[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԾԻՔՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Հանս-Յոխեն ՇՄԻԴՏ, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ. 
- Գիտաժողովը համարում եմ անչափ կարևոր։ Այն հնարավորություն է տալիս ինչպես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ միջազգային փորձագետներին մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի  և այն մասին, թե ինչպես լուծել հակամարտությունը։ 
Անձամբ ես կողմնակից եմ միջազգային նման միջոցառումների կազմակերպմանը, որովհետև գտնում եմ, որ հանրությունը պետք է մասնակցի գործընթացին, հանդես գա իր տեսակետներով։ Երբ ես աշխատում էի Երևանում, մասնակցում էի տեղի ունեցող բոլոր գիտաժողովներին, որոնք միշտ էլ  ինձ համար եղել են արդյունավետ։   
Իմ գնահատմամբ՝ կարևորը միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղին սևեռելն է, իրազեկելը, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Շատ քիչ ժողովուրդներ, ինչպես նաև քաղաքագետներ կան, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում, որ գիտեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Ուստի հաճելի է այսօր այստեղ տեսնել այսքան փորձագետների, որոնք, հուսով եմ, կկարողանան քաղաքագետների ուշադրությունը սևեռել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության վրա։   
 
Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն.
- Այսպիսի միջոցառումները պետք է լինեն ինստիտուցիոնալ, այսինքն՝ մշտական գործող կոնֆերանսի կարգավիճակ ունենան՝ լինի դա Շարժման 25-ամյակ, թե մեկ այլ առիթ… Սա որևէ խնդիր չի առաջացնում զուտ կազմակերպական առումով։ Ընդհակառակը, այն դարձնում է փաստ՝ միջազգային հանրության համար առ այն, որ գոյություն ունեն, արդեն իսկ ճանաչված են չճանաչված պետությունները՝ որպես սուբյեկտ ոչ միայն միջազգային իրավունքի, այլև միջազգային հանրության։ Սա նորություն է, որովհետև երբ մենք քննում ենք` ինչ է նշանակում չճանաչված,  տեսնում ենք, որ դա կարգավիճակային և միջպետական հարաբերությունների մի ակտ է, իսկ այն, ինչ գոյություն ունի արդեն տարիներ շարունակ՝ գոյություն ունի նոր, որակական փոփոխությամբ։ Միշտ ընդունված է եղել, որ միջազգային հանրությունը բաղկացած է ճանաչված երկրներից։ Այսօր մենք տեսնում ենք, որ կան նաև չճանաչված երկրներ, որոնք մաս են կազմում, գործոն են լինում, իսկ որոշ դեպքերում լիդերություն են անում այն գործընթացի մեջ, որը մենք կոչում ենք մարդկության զարգացում։ 
Ինչ վերաբերում է գիտաժողովի մասնակիցների կազմին՝ այն նախանձելի է ոչ միայն աշխարհագրական առումով (տարբեր երկրներից մեծ թվով մասնակիցներ կան), այլև  մասնագիտական ուղղություններով, ինչը թույլ է տալիս ի վերջո վեր հանել, որ Արցախյան շարժումն ինքը բազմաչափ, բազմակողմանի մի երևույթ է, որի մասին չի կարելի դատել զուտ մեկ չափման մեջ։ Մենք տեսնում ենք այդ բազմաչափությունը,  որ ներհատուկ է ցանկացած այն գործընթացին, որն էական է, ոչ թե ձևական։ Եվ այս առումով ես ուրախ եմ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ մենք այսօր մասնակցում ենք մի գործընթացի, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման փաստերից մեկն է։ 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացված հակահայ հիսթերիային՝ ինձ վաղուց չեն հետաքրքրում նրանց արձագանքները։ Ես արդեն իսկ դարձել եմ ադրբեջանական ժողովրդի իրավունքների պաշտպանը։ Քանի որ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը, ոչ միայն վտանգ է ու սպառնալիք տարածաշրջանում ապրող բնիկ ժողովուրդների համար, այլև, առաջին հերթին,   վտանգ է հենց ադրբեջանցիների համար, քանզի մարդատյացության վերածվող հայատյացության քաղաքականությունը, նախևառաջ, վտանգ է այն մարդկանց համար, ովքեր իրենց ընդունում և ճանաչում են որպես ադրբեջանցի։ Ինձ հուզում է այն, որ նրանք մարդ էակ են, և նրանց պահել այդ վիճակում ու մղել դեպի մարդատյացություն, կարծում եմ, ավելի շատ խղճալու բան է։ Այնպես որ՝ կռահելի է, թե նրանք ինչպես կարձագանքեն Արցախում կազմակերպված գիտաժողովին։  
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ