[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՈՒՄԸ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ՚

VH.jpgԱԱ՚-ի հարցերին պատասխանում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ ԲԱԼԱՅԱՆԸ 
-Ուկրաինան քաղաքական ճգնաժամ է ապրում. նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից  հեռացնելուց հետո ներքաղաքական լարվածությունը երկրում չթուլացավ։
Սրընթաց զարգացող իրադարձությունները Ղրիմի շուրջ  կտրուկ սրեցին հակասություններն աշխարհի ուժային կենտրոնների միջև այն աստիճան, որ կախվեց ռազմական գործողությունների ծավալման սպառնալիքը։ Պարոն Բալայան, նախ՝ որո՞նք են, ըստ Ձեզ, իշխանափոխության իրական դրդապատճառները, և երկրորդ՝ գլոբալ առումով ինչի՞ կարող է հանգեցնել նման լարված իրավիճակը։ 
- Աշխարհը նեոգաղութատիրության թոթափման ժամանակաշրջան է ապրում, ինչը միանգամայն բնական գործընթաց պետք է համարել։ Ազգերը, ժողովուրդները փորձում են վերագտնել իրենց, վերադառնալ արմատներին և տեր կանգնել իրենց պատմությանն ու ճակատագրին։ 20-րդ դարի 70-ական թվականներից սկսած`  նման զարգացումներ տեղի ունեցան Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրներում։ Ներկա դրությամբ էլ շարունակվում է այդ գործընթացը՝ ազգային արժեքները վերագնահատելու և ապագայի հեռանկարը  հստակեցնելու միտումով։ 
Զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրերը վկայում են, որ Ուկրաինայում  ծավալվող իրադարձությունները նաև աշխարհի ուժային կենտրոնների կողմից ճնշումներ գործադրելու արդյունք են, ընդ որում, ստեղծված իրավիճակի համար երկու կողմերն էլ հավասարապես մեղադրում են միմյանց։ Ռուսական տեղեկատվական աղբյուրներում ակնառու է եվրոպական երկրներին ու Միացյալ Նահանգներին հասցեագրված մեղադրանքը, իսկ Արևմուտքը, հակառակը, մեղադրում է Ռուսաստանին կոշտ միջամտությունների մեջ։ Այս ուժային կենտրոններն, անկասկած, իրենց դերակատարությունն ունեն ստեղծված իրավիճակում, բայց, իմ կարծիքով, խորքում առաջին հերթին պետք է տեսնել հասարակական զարգացումները։ Ուկրաինական ժողովուրդը միանշանակ ձգտում է վերագտնել իրեն, իսկ ուժային կենտրոններն, ակտիվորեն ներգրավված լինելով այդ գործընթացում, ազդում են հասարակական-քաղաքական բնական զարգացումների վրա՝ ընդգծված արևմտամետ կամ ռուսամետ տրամադրություններ ներարկելով հասարակությանը։ Նման իրավիճակը մտահոգիչ է, քանի որ երկկողմանի ճնշումները կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ 
- Կարելի՞ է, արդյոք, կանխատեսել աշխարհաքաղաքական արմատական փոփոխություններ հենց ուկրաինական ճգնաժամի խորապատկերին։ 
- Պատմական երևույթներն, ինչպես գիտենք, կրկնվում են։ Ինչու եմ սա ասում. Ղրիմն իր ռազմավարական դիրքով որոշակի դերակատարություն է ունեցել 19-րդ դարում և  20-րդ դարի սկզբներին, ավելի վաղ Եկատերինա  2-րդի հրովարտակով այն միացվել է կայսրությանը։ Ռուսական կողմի համար, բնականաբար, շատ դժվար է զրկվել այդ հատվածից։ Միաժամանակ պատմությունը վկայում է, որ Ղրիմը բուն ռուսական տարածք չէ, այսինքն՝ էթնիկական հիմքում այն ունի ոչ ռուսական պատկանելություն։
- Բայց այսօր Ղրիմի ազգաբնակչության մոտ 60%-ը ռուսներ են։ Այս գործոնն իր դերը չի՞ խաղում ներկա զարգացումներում։
- Դա ռուսների պատմական հայրենիքը չէ, այդ իսկ առումով զգայուն հատված չպիտի լինի  նրանց համար։ Ղրիմը պատմական հայրենիք չէ նաև ուկրաինացիների համար. այնտեղ ապրել են այլ ժողովուրդներ, որոնք ավելի մեծ հավակնություններ կարող են ցուցաբերել տարածքի նկատմամբ։ 18-րդ դարից Ղրիմը ռուսական կայսրության կազմում էր, և այդ ողջ ժամանակաընթացքում ռուսների թվաքանակը զգալիորեն աճել է՝ դառնալով որոշիչ գործոն թերակղզում։ Էթնիկական այդ տարրի վրա հենվելով՝ ռուսները փորձում են լուծել իրենց խնդիրը։
- Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ անցյալ տարվա դեկտեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում Վ. Յանուկովիչը ձախողեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը, ինչը խիստ անցանկալի զարգացում էր Արևմուտքի համար։ ՌԴ ղեկավարությունը Ուկրաինան ապագա Եվրասիական միության կազմում ներառելու հաշվարկներ էր արել։ Ուժային կենտրոնների միջև պայքարն այնքան է լրջացել, որ կողմերից մեկի նահանջը կարող է որակվել պարտություն։ 
- Ուկրաինայի աշխարհագրական դիրքը, ռեսուրսներն իրենց վրա են գամում աշխարհաքաղաքականության սուբյեկտների ուշադրությունը։ Եվրասիական միության դրոշակակիրը Ռուսաստանն է, և այս պարագայում, երբ դեռևս չի ձևավորվել միությունը, երկու կողմերը կյանքի և մահու պայքար են մղում հանուն  տարածքի։ ՌԴ-ում քաջ գիտակցում են, որ դիրքերը զիջելը նշանակում է սեփական սահմաններին մոտեցնել ՆԱՏՕ-ի ուժերը։ Արևմուտքն էլ իր շահն է հետապնդում։  
Կա մեկ կարևոր հանգամանք, որը չի կարելի հաշվի չառնել։ Եվրոպական արժեքներն ավելի մոտ են մարդու բնությանն ու փիլիսոփայությանը, և միանգամայն հասկանալի է տարածաշրջանի ժողովուրդների ձգտումը դեպի Եվրոպա։ Եվրոպան մի այնպիսի միջավայր է, որը ձգում է մարդուն՝ խոստանալով երանելի ապրելակերպ։ Պատահական չէ, որ դրան ձգտում է Ուկրաինայում ապրող ժողովուրդների մի մասը։ Իսկ դա ձեռնտու չէ Ռուսաստանին։  
- Տեղեկատվական աղբյուրների իրազեկմամբ՝ ՙՄեծ ութնյակի՚ անդամ 7 պետությունները դատապարտել են ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա՝ հայտարարելով, որ դադարեցնում են Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Պետությունների գերակշիռ մասը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել կառույցից։ Բայց առկա է նաև դրան հակադրվող կարծիքը, ինչի վկայությունն է օրերս Գերմանիայից հնչած հայտարարությունը, ըստ որի՝  ՙՄեծ ութնյակն՚ իրականում միակ ձևաչափն է, որտեղ Արևմուտքի երկրները կարողանում են անմիջականորեն խոսել Ռուսաստանի հետ։ Արժե՞, արդյոք, կորցնել այդպիսի հարթակը։ 
- Կարծում եմ, կողմերի նման թշնամական կեցվածքը ձեռնտու չէ և ոչ մեկին։ Հետխորհրդային ժամանակահատվածում ՌԴ-ի տնտեսությունը սերտորեն ինտեգրվել է համաշխարհային տնտեսությանը։ Ի՞նչ կստացվի, եթե տնտեսական կապերն Արևմուտքի հետ միանգամից ի չիք դառնան։ Բազմաթիվ ոլորտներում ՌԴ-ն համագործակցում է ՙՄեծ ութնյակի՚ երկրների հետ. վերջիններիս կողմից կատարվել են լայնածավալ ներդրումներ։ Մի՞թե ցանկալի է նախկին խորհրդային երկրի կարգավիճակում հայտնվելը, աշխարհից մեկուսանալը՝  որպես ՙչարիքի կայսրություն՚։ Ծանր կացության մեջ կհայտնվի պետությունը, եթե նկատի ունենանք ռուսական ռուբլու անկման փաստը ու նաև այն, որ տնտեսական վերլուծաբանները  կանխատեսում են ճգնաժամի մի նոր փուլ 2015-ին։ Նույնիսկ խոսվում է  2016 թվականին նավթի և գազի գների հնարավոր անկման մասին։ Էներգակիրների հետ կապված նման խնդրի ի հայտ գալը հարված կհասցնի ռուսաստանյան պետությանը, քանի որ երկրի բյուջեն սնվում է գլխավորապես դրանցից ստացվող եկամուտներից։ Փորձագետները հարց են ուղղում ՌԴ ղեկավարությանը. արդյո՞ք Ղրիմն այն արժեքն ունի, որի պատճառով ՌԴ-ն պատրաստ է զրկվել սեփական տնտեսությունը և Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարից։ 
Նշենք, որ անչափ կարևոր է աշխարհի ուժային կենտրոնների երկխոսությունը թեկուզ Սիրիայի հարցում՝ գլոբալ մասշտաբով ռազմական բախումը բացառելու տեսանկյունից։ Հարաբերությունների կտրուկ խզումն Արևմուտքի և ՌԴ-ի միջև նոր խնդիրներ կառաջացնի աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ 
Նույնը վերաբերում է Եվրոպային. ռուսաստանյան էներգակիրներից զրկվելը տրամաբանական չէր լինի։ Եվրոպական ապրանքների համար Ռուսաստանը հարմար շուկա է։ Այնպես որ՝ ստեղծված ճգնաժամային իրադրությունում իրեն զգացնել է տալիս, այսպես ասած, տղայական մոտեցումը, մինչդեռ պետք է գերակայի սթափ և սառը դատողությունը։
- Չի կարելի անուշադրության մատնել Ղրիմի խնդրին Թուրքիայի շահագրգիռ վերաբերմունքը։ Փետրվարի վերջին պաշտոնական Անկարան ի լուր աշխարհի  հայտարարեց, որ Ղրիմն Ուկրաինայի անբաժանելի մասն է, հետևաբար, անձեռնմխելի է նրա տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ՝ Ղրիմում ապրում են իրենց ցեղակից թաթարները, և Թուրքիան պարտավոր է պաշտպանության տակ առնել նրանց։ 
- Վարչապետ Էրդողանն այսպիսի միտք է արտահայտել. ՙՂրիմում են գտնվում մեր նախնիների աճյունները, իսկ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ՚։ Վարչապետը նկատի է ունեցել այն ժամանակաշրջանը, երբ Ղրիմը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում:Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ  Ռուսաստանից և Թուրքիայից հնչող ճառերը բարեկամություն անելու մասին անհիմն են և իրականությունից հեռու։ Մոտ հեռանկարում նման բարեկամություն հնարավոր չէ պատկերացնել, որովհետև այդ երկու պետություններն ի սկզբանե միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված։ Միայն Ղրիմի հարցը չէ. նաև՝ Անդրկովկաս, Հյուսիսային Կովկաս, Թաթարստան և, ի վերջո, պանթուրքիզմի գաղափարախոսություն։ Թուրքիան, իհարկե, չի ցանկանա անմասն մնալ այդ զարգացումներից։ 
- Ի՞նչ եք կարծում, Ղրիմում ռազմական բախում տեղի կունենա՞, թե՞, այնուամենայնիվ, թելադրողը կդառնա բանականությունը։  
- Վերջին օրերի քաղաքական զարգացումներից տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը հաջողվեց մեկուսացնել Ռուսաստանին։ Ասեմ նաև, որ Չինաստանը չի ողջունում ՌԴ-ի կեցվածքը Ղրիմի հարցում։ Իմիջիայլոց, վերջին տարիներին չինացիները մեծ ներդրումներ են կատարել Ղրիմում։ Ռուսաստանյան ղեկավարությունը քայլ անելուց առաջ պետք է լրջորեն խորհի։ 
Ռուսաստանը չպիտի ռազմական բախման մեջ մտնի սլավոնական մի այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ուկրաինան է, որի հետ պատմական ավանդական կապեր է ունեցել։ Անընդհատ խոսվում է Ուկրաինայի տրոհման մասին։ Կարծում եմ, իրադարձություններն այդ ուղիով չեն զարգանա, քանի որ ռուսամետ արևելյան հատվածում էլ քիչ չեն արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքացիները։  Կարծում եմ, ռուսաստանյան քաղաքական վերնախավը հասկանում է, որ իրեն չի հաջողվի դեպի իրեն քաշել Ուկրաինան, ուրեմն, փորձում է պահպանել Ղրիմը։ Ամենևին պատահական չեմ համարում այն, որ 1992թ. ՌԴ Պետդուման անօրեն է համարել 1954թ. Խորհրդային Միության որոշումը Ղրիմը Ուկրաինային հանձնելու մասին։ 
- Խոսելով աշխարհի ուժային կենտրոնների հարաբերությունների մասին՝ մենք չպիտի մոռանանք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, որի խաղաղ կարգավորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ներկայացնող համանախագահների միջնորդական ջանքերի հիման վրա։ Մեզ համար, ինչ խոսք, անցանկալի են բացասական զարգացումներն այդ հարթությունում, մանավանդ այժմ, երբ համանախագահների  գլխավոր խնդիրը դարձել է խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում։
- Երկրագնդի ամեն մի հատվածում ուժային կենտրոնների հակադրությունը կամ բախումը, բնականաբար, բացասական հետևանքներ է թողնում։ Փոքր երկրների նկատմամբ քաղաքականությունը մշակվում և կյանքի է կոչվում ուժային կենտրոնների մասնակցությամբ։ Արտաքին ուժերն իրենց գործն անում են. այդ է վկայում համաշխարհային պատմությունը։ Անշուշտ, մեզ համար ցանկալի է, որ բախում տեղի չունենա, քանի որ կարող է ստեղծվել վտանգավոր իրավիճակ։ Հարված կարելի է ակնկալել ամենատարբեր տեղերից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կրքերն այդաստիճան չեն շիկանա, Արևմուտքն ու Ռուսաստանը կպահպանեն հավասարակշռություն՝ գերադասելով խնդիրները քննարկել խաղաղ բանակցությունների միջոցով, առանց ռազմական դիմակայության։      
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ