[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ-Ն ԿՄԻԱՆԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ  Սերգեյ ՂԱԶԱՐՅԱՆԸ  տարեմուտին մեր ընթերցողներին է ներկայանում հանձնաժողովի գործունեության, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ իր դիտարկումներով ու տեսլականով։
Միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից տարվա կտրվածքով նա կարևորում է ԼՂՀ ԱԺ-ի և Ֆրանսիայի ու Լիտվայի խորհրդարանների միջև պատգամավորական խմբերի ձևավորման փաստը՝ ասելով, որ դա պետք է համարել նշանակալից իրադարձություն մեր արտաքին քաղաքականության բնագավառում։ 
Մեր խորհրդարանը ևս մեկ հարթակ ձեռք բերեց՝ ներկայացնելու իր դիրքորոշումը։ Հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով` սկսվել է միջխորհրդարանական կապերի զարգացման բավականին լուրջ գործընթաց, որն, անտարակույս, իր զարգացումը կունենա հետագայում՝ բարեկամ պետությունների հետ համագործակցության խորացման և նմանատիպ խմբերի ձևավորման առումով։ Խորհրդարանական դիվանագիտությունը մեծ հնարավորություններ է ընձեռում՝ արտաքին աշխարհում ներկայացնելու ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև համապատասխան գործընթաց ծավալելու միջազգային իրավական ճանաչման ուղղությամբ։ Այս հարթությունում անելիքները շատ են։ Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մեկ ուշագրավ կողմ ևս. շփումները տարբեր պետությունների խորհրդարաններում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց դիրքորոշումները տարբերվում են պաշտոնականից, և որոնք հաճախ, ի հեճուկս իրենց պետական ղեկավարության, կարող են լավագույնս հիմնավորել Արցախի հետ համագործակցությունը, մեզ համար դրական նշանակություն ունեն։ 
Ս. Ղազարյանը, վկայակոչելով  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Ստեփանակերտում կայացած համատեղ նիստը, նշեց, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային տարբեր կազմակերպություններում ներկայացված պատվիրակությունները, նախքան այդ կազմակերպությունների միջոցառումներին ներկայանալը, ժամանում են Արցախ և այստեղ քննարկում ղարաբաղյան կողմի դիրքորոշումը։ Հայաստանի և Արցախի հանրապետությունների խորհրդարանականների համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվում է միասնական, ընդհանրացված տեսակետ։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին՝ խորհրդարանականն իր հերթին ընդգծեց բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անմիջական մասնակցության անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով՝ Արցախն, ի գիտություն միջազգային հանրության, բազմիցս հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքներն իր համար անընդունելի են, այդ իսկ առումով միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդիրն առավել ընկալելի դարձնելու, ինչպես նաև  արդարացի կարգավորման հասնելու նպատակով անհրաժեշտ է մեկտեղել մեր հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության, քաղաքական և հասարակական ուժերի ջանքերը։ 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրենսդրական գործունեության մասով նա ուշադրություն հրավիրեց վերջերս  հանձնաժողով մուտք գործած օրենքի նախագծին, որով նախատեսվում է ԼՂՀ-ի միացումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաներին։ Նախագիծը ներառում է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիան, ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚, ՙՏնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին՚, 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագրերի ու դրանց կից արձանագրությունների իրավազորությունը ճանաչելու մասին՚ միջազգային փաստաթղթերը։ Գործընթացն սկսված է. քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ՝ ՀՀ խորհրդարանից և Սահմանադրական դատարանից։ Որոշակի վերլուծության ենթարկելուց հետո պարզ կդառնա, թե մեր հանրապետությունն ինչպես  կմիանա  դրանց, ինչ մեխանիզմներով և այլն։ Բնականաբար, մեր կողմից չեն ընդունվի հիշյալ փաստաթղթերում առկա այն դրույթները, որոնք չեն համապատասխանում մեր իրականության պահանջներին։    
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վերջերս հանձնաժողով է մտել նաև ՙՄիջազգային պայմանագրերի մասին՚ օրենքի նախագիծը, որի ընդունումը մեծ նշանակություն կունենա արտաքին քաղաքական հարթությունում։ 
Ս. Ղազարյանը կարևոր իրադարձություն է համարում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, որը փաստորեն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Մեր զրուցակցի կարծիքով, այդ հանգամանքը որոշ չափով կզսպի Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը։ Այդ համատեքստում էլ նա դիտարկեց ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունը. ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է մնալ  ռազմաքաղաքական դաշնակից տարածաշրջանում։ Խորհրդարանականի կարծիքով՝ շատ կարևոր է, որ մենք լուրջ քննարկումներ սկսենք, թե Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններում ինչ տեղ ու դեր է վերապահվելու Լեռնային Ղարաբաղին, և թե տնտեսական առումով ինչ նշանակություն է ունենալու մեզ համար։ Չի կարելի ասել, թե ՄՄ-ին միանալու մեջ պետք է տեսնել միայն դրական կողմեր։ Ս. Ղազարյանը նման իրավիճակը միանգամայն բնական է համարում։ Նրա համոզմամբ՝ հնարավորինս շուտ պետք է սկսել այդ ուղղությամբ քննարկումները՝ հստակեցնելու, թե ինչն է մեզ համար ընդունելի և ինչը՝ ոչ, և, ընդհանրապես, պետք է պատրաստ լինել հետագա զարգացումներին։ 
Անցած ամսում հանձնաժողովի փոխնախագահը Մոսկվայում մասնակցում էր Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված գիտաժողովին, որը նախաձեռնել էր ԱՊՀ երկրների ինստիտուտը։ Շփվելով քաղաքական փորձագետների հետ՝ նա ուշադրություն է դարձրել արդեն իսկ ձևավորված այն տեսակետին, ըստ որի՝ Ռուսաստանն առավել ակտիվ փոխգործակցություն պիտի ունենա Արցախի հետ։ Գոյություն ունի պարզ տրամաբանություն. բնությունը դատարկություն չի հանդուրժում, և վաղ թե ուշ այն լցվում է ինչ-որ բանով։ Այս ուղղությամբ, հավանաբար, քննարկումներ կծավալվեն գալիք տարում։   
Վերջում հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու աղմկահարույց փաստին, ինչը հատկապես հայ  հանրության շրջանում բավականին սուր քննարկումների տեղիք տվեց։ Նրա դիտարկմամբ՝ սեփական սխալի չափաբաժինը պետք է տեսնել մեր դիվանագետների, արտաքին քաղաքականությամբ զբաղվողների աշխատանքում  և համապատասխան եզրահանգումներ անել։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ