Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

1391711_652673534753495_1612510537_n.jpgՆոյեմբերի  9-ին Ստեփանակերտում տեղի ունեցան քննարկումներ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ։ Հրավիրված էին  ՀՀ և ԼՂՀ քաղաքական ու հասարակական գործիչներ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, լրագրողներ, ուսանողներ։ Միջոցառումը կազմակերպել էր ՙԴեմոկրատիայի  դպրոց՚  կազմակերպությունը՝  Ամերիկյան  դեմոկրատիայի  ազգային հիմնադրամի հետ համատեղ։ Հանդիպման  բանախոսներն էին ՙՀամագործակցություն հանուն ժողովրդավարության՚ ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը, քաղաքագետներ Մանվել  Սարգսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Հայ ազգային  կոնգրեսը ներկայացնող Վլադիմիր Կարապետյանը։ 
Նման  նախաձեռնության համար  հիմք է հանդիսացել վերջին շրջանում  արցախյան  հիմնահարցի  շուրջ համացանցում  շրջանառվող տեղեկատվությունը և, ինչպես բանախոսներն իրենք  են ասում, ՙտարածաշրջանում  նախանշվող  նոր  զարգացումները՚։  Քննարկումներում  տեղ են  գտել Ղարաբաղյան  շարժման տարբեր  ժամանակաշրջանները,  այդ ընթացքում արձանագրված  պատմական  հաղթանակներն  ու բացթողումները,  արծարծվել են նաև  վերջին շրջանում  տարածաշրջանում տեղի  ունեցող  դեպքեր՝ Հայաստանը Մաքսային  միությանն անդամագրվելու  քաղաքական  որոշում, Եվրոպայի հետ համագործակցություն,  Զորի Բալայանի  հայտնի բաց նամակը ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, Շանթ  Հարությունյանի հետ կապված միջադեպը Երևանի  կենտրոնում  և  այլն։ Նշված հարցերի  շուրջ կարծիքները միանշանակ  չէին. այս ամենի  մեջ քաղաքագետ  Մ. Սարգսյանը դրական միտումներ է տեսնում։  Ծավալվող  բուռն քննարկումներն այդ բոլոր հարցերի  շուրջ, ըստ նրա, նշանակում են, որ հասարակությունն անտարբեր չէ սեփական  երկրի ճակատագրի հանդեպ, և  վերջին հաշվով  ժողովուրդն ինքն է որոշում, թե ինչպես  է ուզում  ապրել։ 
Ուղղակի, նրա խոսքերով, փորձելով քննադատել կամ  արդարացնել որևէ գործչի  քաղաքական  դիրքորուշումն  ու քայլերը, պետք է ուսումնասիրել  ինչպես  տվյալ անհատի վարքագիծը,  բնավորությունն  ու քաղաքական հայացքները, այնպես էլ երկիրն ու տարածաշրջանը։  Որովհետև  այդ ամենը  փոխկապակցված է և հաճախ  ընտրության  տեղ չի թողնում։ 
Քաղաքականության մեջ ցանկացած երկիր անվտանգ է, երբ խոսում է ուժի   դիրքերից, և ցանկացած երկիր երբ ուժեղ է, քաղաքականության մեջ  հանդես է գալիս սեփական շահի տեսանկյունից։ Եվ սա բնական է. Մանվել  Սարգսյանի  տեսանկյունն այս է։ Ըստ նրա՝ այլ հարց է, թե նման իրավիճակում  ինչպես պետք է  պահի երկիրն իրեն, եթե գտնվում է համեմատաբար թույլ դիրքում։
Բանախոսների մի մասի կարծիքով, Արցախում քաղաքացիական  նախաձեռնությունը  թույլ է, իսկ հասարակությունը՝ պասիվ։ Նրանց  խոսքերով, ԼՂՀ ներկա  կարգավիճակում, երբ փաստորեն աշխարհը դեռևս չի ճանաչել նրա  անկախությունը, հասարակության ձայնը կարող է ավելի ծանրակշիռ լինել, քան  իշխանություններինը, և այս հնարավորությունը պետք է օգտագործել և առավել ակտիվացնել հասարակական սեկտորը։ Կարծիք հնչեց նաև, որ արցախյան հասարակությունը  և հատկապես երիտասարդությունը մի քիչ անտարբեր է Հայաստանի  համեմատությամբ, քանի որ  ներքին  քաղաքականությանն առնչվող գործընթացներին գրեթե չի արձագանքում։  
Այս ամենին  իր կարծիքով հակադրվեց  ԼՂՀ  ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան շարժման ակունքներում  կանգնած Արկադի Կարապետյանը, ով  նշեց, որ մեր հասարակությունը  բոլորովին էլ անտարբեր  չէ, վճռական  պահերին նա միշտ էլ ասել է իր  կտրուկ  խոսքը, և ասածը  հիմնավորեց   պրակտիկայում  արձանագրած բազմաթիվ օրինակներով։ ՙՀասարակությունը  միշտ էլ նույնն է. Արցախի  համար  վճռական պահերին էլ եղել են մարդիկ,  ովքեր  կողմ չեն եղել  Շարժման  որդեգրած  գաղափարներին։ Բայց դա չի խանգարել, որ ի  վերջո համախմբվեն, և նույնիսկ  նրանցից ոմանք  այսօր  հերոսի կոչում ունեն՚,- ասաց Ա. Կարապետյանը։ Ռուսամետ  ու եվրոպամետ հասարակության  մասին  քննարկումների  վերաբերյալ  կարծիք  հայտնելով՝ նա ասաց, որ  իր համար կարևոր  չէ, թե այստեղ  ով ում շահերն է ներկայացնում, քաղաքականության  մեջ ով ում կողմից է խաղում, ում կողմից է գումարներ ստանում, կարևոր է, որ ինքն ուզում է ապրել ազատ երկրում։ ՙԻ վերջո, սա  է խնդիրը,  որ մենք  ուզենանք պահպանել մեր ձեռք բերածը, ուզենանք  ազատ ապրել և դրա համար  պատրաստ լինել ցանկացած  զոհողության՚,- ասաց Ա Կարապետյանը։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ