ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ամերիկյան դատարանի շենքը անվանակոչվել է նահանգապետ Դեքմեջյանի անունով
Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանն իրենց ձեռքբերումների համար:
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը:
Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական, և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:
Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում Գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:
Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆոռնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83թթ.), տասներկու տարի՝ նահանգային սենատոր (1967-1979թթ.) և Սենատի մեծամասնության առաջնորդ (1969թ.), և չորս տարի՝ նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ Ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆոռնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, նա այդ տարի կարող էր ընտրվել փոխնախագահ, նախագահ Բուշի հետ միասին: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:
Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի, Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Նահանգային օրենսդիր պալատի, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները, Լոնգ Բիչի քաղաքապետը և Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցությունը:
Դեքմեջյանի անվան ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճներ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով ապահովված գործնական հանրային տարածքներով` բիզնեսի արդյունավետ վարման և ողջ շենքում մարդկանց տեղաշարժման համար:
Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը ՙ1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով…. Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության միջոցով՚:
Նահանգապետ Դեքմեջյանը ծննդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը՝ Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը՝ Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:
Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆոռնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել որպես նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարանի շենք: ՙԱյս որոշումն արտացոլում է զույգ կուսակցությունների հարգանքն ու աջակցությունը՚, որ նահանգապետը վայելում է ՙայս ամբողջ երկրի և նահանգի կողմից՚, հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:
Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը՝ շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:
ՙԱյնքան շատ խմբեր են վարպետորեն միավորվել իրենց տաղանդով ու փորձով՝ դատարանի իսկապես արտակարգ նոր շենքը Լոնգ Բիչում կառուցելու համար՚, հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը: ՙՍա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է դրա հետ՚: Նա անվանակոչության արարողությունն անվանեց ՙհրաշալի, հուզիչ և խոնարհեցնող դափնեպսակ իմ կյանքում և պետական ծառայության կարիերայում՚:
Նահանգապետ Դեքմեջյանը զվարթ տրամադրությամբ ինքն իրեն թերագնահատող ելույթ ունեցավ՝ իր հանրահայտ ՙխարիզմայի բացակայության՚ և երկար ազգանվան մասին, որը երբեք չի մտածել փոխել կամ կրճատել: ՙԻմ միակ մտահոգությունն այն էր, որ իմ անունը չի տեղավորվի՚ դատարանի շենքի վրա, կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:
Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար ապագա նվաճումների համար:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր