[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՆ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԶԱՐԳԱՑՆԻ ԻՆՉՊԵՍ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ՚

72443E05_0865_4AAE_8752_7588CE233CDE_mw1024_n_s_cr.jpgԱԱ՚-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ
- Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորները մնում են անփոփոխ. ղարաբաղյան հիմնախնդրի  խաղաղ և արդարացի կարգավորում,  ԼՂՀ միջազգային իրավական ճանաչում և այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատում ու զարգացում։ Պարոն Բաբայան, կխնդրեի Ձեզ  բնութագրել 2013 թվականը՝ արտաքին կապերի զարգացման և մեր երկրի միջազգային իրավական ճանաչման տեսանկյունից։
- 2013 թվականն այդ առումով  բավականին հաջող տարի էր մեզ համար, քանի որ մենք մի շարք հետաքրքիր միջոցառումներ ենք իրականացրել։ Սկսենք նրանից, որ Արցախի Հանրապետության անկախությունը 2013-ին ճանաչել են ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգը և երկու քաղաք։ Բացի այդ, քույր քաղաքների պայմանագրեր են ստորագրվել եվրոպական ու ամերիկյան մի շարք քաղաքների հետ, ինչը շատ կարևոր է թե՜ միջազգային ճանաչման և թե՜ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ընթացիկ տարում Նախագահ Սահակյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում, ինչը գնահատում ենք որպես բացառիկ արտաքին քաղաքական միջոցառում։ Նա հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Բելգիայի սենատներում,  Նիդեռլանդներում, այցելել  մի շարք երկրների պետական կարևոր կառույցներ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետության և այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացումն իրոք նոր թափ է ստացել։ Եղել է ակտիվ համագործակցություն Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների հետ, խորացվել են մեր ավանդական հարաբերություններն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունների հետ։ 
- Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տարվա գլխավոր իրադարձությունը ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումն էր։ Տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահների առանձնազրույցը տևել է 90 րոպե, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Ի՞նչ տվեց այդ հանդիպումը ղարաբաղյան կողմին։
- Հիմնախնդրի բուն կարգավորման վերաբերյալ կասեի, որ 2013-ը երևի ամենաանհաջող տարիներից է, քանի որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը փաստորեն սառեցրել էր կարգավորման գործընթացը։ Այդ իսկ պատճառով համանախագահների համար կարևորագույն խնդիր էր դարձել կայունության ու խաղաղության պահպանումը, ինչը պահանջում էր բանակցությունների վերսկսում։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերյան հանդիպումը ցույց տվեց, որ փորձ է արվում վերակենդանացնել գործընթացը։ Նպատակն ուղղակի  բանակցությունների շարունակության ապահովումն է և ոչ թե դրանց լիցք հաղորդելը, քանի որ այլևս լիցք հաղորդելու հնարավորություն չկա։ Իհարկե, քննարկվել են շատ հարցեր, բայց հիմնական շեշտն, իմ խորին համոզմամբ, դրվել է խաղաղության ու կայունության պահպանման վրա։ Սա միակ գաղափարն է, որի շուրջ կարելի է  համաձայնության գալ և բացի այդ՝ որևէ մեկին, այդ թվում՝  Մինսկի խմբի համանախագահ գերտերություններին, ձեռնտու չէ պատերազմական գործողությունների վերսկսումը։ Այստեղ ոչ միայն մարդասիրության, այլև նրանց հետապնդած ազգային-պետական շահերի հարցն է, քանի որ ցանկացած նոր պատերազմ չի լինի լոկ Ադրբեջանի և Արցախի կամ Հայաստանի միջև։ Դա կլինի տարածաշրջանային գլոբալ հակամարտություն, իսկ դրանում որևէ մեկը շահագրգռված չէ, մանավանդ որ՝ կան բավականին սուր հակասություններ։ Կարելի է ասել նաև՝ մրցակցություն տարբեր տարածաշրջաններում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ուկրաինային, Իրանին,  Սիրիային, հետևաբար` ևս մեկ թեժ կետի առկայությունն այստեղ որևէ մեկին ձեռնտու չէ։ 
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այս տարի իր ակտիվությամբ առանձնացավ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Ինչո՞ւ է նա ձգտում առանձնանալ իր գործընկերներից։
- Իմ դիտարկումը հետևյալն է. համանախագահն ինչ-որ նոր ոճ է փնտրում կամ գուցե նաև՝ իրականացնում. կապեր հաստատելու համար օգտագործում է սոցիալական ցանցերը, կամ տեղեկատվություն է սփռում այս կամ այն գործընթացի վրա։ Նախկինում նման բան չի եղել։ Սա ողջունելի է, բայց ասել, թե արմատապես փոխվել են վեկտորները, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ է, քան Ռուսաստանն ու Ֆրանսիան, չի համարվի իրավիճակի ճիշտ բնութագրում։ Մենք պիտի հասկանանք, որ Մինսկի խմբի համանախագահների գործը միայն համապարփակ կարգավորման հասնելը չէ։ Սա բավականին տևական գործընթաց է և կպահանջվի տասնամյակներ։ Ներկա դրությամբ կարևորը, նորից շեշտեմ, խաղաղության պահպանումն է։ Այս հարթությունում, պետք է ասել, բոլոր համանախագահները փայլուն կերպով են կատարում իրենց առաքելությունը։ Խնդիրը պետք է դիտարկենք այս տեսանկյունից և ոչ թե մտածենք, թե նրանց աշխատանքն անարդյունավետ է, քանի որ չկա պայմանագիր հակամարտող կողմերի միջև, կամ էլ հարցը վերջնականապես կարգավորված չէ։ Այն աշխատանքը, որ նրանք կատարում են, կարելի է ընդունել որպես կարգավորման մի յուրահատուկ ձև։ Այս տարբերակը պետք է պահպանվի, քանի դեռ չկա մեկ այլ մոտեցում։ 
- Համանախագահների վերջին այցը չսահմանափակվեց պաշտոնական Ստեփանակերտի հետ շփումներով. նրանք հանդիպեցին նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, անտարակույս, նպատակ ունենալով ծանոթանալ նրանց տեսակետներին։ Սա Ձեր նշած նոր ոճի՞ դրսևորումն է։
- Այո, սա էլ աշխատաոճ է, բայց նման հանդիպումներ համանախագահներն ունեցել են նաև անցյալում։ Ընդհանրապես, գիտենք, որ միջազգային կազմակերպությունները բավական սերտ կապեր են ստեղծում ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ հիմնականում շեշտը դնելով ժողովրդական դիվանագիտության վրա, այսինքն՝ կարևորում են ժողովուրդների միջև կայուն հարաբերությունների, երկխոսության մեխանիզմների ստեղծումը, միմյանց հանդեպ փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Սա երևի թե կարևոր է, բայց մեր պարագայում այն չի կարող իր դերակատարությունն ունենալ, քանի որ հայ ժողովուրդը խնդիր չունի ադրբեջանական ժողովրդի հետ։ Մենք ունենք խնդիր ադրբեջանական պետության հետ, և եթե միջնորդները որոշել են գործի դնել ՙերկրորդ էշելոնի՚ դիվանագիտությունը, մեր կողմից ողջունելի է նման քայլը։ Սակայն այդ աշխատանքը չի կարող կայունացնել իրավիճակն այն պատճառով, որ չկան փոխշփումներ պետությունների միջև։ Պարզ է, որ Ադրբեջանի հասարակական սեկտորը կատարելու է այն, ինչ պետությունն իրեն կթելադրի։
- Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ ունեցած զրույցում ասել էր, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, ինչն, իր կարծիքով, հնարավոր կլինի հիմնարար սկզբունքների վրա աշխատանքն ավարտելուց հետո։ Դրան ի պատասխան՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կողմն անընդունելի է համարում բանակցային գործընթացին մի այնպիսի փուլում միանալը, երբ արդեն որոշակի կետեր համաձայնեցված կլինեն։ Կարելի՞ է ասել, թե  միջնորդները մեզ հետ պարզապես խոսում են դիվանագիտական լեզվով։
-  Մեզ համար միանշանակ պարզ է մի բան. Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, բայց ոչ՝  քննարկված ու համաձայնեցված ինչ-որ փաստաթղթի կյանքի կոչմանը, քանի որ սա տրամաբանական չէ։ Մեզ համար սա նունիսկ վիրավորական է. մենք գործիք չենք ինչ- որ մեկի ձեռքին, որ առանց մեր մասնակցության մեր փոխարեն հարցեր լուծի։ Այդպես չէ։ Հետևաբար, բազմիցս ասվել է, որ Արցախը պետք է մասնակցի բոլոր փուլերին՝ հակամարտության կարգավորման փիլիսոփայությունից  մինչև կոնկրետ պայմանավորվածություն։ Ի. Պոպովին պետք է ընդունենք որպես միջնորդ։ Ադրբեջանն ասում է՝ Արցախը չպետք է մասնակցի բանակցություններին, մենք ասում ենք՝ Հայաստանի հետ պետք է Արցախն էլ մասնակցի։ Այդ մարդն ընտրում է ոսկե միջինը՝ ասելով, որ Արցախը մի որոշակի փուլում կմասնակցի։ Թե երբ է գալու այդ պահը`  առայժմ պարզ չէ։ Հնարավո՞ր է, որ տապալվի ներկա ձևաչափը, և բոլորի համար պարզ դառնա, որ Արցախը պիտի մասնակցի բանակցային գործընթացին։ Ուրեմն, ամեն դեպքում այդ պահը պիտի գա։ Պոպովն անում է այն, ինչ անում են բոլոր փորձառու դիվանագետները։ 
- Տարվա կարևոր նորություններից մեկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր Մաքսային միությանը միանալու որոշման մասին, ինչը բխում է մեր ժողովրդի  անվտանգության շահից։ Դուք տեղյակ եք, որ Արցախի Հանրապետության վերաբերյալ եղել են զանազան տեսակետներ ու մեկնաբանություններ։ Ձեր կարծիքով` ի՞նչ է մեզ սպասվում։ 
- Մենք պետք է տարանջատենք բոլոր գործընթացները։ Ես այստեղ տեսնում եմ չափազանց մեծ, երբեմն անհիմն շահարկումներ, որոնք հաճախ վերածվում են դեմագոգիայի։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանն անդամակցելով Մաքսային միությանը՝ խզում է իր կապերն Արևմուտքի հետ։ Մի բան լավ պիտի հասկանանք. Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններն չեն կարող ի հաշիվ Արևմուտքի լինել։ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման դրդապատճառը շատ դեպքերում պետք է տեսնել ոչ միայն փոխադարձ շահերի, դարավոր բարեկամության, այլ նաև թուրքական գործոնի առկայության մեջ։ Մենք գիտենք, որ Թուրքիային հավասարակշռելու միջոցներից մեկը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացումն է։ Ոմանք, չգիտես ինչու, մոռացության են մատնում թուրքական գործոնը՝ իրավիճակը ներկայացնելով որպես  Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանի կատարած ընտրության արդյունք։ Նման բան չկա և չի կարող լինել, որովհետև մենք դատապարտված ենք փոխլրացման քաղաքականություն իրականացնել, և սրա բացատրությունը մեկն է՝ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ. ավելի շատ հայություն ապրում է Սփյուռքում, քան պատմական հայրենիքում։ Ուրեմն, պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ բոլոր այն պետությունների հետ, որոնցում գոյություն ունի հայկական համայնք, և առաջին հերթին՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հետ։ Ինչպե՞ս կարող ենք այդ երկրների հետ վատ հարաբերություններ ունենալ և դնել կամ-կամ-ի հարցը։ Չէ՞ որ դրա փոխարեն պիտի լինի և-և… Խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն գլոբալ, այլև տարածաշրջանային հարթությունում։ Որ տարածաշրջանում Թուրքիան ուժեղանում է օրեցօր, բոլորի համար պարզ պիտի լինի։ Դա այն երկիրն է, որը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է հայոց պետականության զարգացմանը։ Այս իրավիճակում, բնականաբար, պետք է կարողանանք խորացնել հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ՝ Արևմուտքում և Արևելքում։
- Ռուսաստանյան քաղաքական շրջաններում տեսակետ կա, որ Ռուսաստանն ավելի ակտիվորեն պիտի ներգրավվի ղարաբաղյան գործընթացներում և բազմապատկի համագործակցության ուղիները։ 2014-ին հնարավո՞ր է ականատես լինենք մի պայքարի, որը համաշխարհային ուժային կենտրոնները կծավալեն գլխավորապես նախաձեռնությունների համար։
- Մենք ուզում ենք,  որ դա պայքար չհիշեցնի, որովհետև  չենք ուզում դառնալ թատերաբեմ։ Սա անպայման պիտի բացառվի։ Թող լինի մի այնպիսի իրավիճակ, երբ մեզ առաջարկեն ՙապրանքներ՚, իսկ մենք ընտրություն անենք։ Այստեղ դարձյալ փոխլրացման քաղաքականություն պիտի վարենք և մեր հարաբերությունները զարգացնենք ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Նման քաղաքականությամբ մենք միայն կշահենք։                            
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ