդունել և չենք ընդունի։ Ըստ գիտնականի՝ միջազգային փաստաթղթերում այդ թուրքական բառը չպիտի լինի։ Ռուսաստանի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիան  շնորհավորում է իմ հարազատ ժողովրդին։ Իսկ թե ինչու հարազատ՝ պատերազմի ժամանակ ես եղել եմ այստեղ և տեսել եմ, թե ինչպես էին այս հպարտ մարդիկ պաշտպանում իրենց ազատությունն ու անկախությունը՚։ Գիտնականը ցավով նշեց, որ եղել են զոհեր, շատերը հեռացել են կյանքից, գուցե այդպես էր հաճո Աստծուն, սակայն նրանք այնտեղից նայում են մեզ և հպարտանում Արցախով։ Ակադեմիայի անունից նա շնորհավորեց արցախահայությանը մեկ այլ  իրադարձության առթիվ. Նոբելյան կոմիտեն իր գոյության ողջ ժամանակաընթացքում առաջին անգամ իր խորհրդանիշներում նշել է ՙԱրցախ՚ բառը։ Նրա համոզմամբ՝ մոտ ապագայում Արցախի դրոշը կծածանվի ոչ միայն Ռուսաստանում, այլև միջազգային բոլոր հարթակներում։ 
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը շնորհավորեց բոլորին և շեշտեց ԼՂՀ ԱԺ¬ի հետ տարիների համագործակցությունը, որը տվել է իր պտուղները։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջերս  ավարտին հասցված՝ Շուշիի ֆենոմենին նվիրված մենագրական հետազոտությունների վրա։ 
Այնուհետև  միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Շնորհավորելով գիտաժողովի մեկնարկը՝ նա կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ արցախյան հիմնախնդիրը խորությամբ հասկանալու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները համակողմանիորեն դիտարկելու և հնարավոր զարգացումներն ավելի ճշգրիտ կանխատեսելու տեսանկյունից։ Հայ ժողովրդի ոգին միշտ եղել է անկոտրում. հաջողվեց իրականացնել մեր համազգային իղձը՝ վերականգնել հայոց անկախ պետականությունը, և այսօր մենք ունենք երկու հայկական պետություն։ Ներկայում Արցախի Հանրապետությունն աշխատում է երկու կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ. առաջինը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորումն է։ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. ուժային լուծման ցանկացած տարբերակ անընդունելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Անփոփոխ են մնացել նաև մոտեցումները բանակցությունների վերաբերյալ. հակամարտության լուծման ամենահուսալի և համապարփակ տարբերակն Արցախի անմիջական մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումն է և տևական խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Երկրորդ կարևորագույն խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ ՙՄեզ համար հետդարձի ճանապարհ չկա։ Արցախի անկախությունը և անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն սակարկության՚,- եզրակացրեց ԼՂՀ Նախագահը։
Միջազգային գիտաժողովի աշխատանքն այնուհետև  շարունակվեց բաժանմունքներում՝ ըստ թեմատիկ ընդգրկումների։                
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ