[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ԶՍՊՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

SergeyMinasyan.jpgԱդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում է  փխրուն հրադադարի պահպանումը՝ շնորհիվ հայկական զույգ կողմերի հավասարակշռված կեցվածքի։ 
Հրադադարի ռեժիմի պահպանման գործընթացում հատկապես կարևորվում է հակառակորդի սադրանքներին ու դիվերսիաներին հարկ եղած դեպքում պատժիչ գործողություններով պատասխանելու, ասել է թե՝ նրան զսպելու  քաղաքականությունը, ինչը հերթական անգամ շեշտվեց ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ խորագրով ԼՂՀ ԱԺ-ում անցկացված միջազգային գիտաժողովում։
Բավականին ուշագրավ էր  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՙԶսպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՚ թեմայով զեկուցումը, որը պատրաստվել էր ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ։ Եվ չնայած,  զեկուցողի հաղորդմամբ, թեման իր բնույթով բավականին նեղ է, սակայն թույլ է տալիս պատկերացում կազմել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլում ստեղծված իրավիճակի մասին։        
Այդ իրավիճակն այլընտրանք չունի, քանի որ խոսքը գնում է ստատուս քվոյի մասին։ Ներկա պահին հակամարտության կողմերի միջև փոխզիջումը դարձել է անհնարին, իսկ նման իրավիճակի բացատրությունն այն է, որ  տեսականորեն հնարավոր  փոխզիջումները հատկապես չեն տեղավորվում հակառակ կողմի, այսպես ասած, ամենահամեստ ակնկալիքներում։ Ս. Մինասյանի բնորոշմամբ՝ նման իրավիճակը չի  կարող գոհացնել միջազգային հանրությանը, բայց միաժամանակ այդ հանրությունը գտնում է, որ ներկա ստատուս քվոն չարյաց փոքրագույնն է։ Ստատուս քվոյի  պահպանմանն ուղղված ռեսուրսները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, շարունակում են գոյություն ունենալ, սակայն արտաքին ակտորների, այսինքն` աշխարհաքաղաքականություն իրականացնող սուբյեկտների կողմից ճնշման ոչ մի ցանկություն չկա։ Զեկուցողի պարզաբանմամբ՝ պատճառն այն է, որ աշխարհաքաղաքականության կրողները հասկանում են, որ տևական խաղաղության հեռանկարի բացակայության պարագայում ցանկացած արտաքին ճնշում չի փոխի ստատուս քվոն դեպի լավը։ Իսկ գուցե ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվի։ 
Բանախոսն այնուհետև պարզաբանեց, թե ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում զսպման քաղաքականությունը, և մասնավորապես` ինչպես է այն իրականացվում ԼՂՀ-ի և  ՀՀ-ի կողմից։ Նախևառաջ՝ այդ քաղաքականությունը ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և այլ միջոցների ամբողջություն է՝ նպատակաուղղված  հարևան պետության մոտ այն համոզմունքի ձևավորմանը, ըստ որի՝ հնարավոր չէ ռազմական մեթոդներով փոխել առկա  ռազմաքաղաքական իրողությունները։ Այս տեսանկյունից կարևորվում են հայկական կողմերի նպատակները կոնվենցիոնալ զսպման շրջանակներում. ասել է թե՝ զսպում ինչպես սովորական սպառազինության, այնպես էլ քաղաքական ու դիվանագիտական ճնշումների օգնությամբ, հիմք ընդունելով նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջ քաշված՝ ուժի չկիրառման սկզբունքը։ Վերջինս, համահունչ լինելով միջազգային հանրության մոտեցումներին, ենթադրում է այնպիսի պայմաններ, որոնք պոտենցիալ ագրեսորի համար միանշանակ կմեծացնեն պատերազմի քաղաքական, ռազմական, տնտեսական, ինչու չէ, նաև զգայական գինը։ Այլ խոսքերով, Ադրբեջանը պիտի իմանա, որ պատերազմական գործողություններ վերսկսելու որոշում կայացնելու դեպքում ինքը   կարող է ակնկալել միայն հսկայական մարդկային ու տնտեսական կորուստներ։ 
Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց ղարաբաղյան հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զսպման քաղաքականության երկու հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ զսպում պատժելու միջոցով, երբ հայկական զինված ուժերը  հնարավորություն ունեն զգալի հարված հասցնել Ադրբեջանի տնտեսական ու էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ակնհայտ է, որ այդ երկիրն այս առումով ավելի խոցելի է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն այն կորուստներին, որոնք ադրբեջանական կողմը կունենա ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Դա կանդրադառնա այդ պետության կենսունակության վրա՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Հարևան պետության տնտեսությունը, ինչպես հայտնի է, խարսխված է  էներգետիկ ռեսուրսների վրա։ Զսպման քաղաքականության մյուս բաղադրիչն այն է, որ հայկական կողմերը կարող են զուտ ռազմական միջոցներով հակառակորդին դնել այնպիսի պայմանների մեջ, որոնք թույլ չեն տա նրան հասնել իր նպատակին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղին տիրանալ ռազմական ճանապարհով։ 
Առավել քան ակնհայտ է, որ հայկական և ադրբեջանական կողմերը գտնվում են տրամագծորեն հակառակ իրավիճակներում, շեշտեց բանախոսը։ Պատերազմում հաղթելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է տիրանալ Լեռնային Ղարաբաղին ամբողջությամբ։ Հնարավոր ռազմական գործողությունների ցանկացած այլ արդյունք՝ մեկ շրջանի կամ մեկ գյուղի գրավում և այլն. քաղաքական տեսանկյունից կնշանակի Ադրբեջանի իշխող վերնախավի ինքնաոչնչացում։ Հայկական կողմերին հաղթանակի հասնելու համար բավական է միայն դիմակայել։ 
ՀՀ¬ն և ԼՂՀ¬ն, քաղաքագետի խոսքերով, զսպման քաղաքականություն են իրականացնում գրեթե երկու տասնամյակ, ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ աշխարհագրական բարենպաստ պայմանների առկայությունը, և բացի այդ, նշված ժամանակահատվածում ամրաշինական կառույցների գծի ամրապնդումը երկակի-եռակի ավելի է դժվարացնում ռազմական գործողությունների վերսկսումը  Ադրբեջանի համար, քանի որ ճակատային գրոհի ձեռնարկումը նման ամրացված դիրքերին նրան անհամեմատ մեծ կորուստներ կպատճառի։  
Վերջին տարիներին սպառազինությունների մրցավազքն ակտիվացնելով՝ ադրբեջանական կողմը ձգտում էր լուծել խնդիրը ոչնչացման նոր հեռահար համակարգերի ձեռք բերման ճանապարհով։ Նրա հաշվարկներով՝ դա թույլ կտա վարել, այսպես կոչված, դիստանցիոն պատերազմ։ Սակայն հայկական զինված ուժերում որոշ զինատեսակների արդիականացումն Ադրբեջանին արդեն իսկ զրկել է նման հաճույքից։ Այս դեպքում Ադրբեջանի համար հասկանալի է, որ ինքը կանգնած է երկընտրանքի առաջ. եթե սկսի ռազմական գործողություններ և հաշվարկներ անի ոչնչացման հեռահար համակարգերի վրա, բնականաբար, առաջ կբերի պատասխան հարված առաջին հերթին ԼՂՀ-ի կողմից, որն իր տարածքից համարժեք ուժ կգործադրի հակառակորդի նկատմամբ` հարված հասցնելով նրա էներգետիկ-տնտեսական ենթակառուցվածքներին։ Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի նման միջոցների օգտագործումից, կկանգնի առավել տհաճ հեռանկարի առաջ. ճակատային բախման արդյունքը կլինեն տասնյակ հազարավոր մարդկային կորուստները։ Ս. Մինասյանի խոսքերով՝ այդ երկու տարբերակների ընտրությունը շատ ծանր է, այդ իսկ պատճառով Ադրբեջանի ղեկավարությունն ընտրեց այն, ինչ ընտրել էր նախորդ տարիներին. շարունակել սպառազինության մրցավազքը՝ հենվելով իր էներգետիկ ռեսուրսների վրա, հույս ունենալով, որ այդ ճանապարհով կկարողանա ֆինանսապես և տնտեսապես հյուծել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, ինչը, նրանց պատկերացմամբ, կհանգեցնի միակողմանի զիջումների։ 
Կա մեկ խնդիր ևս. ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի կառուցվածքը, կարելի է ասել, ասիմետրիկ է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. հաշվի առնելով ՌԴ-ի հետ ռազմական ու ռազմավարական փոխհարաբերությունները, ՀՀ-ն հնարավորություն ունի լրացնել բացը դաշնակցային հիմքով դրսից կատարվելիք մատակարարումների հաշվին։ Հասկանալի է նաև, որ այս հարթությունում նույնպես կան մտահոգություններ. Ռուսաստանը շուկայականից ավելի բարձր գներով զենք է վաճառում Ադրբեջանին։ Այս հարթությունում էլ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտությունն այն ռեսուրսն է, որը հնարավորություն է ընձեռում պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, ուստիև՝ նա հարկադրված է  փոխհատուցման կարգով մատակարարումներ անել Հայաստանի զինված ուժերին, ինչն իր ազդեցությունն է ունենում ղարաբաղյան հակամարտության մեջ հաշվեկշռի պահպանման վրա։ 
Քաղաքագետի պարզաբանմամբ՝ այդ կառուցվածքը գործում է և հնարավորություն է  տալիս խուսափել ռազմական մրցավազքով պայմանավորված ծախսերից։ 
Արդյունքում առկա է հետևյալ իրավիճակը. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրականացնում են զսպման քաղաքականություն, որը թույլ է տալիս պահպանել ստատուս քվո, փխրուն հրադադար։ Գլխավոր արդյունքը հայկական կողմերի համար ժամանակի շահումն է՝ խաղաղ զարգացում ապահովելու նպատակով, ինչը հեռանկարում կնպաստի երկու կարևոր խնդիրների լուծմանը։ Առաջինը հենց պատերազմի վերսկսումը խոչընդոտելն է և միջազգային հանրության ակտիվ աջակցությամբ ներկա բանակցային ձևաչափի պահպանումը։ Դա իր հերթին կհանգեցնի հակամարտության ըմբռնման փոխակերպման. կտրվի հակամարտության իրական գնահատականը, ինչը հույժ կարևոր է միջազգային հանրության ընկալումներն առավել անաչառ դարձնելու տեսանկյունից։ 
Հակամարտության ըմբռնման ու նրա նկատմամբ ադրբեջանական մոտեցումների փոխակերպման կարիքն առավել շատ զգում է հենց ադրբեջանական հասարակությունը։  
         
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ