[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ

Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր որդուն հանձնարարում ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի՝ Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:
Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ՝ նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց՝ ՙիշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում՚ ասույթին…
Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:
Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.
Առաջին հեռախոսազանգը՝ 2013թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին
Էրդողան.- Հանիր քո տանից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:
Բիլալ.- Ի՞նչն է, որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:
Էրդողան.- Հենց դրա մասին եմ խոսում….
Բիլալ.- Ի՞նչ պետք է անենք դա, հայրիկ: Որտե՞ղ պիտի տեղավորենք:
Էրդողան.- Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՜ այդ:
Երկրորդ հեռախոսազանգը՝ ժամը 11:17-ին.
Բիլալ.- ... Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին (Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ)՝ այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպե՞ս անենք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:
Էրդողան.- Միգուցե:
Բիլալ.- Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես-համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ (շինարարական խմբի ղեկավար), մտածում ենք դա տալ նրան, ասելով. ՙպահի՜ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար՚: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:
Էրդողան.- Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես.... Լավ կլինի, եթե անես.... Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:
Բիլալ.- Այո, Աստծո կամոք այսօր բոլորը կվերացնենք...
Երրորդ հեռախոսազանգը՝ ժամը 15:39-ին.
Էրդողան.- Կատարեցի՞ր իմ բոլոր առաջադրանքները:
Բիլալ.- Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո....
Էրդողան.- Ի՞նչ է արել Սումեյին (դուստրը):
Բիլալ.- Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք:
Էրդողան.- Մի՜ խոսեք հեռախոսով միմյանց հետ:
Չորրորդ հեռախոսազանգը՝ ժամը 23:15-ին.
Բիլալ.- Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ ... մենք հիմնականում արեցինք (այդ): Դու հենց հիմա ինձ զանգե՞լ ես, հայրիկ:
Էրդողան.- Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:
Բիլալ.- Ինձ զանգահարել էին փակ համարից:
Էրդողան.- Երբ ասում ես ՙհիմնականում՚, արդյոք դու ամբողջովի՞ն վերացրիր դա:
Բիլալ.- Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Թույլ տուր բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը (գործարար): Նրանք առաջարկում են դա տալ (նրան): Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:
Էրդողան.- Ինչևէ, մենք կդասավորենք:
Բիլալ.- Այսպե՞ս պիտի անենք:
Էրդողան.- Լավ, արա այդպես:
Բիլալ.- Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:
Էրդողան.- Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:
Բիլալ.- Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 (միլիոն) դոլար նրանց:
Էրդողան.- Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել...
Բիլալ.- Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո...
Էրդողան.- Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:
Բիլալ.- Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:
Էրդողան.- Ինչևէ, մի խոսիր սրանով (հեռախոսով):
Բիլալ.- Լավ, ուրեմն, կդասավորենք:
Էրդողան.- Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:
Հինգերորդ հեռախոսազանգը՝ 2013թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.
Էրդողան.- Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա՞:
Բիլալ.- Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք մեզ տված պարտականությունները:
Էրդողան.- Ամեն ինչ վերացվե՞լ է:
Բիլալ.- Ամբողջությամբ... Ինչպե՞ս ասեմ: Ես ունեմ Սամանդիրայի և Մալթեփիի գումարը՝ 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:
Էրդողան.- Բացեիբաց մի խոսի՜ր:
Բիլալ.- Չանե՞մ:
Էրդողան.- Ոչ, հասկացա՞ր:
Բիլալ.- Լավ, հայրիկ:
Էրդողան.- Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն... Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:
Բիլալ.- Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:
Էրդողան.- Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից...
Բիլալ.- Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:
Էրդողան.- Տղաս, քեզ գաղտնալսում են:
Բիլալ.- Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:
Էրդողան.- Կարող է ճիշտ լինել: Հիմա մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:
Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով:
Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար: 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր