Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՓՈՐձՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխությունների այս փուլում, երբ ուժային կենտրոնների միջև  հակասությունների խորացումը մարդկությանը կանգնեցրել է մի նոր մարտահրավերի առաջ, մեր ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն են ստանում հարևան պետությունների հետ հարաբերություններն ու նրանց արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որին, հնարավոր է, վերապահվի որոշակի դերակատարություն՝ պայմանավորված Ղրիմում ծավալված իրադարձություններով։ 
Պաշտոնական Անկարան, որ վերջերս միայն քննադատության էր արժանանում ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից, այժմ սպասում է ինքնադրսևորման հարմար պահի։ Նկատի ունենանք Ղրիմի թաթարների այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե Ռուսաստանին միանալու հարցում հաշվի չառնվի իրենց կարծիքը, ապա թաթարները ստիպված կլինեն դիմել թուրքալեզու աշխարհին և, առաջին հերթին, Թուրքիային։ Այս գործընթացներին անտարբեր մնալը թուրքական ղեկավարության համար կնշանակի շեղվել արտաքին քաղաքական ուղեգծից, հետևաբար և՝ երկրի գոյատևման պատմական ընթացքից։ 
Իսկ պատմությունը վկայում է, որ Ղրիմը մի ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։ Թերակղզում բնակություն հաստատած թաթարներին թուրքերը համարում են ցեղակիցներ և պատրաստ են պաշտպանել նրանց իրավունքները։ Կարելի է ասել, որ հենց այս հանգամանքն է, որ վերստին թարմացնում է Արևմուտք-Թուրքիա դաշնակցային հարաբերությունները. եթե թերակղզու մեծամասնություն կազմող ռուս բնակչությունը հակված է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում, ապա Արևմուտքի ծրագրերում այսօր մեծ նշանակություն է տրվում թաթարների պայքարին, որոնք դրսևորում են ակնհայտ ոչ ռուսական կողմնորոշում։ Մի խոսքով՝ ակտիվ  գործողությունների դուռ է բացվում թուրքական ղեկավարության համար։ 
Հարկ է մեր ազգային ու պետական շահերի տեսանկյունից դիտարկել այդ երկրում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները՝ հասկանալու, թե մոտ ապագայում միջինարևելյան տարածաշրջանում ինչպիսին է լինելու թուրքական պետությունը, ինչպիսին են լինելու նրա գործողությունները հարավկովկասյան տարածաշրջանում, և ընդհանուր առմամբ՝ նրա հավակնություններն իսլամական աշխարհում։           
Այդ երկրի ներքին կյանքի անցուդարձերին մենք արդեն ծանոթ ենք։ Աղմկահարույց կոռուպցիոն հանցագործություններն առաջ բերեցին հասարակության զայրույթը, ինչը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի, որոնց մասնակցող քաղաքացիները, որպես գլխավոր պահանջ, առաջ են քաշում վարչապետի հրաժարականը։ Դա նշանակում է, որ հասարակությունը լիովին կորցրել է վստահությունն իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության և նրա վարած քաղաքականության նկատմամբ։ 
Ներքաղաքական զարգացումների վրա, անշուշտ, իր ազդեցությունն է ունենալու Էրդողան-Գյուլեն հակասությունների հանգուցալուծումը։ Կհաջողվի՞, արդյոք, քաղաքական ասպարեզից հեռացնել ներկա վարչապետին. վերլուծաբանները չեն բացառում նախագահի և վարչապետի պաշտոնների փոխանակումը։ Այս տարվա օգոստոս ամսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, և այս պարագայում երկրի փաստացի ղեկավարի գլխավոր խնդիրը ներքաղաքական կյանքում դիրքերը պահպանելն է։ Իսկ եթե նա հեռացվի ասպարեզից, հակաիշխանական գործողություններ ուղղորդող Ֆեթհուլլահ Գյուլենն արդյո՞ք հարկադրված չի լինի հաղթահարել Արևմուտքին հակազդող այլ ուժերի դիմադրությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռևս հայտնի չեն։  
Հասարակական խմորումներն ու ներքաղաքական լարվածության ուժեղացումը  երկրում, ամենայն հավանականությամբ, ավարտվելու են ինչ-որ կոնկրետ արդյունքով։ Այսօր  կանխատեսումներ են արվում մեկ հարցի շուրջ. Էրդողանը կկարողանա՞ հաղթահարել իրեն բաժին հասած մեծ փորձութունը։ Վերջին օրերի լրահոսը տեղեկացնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին հարձակումներ են տեղի ունենում իշխող կուսակցության նախընտրական շտաբների վրա։ Ստամբուլում ցուցարարները ներխուժել են 6 նախընտրական շտաբ և ավերածություններ արել։
Այս փուլի գլխավոր  հարցականը ներկա  ղեկավարության ապագային է վերաբերում, և, բացի այդ, հարց է նաև՝ նախագահական ընտրությունների նախաշեմին ինչպիսի՞ն է լինելու քաղաքական ուժերի դասավորվածությունը։ Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ  Ֆ. Գյուլենն առայժմ մտադրություն չունի փոխըմբռնման եզրեր գտնել Էրդողանի հետ՝ նախկին հարաբերությունները վերականգնելու նպատակով։ Այդ է վկայում անցած փետրվար ամսին Թուրքիայից ԱՄՆ ուղղված ազդանշանը. Էրդողանն ակնարկում էր, որ, կուսակցություն ստեղծելով, Գյուլենը ցույց կտա ժողովրդավարական պայքարի օրինակ և այդ ճանապարհով կհասնի նպատակին։ Վարչապետը, պարզ է, դիմել է խորամանկության. նոր ձևավորվող քաղաքական ուժի վրա հնարավոր է ճնշում գործադրել կառավարական լծակներով, հետևաբար, պայմանավորվելը դառնում է ավելի հեշտ։ Արևմուտքից առայսօր ոչ մի արձագանք չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ Գյուլենը նպատակահարմար չի գտել նորից մերձենալ իր նախկին դաշնակցին։ Հենց միայն նրա համար, որ արդեն նախկին է։          
Էրդողանը Գյուլենին կուսակցություն ստեղծելու կոչ անելով փորձել է տպավորություն ստեղծել, որ իր մրցակիցը Արևմուտքի հորինած քաղաքական ուժն է, որը երկիրը տանելու է քայքայման։ Իսկ արևմտյան գաղափարախոսությունն ի չիք է դարձնելու պանիսլամիզմի հեռանկարը։ Դրանով վարչապետը միայն քաղաքական դիվիդենդներ է շահում երկրի ներսում գործող որոշ ուժերի շրջանում։  Էրդողանի համար մեծ հարց է դարձել այն, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Մարտի վերջին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնք էլ ցույց կտան իշխող կուսակցության իրական վարկանիշը։ Մեզ մնում է հետևել, թե ինչպես նա դուրս կգա քննությունից։  
Այս ամենով հանդերձ, կա մեկ հանգամանք, որն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Զինվորականությունը Թուրքիայում այն խավն է, որը մշտապես դերակատարություն է ունեցել հեղափոխությունների ժամանակ։ Այս փուլում գեներալներից ոչ մեկի անունը ջրի երես չի հանվում։ Խորհրդավոր լռություն է պահպանվում ընդհանրապես բանակի և մասնավորապես՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերած բարձրաստիճան զինվորականության դիրքորոշման շուրջ։ ՙԷրգենեկոն՚ թուրքական ազգայնամոլական խմբավորման ծրագրի տապալումից, մեծ թվով զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների  և գիտնականների ձերբակալությունից հետո ակնհայտ դարձավ զինվորականության կողմից իշխանությունը զավթելու անհնարինությունը։ Հեղինակավոր այդ խավը հայտնվեց խաղից դուրս։  
Վերջին ամիսների քաղաքական անցուդարձերի համապատկերին զինվորականության մասին տեղեկատվական աղբյուրները ոչինչ չեն հաղորդում։ Թուրքիայում նույնիսկ հարցնում են՝ ո՞ւր են հեղափոխությունների սիրահար գեներալները։ Արևմուտքից ղեկավարվող Գյուլենական շարժումը պետք է որ ազատ գործողությունների դաշտ ապահովեր նրանց համար։ Սակայն ոչ մի ակտիվություն չի նկատվում։ 
Հնարավո՞ր է, արդյոք, Թուրքիայի նման պետությունում ներքաղաքական զարգացումներից լիովին մեկուսացնել զինվորականությանը։ Գուցե նրանք սպասում են իրադարձությունների մի այնպիսի զարգացման, որ կարողանան վճռական ճակատամարտ տալ Էրդողանին։ Կարելի՞ է ենթադրել, որ իրադարձությունների զարգացումը հենց Ղրիմում հասունացած ճգնաժամն է, որում Թուրքիան արդեն տեսնում է իր ակտիվ դերակատարությունը։ Ամեն դեպքում այդ երկրում հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Մարտի 30-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են, որոնց առնչությամբ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ պարտության դեպքում պետք է սպասել իշխող կուսակցության հրաժարականին։ Ավելորդ է ասել, որ Ժամանակն ինքն է առաջ քաշում խնդիրները՝ ընդ որում,  ցույց  տալով, թե այդ խնդիրներից որն է գլխավորը և որը՝ երկրորդական։    
Այսօրվա փաստացի վիճակը  Գյուլենի պայքարն է իշխող վարչակարգի և երկրի փաստացի ղեկավարի դեմ, հակառակ կողմում  Էրդողանն է՝ դեռևս անհայտ ճակատագրով։ 
Ամեն դեպքում Թուրքիան թևակոխել է մի այնպիսի փուլ, որում հարկ է լինելու կայացնել արմատական քաղաքական որոշումներ՝ ներքին և արտաքին փորձությունները հաղթահարելու համար։ Իսկ դա հուշում է մեկ բան. հայկական կողմը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր զարգացումներին՝ բացառելով արտաքին վտանգները, ապահովելով սեփական երկրի անվտանգությունը։
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ