Logo
Print this page

ՂԱՐԱԲԱՂԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԼՂՀ Նախագահի հետ հանդիպման ավարտին ԵԱՀԿ միջնորդները պատասխանել են լրագրողների հարցերին:
Համանախագահները ժամանել են ամբողջական կազմով եւ լավատեսության մեծ պաշարով: Իգոր Պոպովը մանրամասնում է. մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Բակո Սահակյանին տեղեկություններ են փոխանցել ՀՀ և ԱՀ նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման մասին: 
Այն որոշումների մասին, որոնք այնտեղ ընդունվել են: Ներկայացրել են Կիեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով տարվող աշխատանքների մանրամասները:  Նաեւ` առաջիկա անելիքները, որոնք բավական ինտենսիվ են լինելու հենց տարեսկզբից:
Լրագրողներն ամերիկացի համանախագահին հարց ուղղեցին լրատվամիջոցներում հայտնված նրա այն դիտարկման մասին, թե ինչ-որ փուլում հնարավոր է Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին: Ջեյմս Ուորլիքը չի ժխտում՝ ասել է: Պարզաբանում է՝ ինչ է նկատի ունեցել. ՙՄենք ակնկալում ենք, որ եթե Թուրքիան ցանկանա որեւէ դերակատարություն ունենալ, այդ դերակատարությունը դրական պետք է լինի բոլորի համար, տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման համար: Ուզում եմ ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ՚:
Արդյո՞ք բանակցությունների լիարժեք ձեւաչափը, ավելի պարզ՝ դրանց  Արցախի մասնակցությունը վերականգնելու ժամանակը չէ: Հարցին, արդեն ավանդույթի ուժով, ռուս համանախագահ Իգոր Պոպովն է պատասխանում. ՙՈրոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթացի մեջ, քանի որ, վերջին հաշվով, որոշվում է հենց այստեղ ապրողների ճակատագիրը: Կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքն ավարտելուց հետո, երբ փոխհասկացողություն լինի, թե դեպի ուր ենք շարժվելու, հնարավոր է՝ այս հարցն օրակարգ  մտնի՚:
Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության նախագահն անընդունելի է համարում բանակցային գործընթացին կեսից միանալը, երբ արդեն որոշակի կետեր համաձայնեցված կլինեն՝ Իգոր Պոպովը պատասխանում է, որ Ստեփանակերտն այսօր էլ բանակցային գործընթացից դուրս չէ.ՙԼեռնային Ղարաբաղ մեր այցերը, Բակո Սահակյանի հետ հանդիպումները ըստ էության նշանակում են նրա ընդգրկումը ընթացող քննարկումներին: Մենք քննարկում ենք նաեւ այն էական հարցերը, որոնք քննարկվում են նախագահների հանդիպումների ընթացքում՚:
Համանախագահների լավատեսության պես անփոփոխ է նաեւ իրավիճակն առաջնագծում. հրադադարի ռեժիմը հաճախակի խախտվում է: Միջնորդները շարունակում են խաղաղասիրության կոչերը՝ կողմերի միջեւ հավասարության նշան դնելով: ՙՑավոք, ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կցանկանայինք. մարդիկ են զոհվում: Ճիշտ է, զոհերի թիվը նկատելի նվազել է, բայց ամեն մի կորուստը մեծ ցավ է՚,- ընդգծում է ռուսաստանցի համանախագահը:
Առաջնագծում տիրող իրավիճակն ավելի ուշ միջնորդները քննարկել են նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ: Տարածաշրջանային այցի արդյունքների մասին հայտարարությունն էլ կանեն ավելի ուշ: Իսկ մինչ այդ հասցրել են Ստեփանակերտի գլխավոր տոնածառով հիանալ:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.