[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԶՍՊՈՂԻ ԴԵՐ

1364884525_muradyan_igor_cr.jpgԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցի կոնֆերենց-սրահում տեղի ունեցավ հասարակայնության հանդիպումը քաղաքագետ, վերլուծաբան, Ղարաբաղյան շարժման մեջ ծանրակշիռ դերակատարություն ունեցած քաղաքական գործիչ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։ 
Բանախոսի դիտարկումները մի շարք տարածաշրջաններում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ, պետք է ասել, լսարանի համար մեծ հետաքրքրություն էին ներկայացնում։ 
Նա իր վերլուծությունն սկսեց Թուրքիայից, որը Միջին Արևելքում դարձել է մակրոտերություն՝ տնտեսական ու քաղաքական առումներով բավականին հաջողակ։
Այդ երկիրը գրավել է նոր դիրքեր ու նոր շուկաներ՝ նոր գործընկերներով հանդերձ։ Դրա հետ կապված` սկսվել է նրա ընդլայնման քաղաքականությունը, ընդ որում,  վերջինս պետք է հասկանալ ոչ թե տարածքների զավթման, այլ ազդեցության ուժեղացման իմաստով, ինչը և հարուցել է Արևմուտքի և առաջին հերթին` ԱՄՆ-ի մտահոգությունը։ ԱՄՆ-ն բավականին երկար ժամանակ Թուրքիային համարում էր իր հուսալի դաշնակիցը ու նրա հավակնոտ հայտարարություններին հատուկ ուշադրություն չէր դարձնում, և միայն Իրաքի պատերազմը նրան համոզեց, որ Թուրքիան այն չէ, ինչ իրենք են պատկերացնում։ 5-7 տարի պահանջվեց, որ Վաշինգտոնը որոշակի հայեցակարգ մշակի առ այն, թե ԱՄՆ-ն Թուրքիային ինչպիսի գործընկեր է ընդունում և, հետևաբար, ինչ քաղաքականություն պետք է վարել։ Ի. Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2006թ. Վաշինգտոնում այդ խնդրի շուրջ բանավեճ սկսվեց, որին մասնակցում էին ամերիկյան գրեթե ողջ վերլուծական ընկերակցության, հայտնի ուղեղային կենտրոնների և մամուլի ներկայացուցիչներ։ Տեսակետները տարբեր էին, արդյունքում բանավեճի մասնակիցները հույս հայտնեցին, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան իրենց նախկին մակարդակին։ 2010 թվականին, սակայն, պարզ դարձավ, որ վերադարձ չի լինի։ Հետաքրքիրը, քաղաքագետի գնահատմամբ, այն է, որ Թուրքիան ոչ միայն չի կամենում հեռանալ ԱՄՆ-ից, այլև ձգտում է օգտվել գործընկերային հարաբերություններից՝ կյանքի կոչելու իր տարածաշրջանային ծրագրերը։ Սա, իհարկե, ընդունելի չէ ԱՄՆ-ի համար. նրան պետք չէ ունենալ դաշնակից, որը ձգտում է ինքնուրույնության։ 2010-ի սահմաններում թուրք-ամերիկյան հարաբերությունները կարելի էր ներկայացնել որպես կայուն լարված գործընկերություն։
Ամերիկացիները Թուրքիային զսպելու և նրա հավակնությունները սահմանափակելու հստակ ծրագիր ունեն։ Նրանք շրջափակել են Թուրքիայի զավթողական նկրտումները Բալկաններից մինչև Չինաստանի սահմանները։ Բանախոսի բնորոշմամբ՝ դա հանճարեղ ծրագիր է, և այս իմաստով բոլոր խոշոր տերությունները նրանից սովորելու բան ունեն։ Չխանգարել Թուրքիային, թույլ տալ նրան իրականացնելու ընդլայնման իր ծրագիրը բոլոր ուղղություններով՝ Բալկաններ, Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա. սա է քաղաքականության իմաստը։ Արդյունքում պարզվել է, որ Թուրքիային շրջապատող պետություններին սկսել է մտահոգել նրա արտաքին քաղաքականությունը՝ հարուցելով դժգոհություն։ Այդ երկրներն սկսել են անել ամեն ինչ՝ կանխելու Թուրքիայի ազդեցության աճը, անշուշտ, այս գործընթացում ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը։
Մերձավոր Արևելքում Թուրքիան ակնհայտորեն ցուցադրեց նեոօսմանիզմի իր նկրտումները՝ չկարողանալով գործընկերային հարաբերություններ պահպանել տարածաշրջանի և ոչ մի պետության հետ։ Մերձավոր Արևելքում վճռվում է նեոօսմանիզմի ճակատագիրը։ Դա սունիական աշխարհի կենտրոնն է, որտեղ Թուրքիան իրեն առաջնորդ է տեսնում։
Դիտարկելով արաբական աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունները՝ քաղաքագետն ասաց, որ մի ժամանակ արաբական աշխարհը ողջունում էր Թուրքիայի քայլերը, հատկապես Իսրայելի և Պաղեստինի նկատմամբ, սակայն դա անցողիկ էր։ Սիրիական ճգնաժամը որոշ բացահայտումներ արեց. ցույց տվեց Թուրքիայի հնարավորություններն ու անկարողությունը մի շարք հարցերում։ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին օգտագործել` իրականացնելու իր ռազմական ծրագրերը, բայց դա նրան չհաջողվեց։ Ցամաքային ներխուժում Սիրիայի տարածք տեղի չունեցավ այն պատճառով, որ դրան միանալու էր Թուրքիան, ինչը և վկայում է ԱՄՆ-ի զգուշավոր քաղաքականության մասին։
Արաբական պետությունների շարքում բանախոսն առանձնացրեց Եգիպտոսին, որը, հակառակ իր քաղաքական անկայուն վիճակի, խիստ հապճեպ հանդես եկավ Թուրքիայի  հավակնությունների դեմ Մերձավոր Արևելքում՝ ցույց տալով, որ ինքը Թուրքիայի կարիքը չունի։ Սիրիայի հարցում իրավիճակը պարզ է. ներկա դրությամբ չկա մի արաբական պետություն, որը կողջունի Թուրքիայի ջանքերն այդ ուղղությամբ։ Ի. Մուրադյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների նկատմամբ կայանում է իր ռազմաքաղաքական ներկայությունը սահմանափակելու մեջ և, որպես այդ սահմանափակման փոխհատուցում, նա առաջ է քաշում ուժերի հավասարակշռությանը միտված ծրագրեր։ Այս հարթությունում պետք է դիտարկել իրանա-ամերիկյան հարաբերությունները, որոնց բարելավմանն ուղղվված քայլերն ունեն իրենց ենթատեքստը. իրականում ԱՄՆ-ն ձգտում է հավասարակշռել ուժերը սունիների և շիաների միջև` այդ կերպ իրականացնելով իր գլոբալ ծրագիրը։
Անդրադառնալով Սիրիա-Ռուսաստան հարաբերություններին՝ Ի. Մուրադյանն ասաց, որ ՌԴ-ն միջազգային ասպարեզում խաղացել է այն դերը, ինչը նրան վերապահել են ամերիկացիները։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ներկայությունը չի լինելու ո՜չ Լիբանանում, ո՜չ Իրաքում և ո՜չ էլ մեկ ուրիշ տեղ, քանի որ, ինչքան էլ պարադոքսալ թվա, ստեղծվում է դաշինք ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Այսպիսին է համաշխարհային զարգացումների դինամիկան։
Վերլուծաբանի կարծիքով՝ փոխվել են ԱՄՆ-ի նպատակները Կովկասում։ Եթե ցայսօր Հարավային Կովկասը դիտվել է որպես նավթի, գազի կամ ռազմամթերքի փոխադրման տարանցիկ գոտի, ապա այժմ իրավիճակն այլ է։ Ադրբեջանական նավթը վաղուց ապաքաղաքականացված է, և Կովկասն իր հերթին ապաքաղաքականացվում է։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և մյուս էներգանախագծերը կորցնում են իրենց նշանակությունը։ Ադրբեջանում էներգակիրների պաշարների սպառումը սարերի ետևում չէ։ Գազի նշանակությունը որոշակիորեն կարող է պահպանվել։ Հարավային Կովկասը դառնում է եվրոպական, ավելի լայն իմաստով՝ եվրաատլանտյան անվտանգության մի բաղկացուցիչ։ 
Այս գործընթացներում Հայաստանի դերն այն է, որ իր հերթին իրականացնելու է Թուրքիային զսպելու քաղաքականություն, ինչը պայմանավորված է հայկական հարցով։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա իր հետևանքները. ԱՄՆ-ն Հարավային Կովկասում Հայաստանին սկսել է դիտել ոչ թե Ռուսաստանի հավակնությունների, այլ Թուրքիային զսպելու պրիզմայով։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Դա ոչ այնքան հաճելի հեռանկար է՝ անվտանգության տեսանկյունից, սակայն ապահովում է Հայաստանի ակտիվ քաղաքականությունը և նրա ակտիվ հարաբերությունները միջազգային հանրության հետ, եզրակացրեց բանախոսը։ 
Ռուսաստանի հաշվարկներն այս իրողությունների համապատկերին բավականին գրագետ էին։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները ոչ այնքան ընդգծված ուշադրությամբ էր վերաբերվում Արևելյան գործընկերությանը, ինչը և հաշվի առնվեց ՌԴ-ի կողմից։ ՀՀ նախագահի` սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին Ի. Մուրադյանը քաղաքական աղետ է համարում։ Նրա խոսքերով՝ ամենաարժեքավորն աշխարհում ինքնիշխանությունն է, աշխարհը գերադասում է գործ ունենալ ինքնիշխան պետության հետ։ 
Ելույթի ավարտին նա արտահայտվեց նաև երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերի մասին։ Եվ քանի որ քննարկումներն այդ թեմայի շրջանակներում էին ընթանում, բանախոսը հակիրճ ներկայացրեց իր դիրքորոշումը և ապա գնահատական տվեց Արցախի քաղաքական դաշտին՝ համարելով այն ոչ լիարժեք։
Շարադրելով Ի. Մուրադյանի վերլուծություններն աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ, հարկ ենք համարում անդրադառնալ նրա այն մտքերին, որոնք անմիջականորեն կապված են Արցախի կարգավիճակին և  ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի փաստացի արդյունքներին։ Հարգելով Ի. Մուրադյանին՝ որպես Ղարաբաղյան շարժման մեջ մեծ առաքելություն իրականացրած մարդու, հարգելով նրա վերլուծական միտքը, պարտավոր ենք մեր անհամաձայնությունը հայտնել, նախևառաջ, նրա այն տեսակետի առնչությամբ, համաձայն որի՝ Կոսովոն ԼՂՀ-ի համեմատ ավելի կայացած անկախ պետություն է։
Վկայակոչենք հենց Արևմուտքի քաղաքական վերլուծաբաններին, ովքեր մշտապես ընդգծում են, որ այդ երկրի գոյությունը պայմանավորված է Արևմուտքի շահերով, այսինքն՝ Կոսովոն անկախ պետություն հայտարարելը զուտ աշխարհաքաղաքականության դրսևորում է։ Այդ քաղաքագետները գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնողներն աչքի առաջ պիտի ունենան Կոսովոն՝ որպես նախադեպ։ Հավելենք մեկ փաստ ևս. Կոսովոյի անկախությունը ճանաչել են Եվրամիության անդամ մի շարք պետություններ, ինչը ևս քաղաքական նպատակադրվածության վառ վկայություն է։ Միանգամայն այլ հարց է, թե ինչ պայմաններում է զարգանում Կոսովոն. շրջապատված լինելով եվրոպական զարգացած պետություններով և ունենալով նրանց հետ գործընկերային հարաբերություններ, բնականաբար, այդ երկիրն ավելի արագ տեմպերով առաջ ընթանալու, ժողովրդավարական գործընթացները խորացնելու հնարավորություն ունի։
Հարկ է մեջբերել նաև Ի. Մուրադյանի մեկ այլ միտք. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ավարտին ղարաբաղյան բանակը համաձայնվեց դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ հոգնած էր և չէր ուզում շարունակել։ Այսպես արտահայտվում են նաև միջնորդները, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում ձգտում են հավասարության նշան դնել հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Դա ընդամենը դիվանագիտական հնարք է։ Բայց անգամ դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, ով քաջատեղյակ է պատերազմի բոլոր փուլերում ստեղծված իրավիճակներին, ստիպված էր խոստովանել, որ հայկական զինված ուժերն ի վիճակի էին հասնել մինչև Քուռ գետը։ Ինչպես գիտենք, հրադադարի մեջ շահագրգռված էր Ադրբեջանը, որտեղից ռազմական գործողությունները կանգնեցնելու մասին մի քանի անգամ առաջարկ է ուղղվել պաշտոնական Ստեփանակերտին։
Կարծում ենք` հարգարժան բանախոսը ոչ միայն չպիտի անտեսի այս իրողությունները, այլև միջազգային հարթակներում իր ելույթների ժամանակ բացատրի, որ հիմնախնդրի արդարացի կարգավորման հասնելու համար հարկ է հաշվի նստել պատերազմի փաստացի արդյունքների հետ։
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ