[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԴՐԱՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ԵՐԿՐՈՐԴԸ՚

Ղարաբաղյան շարժումը տարերայնորեն չի սկսվել։ Այն ուներ գաղափարական ամուր հենք, սկսվել է հարցի հստակ ձևակերպումից, ինչի համար էլ հաջողությամբ է պսակվել։ Երբ 80-ականներին մի խումբ մարդիկ որոշեցին հարցը կրկին բարձրացնել, մտածում էին՝ ինչպես այն ձևակերպել, առաջադրել։
 Նրանք ուսումնասիրել էին 60-ականների փորձը, որը ձախողվել էր սխալ կազմակերպման  պատճառով, ուստի մի աննշան բացթողում անգամ չպետք է լիներ՚,-սրանք   Շարժման ակտիվիստ, ՙՂարաբաղ՚ կոմիտեի հիմնադիր¬ անդամ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերն են։  Քաղաքական առումով նպատակը հետևյալն էր. հարցը Խորհրդային Միության ու աշխարհի համար դարձնել քաղաքական կարևոր խնդիր, ինչը և եղավ։
ՙՄենք լուծել ենք խնդրի մի մասը՝ Ադրբեջանի դիկտատից ազատել ենք Արցախը, մյուս մասը՝ մեր իրավունքի ճանաչումը, դեռ ընթացքի մեջ է՚,-ասում է Մ. Սարգսյանը։  
Խորհրդային Միությունում սկսվել էր հայտնի ՙպերեստրոյկան՚, և պահը հարմար էր՝ առաջադրելու  արդարությունը վերականգնելու պահանջ։ Արցախում և Երևանում գործող Շարժման ակտիվիստները հանգիստ կապ էին հաստատում հեռախոսի  միջոցով։ ՙԹաքցնելու ոչինչ չկար, մենք պայքարում էինք մեր իրավունքների համար։  Ի սկզբանե որոշված էր, որ շարժումը պետք է լիներ բաց՚,- պատմում է ՙՂարաբաղ՚ կոմիտեի նախկին անդամը և շարունակում։ - Սկզբից մեկ- երկու հոգի բողոքագիր ուղարկեցին ՍՄԿԿ Կենտկոմ,  հետզհետե շատացան բողոքագրերը, զուգահեռ սկսվեցին նաև միտինգները։  Հադրութից առաջին պահանջագիրը ներկայացրել ենք 1987թ. մայիսին, որի տակ   ստորագրել ենք  9 հոգի՚։
Անշուշտ, աստիճանաբար թափ առնող  պայքարը չէր կարող հունից չհանել Ադրբեջանին։ Արցախում ստեղծված ՙԿռունկ՚ կոմիտեն երկար գործել չէր կարող. վերահսկողությունն ու ճնշումները թույլ չէին տալիս։ ՙԱդրբեջանի իշխանությունների հերթական թիրախը դարձավ Չարդախլուն. 1987թ. հոկտեմբերին նրանք սկսեցին ճնշումներ գործադրել տեղի հայ ազգաբնակչության վրա։ Այդ օրերին ես մեկնեցի Չարդախլու, որպեսզի ծանոթանամ իրավիճակի հետ։ Մարդիկ սարսափի մեջ էին՝ վախենում էին, որ իրենց կոչնչացնեն՚,- հիշում է ակտիվիստը։  Մ. Սարգսյանի խոսքերով՝ ժողովուրդը բարձրացրել էր սահմանադրական պայքար, թեկուզ չէր հասկանում, թե ինչ ասել է դա։ Խորհրդային Միությունը ստիպված էր հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ։ Դա արդեն հեղափոխություն էր։  1988թ.փետրվարի 20-ին վերջ դրվեց բողոքագրերին և սկսվեց անհնազանդության պայքար, քանի որ ԽՍՀՄ-ը այդ շարժումը որակեց հակաժողովրդական՝ կազմակերպված մի խումբ էքստրեմիստների կողմից…
ՙԿռունկ՚-ի հետ գրեթե միաժամանակ Երևանում ստեղծված ՙՂարաբաղ՚ կոմիտեն, որը պետք է զբաղվեր այստեղ միտինգների կազմակերպմամբ, ևս երկար կյանք չունեցավ։  Կոմիտեի հիմնադիրներ Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանն ու Գագիկ Սաֆարյանը շուտով դուրս եկան կազմից։ Մ. Սարգսյանը վստահեցնում է, որ կոմիտեից հեռանալու պատճառը մեկն էր՝ այն շատ նեղ էր, սահմանափակ՝ Շարժման գաղափարի, էության համեմատ։ ՙԻգորը գտնում էր, որ պետք չէ մնալ դրա կազմում, քանի որ Շարժման գաղափարը շատ լայն է։ Կոմիտեն դարձավ Հայաստանի մտավորականների կոմիտե, որը շատ հեռու էր շարժման ուղղությունից, էությունից։ Մեզ պետք էր ազատություն, ազատ գործելու հնարավորություն՚,- ասում է նա։
Շարժումն ամեն դեպքում հասավ իր նպատակին՝ Արցախն ազատված է Ադրբեջանի լծից, սակայն հարցը, թե ինչպես ՙմիացումը՚ փոխվեց անկախության, սպառիչ պատասխան չի ստանում։ Ըստ Մանվել Սարգսյանի՝ դա ՀՀ իշխանությունների որոշումն էր, քանի որ երբ ակնհայտ էր ԽՍՀՄ-ի փլուզումը և միութենական հանրապետությունները գնում էին դեպի անկախացում, Հայաստանի իշխանություններին թվում էր, որ միացումն ավելի դժվար կլինի, քան անկախացումը։ Սակայն դա դեռևս ճանապարհի վերջը չէ։ Լինել անկախ, սակայն չճանաչված աշխարհի, միջազգային հանրության կողմից, Մանվել Սարգսյանի համար անհասկանալի է։ ՙԳիտե՞ք ինչու է հարցը տեղում դոփում։ Որովհետև, երբ միջազգային հանրությունն սկսեց զբաղվել այս խնդրով, մենք կարծես հայտնվեցինք խաղից դուրս վիճակում, ոնց որ նրանց հանձնեցինք մեր իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղը խնդիրը հանձնեց Հայաստանին, Հայաստանն էլ՝  Մինսկի խմբին։ Որոշ մարդիկ սկսեցին այդ խնդիրն օգտագործել ներքին քաղաքական նպատակներով՚,- կարծում է Մ. Սարգսյանը։ Խնդիրն արթնացնելու, զարգացնելու եղանակը նրանով զբաղվելն է, քանի որ երբ հարցով զբաղվում ես, սկսում ես հասկանալ, գնահատել իրավիճակը, մշակել ռազմավարություն. դա զրուցակցիս տեսակետն է։ ՙԱյսօր այս ուղղությամբ արվող միակ քայլը հետևյալն է՝ Մինսկի խումբը կանչել է, գնա՞նք, թե՞ չգնանք։ Դու քո խնդիրն Ադրբեջանի հետ լուծել վերջացրել ես։ Դրան պետք է հետևի երկրորդ փուլը՝ աշխարհին համոզել, որ ճանաչի  քո իրավունքը, ասում է Մ. Սարգսյանը և անմիջապես զուգահեռ տանում Ադրբեջանի քայլերի հետ։ ՙԱդրբեջանը գնում է, օրինակ, ինչ-որ  իսլամական  կոնֆերանս կամ կազմակերպություն, խնդրում-աղաչում, որ մի թուղթ տվեք էլի, որ դուք գտնում եք, որ Ղարաբաղը իմն է։ Ամեն տարի նման մի քանի թուղթ հավաքելով, նա գտնում է , որ խնդիրը լուծված է՚։
Մ.Սարգսյանի համոզմամբ՝ ԼՂՀ-ն պետք է հռչակի իր իրավունքները և խոսի այդ իրավունքի դիրքերից, իսկ այդ հարթությունում շատ կարևոր է Զարգացման և խաղաղության իրավունքի հռչակումը, որը ոչ ոք չի կարող ոչ խախտել, ոչ էլ ժխտել։
 
 
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
ք. Երևան