[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՃԻՇՏ ՈՒՂԻՈՎ, ՈՐՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

11989.jpgԼՂՀ  արտգործնախարար Կարեն Միրզոյանի` դեկտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսը  լրագրողների հետ հերթական անգամ հանդիպելուց զատ նպատակ ուներ ամփոփել արտաքին քաղաքական գերատեսչության ընթացիկ տարվա գործունեությունը։ Դրան զուգահեռ՝ նախարարն իր պատկերացումներն ու մոտեցումները ներկայացրեց հետագա անելիքների վերաբերյալ։ 
2013 թվականը, Կ. Միրզոյանի  գնահատմամբ, բավականին հետաքրքիր էր զարգացումների առումով՝ թե՜ Լեռնային Ղարաբաղում և թե՜ նրա շուրջ։  
Տարին մի շարք մարտահրավերներ բերեց, որոնց դիմակայելու ուղղությամբ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանք կատարեց։ Կարելի է ասել՝ նաև որոշակի ձեռքբերումների և հաջողությունների տարի էր։ Արտգործնախարարության գործունեությունը հիմնականում կենտրոնացված էր հետևյալ ուղղություններով՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց, Սփյուռքի կառույցների հետ համագործակցության խորացում։ Իհարկե, ծավալվեցին աշխատանքներ՝ ուղղված մի շարք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ 
Տարվա իրադարձությունների շարքում առանձնացվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումը, որը գնահատվեց որպես դրական տեղաշարժ։ Նախարարը հույս հայտնեց, որ դրական միտումներն ակնհայտորեն կդրսևորվեն գալիք տարում, ԱԳՆ-ն էլ պատրաստ է իր բաժին աշխատանքը կատարել այդ գործընթացում։ 
Արձանագրվեցին հաջողություններ նաև մեր հանրապետության միջազգային ճանաչման ուղղությունում։ Ընդունվեցին ԼՂՀ ժողովրդի ինքնորշման իրավունքը սատարող բանաձևեր ԱՄՆ-ում, եղան ձեռքբերումներ խորհրդարանական համագործակցության հարթությունում։ Թափ է առնում մեկ գործընթաց ևս՝ ապակենտրոնացված համագործակցության մեխանիզմը, երբ տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակի կապեր են հաստատում Արցախի Հանրապետության քաղաքների, համայնքների հետ։ ՙԱյս ամենը գալիս է հաստատելու,- շարունակեց նախարարը,-  որ ԼՂՀ-ն` որպես պետություն, կայացած է և ի վիճակի է վարել պատասխանատու և   ակտիվ արտաքին քաղաքականություն։ Դա ոչ միայն ԱԳՆ-ի, այլև բոլորիս հաջողությունն է։ Դա նշանակում է, որ Արցախն ընթանում է ճիշտ ուղիով, որն ընկալվում և գնահատանքի է արժանանում արտաքին աշխարհում՚։ 
Տարվա ընթացքում շարունակել են պահպանվել մեր  հարաբերությունները չճանաչված պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ, որոնց հետ Արցախն ունի ավանդական բարեկամական կապեր։ Կ. Միրզոյանն անցած ամառ մասնակցել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման հոբելյանին նվիրված միջոցառումներին, որտեղ քառակողմ հանդիպում է անցկացվել արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման կարգի շփումները թույլ են տալիս, այսպես ասած, ձեռքը պահել զարկերակի վրա, նպաստում են  կարծիքների փոխանակմանը, կողմերն արտահայտում են իրենց մոտեցումներն այս կամ այն խնդրի վերաբերյալ։ 
2013-ը ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 20-ամյակի տարին էր։ Այդ կարևորագույն իրադարձությանն էին նվիրված մի շարք միջոցառումներ։ Հոբելյանն առիթ տվեց  գնահատելու ԱԳՆ-ի անցած ուղին, ասել է թե՝  մատնանշել ճիշտ քայլերը, խոսել բացթողումների  մասին ու այդ հենքի վրա փորձել շարժվել առաջ՝ ավելի կշռադատված ձևով։ ԼՂՀ  ԱԳՆ-ն անցած 20 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը. ստեղծվելով պատերազմական տարիներին և լինելով Արցախի համար պետականաշինության կարևորագույն  ոլորտ` կարողացել է կայանալ համեմատաբար կարճ ժամանակաընթացքում։ Այսօր այն գործում է իր դրական ու թերի կողմերով և ի վիճակի է ապահովել ԼՂՀ շահերի պաշտպանությունն արտաքին աշխարհում։ 
Գալիք տարում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի  խոսքերով, շարունակվելու է աշխատանքը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ակտիվացվելու են ջանքերը Արցախի Հանրապետության  միջազգային իրավական ճանաչման հարթությունում, ձեռնարկվելու են քայլեր՝ ուղղված տարբեր պետությունների հետ մեր երկրի փոխհարաբերությունների խթանմանն ու ընդլայնմանը։ 
Նախարարն անհրաժեշտ համարեց անդրադառնալ ևս մեկ  հարցի, որն անմիջականորեն առնչվում է տեղեկատվական դաշտին։ ԱԳՆ-ն փորձում է նորարարություն մտցնել տեղեկատվական դաշտում. արդեն 6 ամիս է`  գործում է ԱԳՆ-ի ՙՖեյսբուքի՚ էջը, բացվել է ՙԹվիտերի՚ հաշիվ, ինչը թույլ է տալիս ավելի օպերատիվ արձագանքել իրադարձություններին, ներկայացնել այն աշխատանքը, որ կատարվում է ԱԳՆ-ի կողմից։ Տեղեկատվական աշխատանքի աշխուժացումը հնարավորություն կընձեռի Արցախն ավելի ներկայանալի դարձնել միջազգային հանրության շրջանում ու նաև  մարդկանց հասցնել ճշմարտությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին։
Ներածական խոսքից հետո  արտգործնախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։             
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ