[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՇԵՂՎԵԼՈՒ ԸՆՏՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ՚

IMG_6045.JPGՀարցազրույց ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար 
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Սարգսյան, մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեով Ուկրաինայի կազմի մեջ մտնող այդ ինքնավարության քաղաքացիների գերակշիռ մասն արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին, ինչն ավելի խորացրեց  միջազգային հանրության մեջ առաջացած լարվածությունը: Ձեր գնահատականները` կապված այս վերջին իրադարձությունների հետ:
- Ցանկացած ժողովուրդ կարող է և պետք է ինքնորոշման իրավունքից օգտվելու հնարավորություն  ունենա: Ես ողջունում եմ ազատ պայմաններում Ղրիմի ժողովրդի` այդ իրավունքից օգտվելու քաղաքակիրթ ձևը: Առհասարակ նման գործողությունների արդյունավետությունը բարձր է լինում այնքանով, որքանով դրանք համապատասխանում են միջազգային նորմերին: Ցավոք, մենք սահմանափակ ԶԼՄ-ների միջոցով միայն հետևեցինք այդ ընթացքին: Իմ անձնական կարծիքը հետևյալն է. քանի որ նախկին խորհրդային տարածքում մենք ինքնորոշման համար պայքարի եզակի փորձ ունենք, մեր հանրապետությունը կարող էր դիտորդներ ապահովել Ղրիմի հանրաքվեի ժամանակ, իսկ մենք էլ առաջին աղբյուրից տեղեկատվություն կունենայինք: Ես նաև այն կարծիքին եմ, որ եթե տվյալ տարածքի բնակչության 96 տոկոսը կողմ է արտահայտվում անկախության և միացման, ապա այստեղ Ռուսաստանի կողմից բռնակցման և  նրա հանդեպ խիստ պատժամիջոցների հետագա կիրառման մասին խոսակցություններն անհանդուրժելի են: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ղրիմի ընտրած ճանապարհը կամարտահայտման  գրագետ և ճիշտ ձև է ու համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։  
- Այսօր նաև փորձ է արվում զուգահեռներ փնտրել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի մեջ:    
- Ղրիմի և Արցախի հանրաքվեները և դրանց նախորդող դեպքերը չի կարելի իրար հետ համեմատել: Ղրիմում հանպատրաստից ստեղծվեց մի իրավիճակ, որի ազդեցությամբ և որին համապատասխան կատարվեց այն, ինչ կատարվեց: Մեր ազգային-ազատագրական շարժմանն ու հանրաքվեին նախորդել է Ադրբեջանի յոթ տասնամյակ տևած հայատյաց քաղաքականությունը: Այդ ընթացքում չորս անգամ  բարձրացվել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերադարձնելու հարցը: Ղրիմի և  ԱՊՀ տարածքում նմանօրինակ այլ գործընթացների համար Ղարաբաղը նախադեպ է. սա միանշանակ է: Պատմականորեն, իհարկե, այստեղ կարելի է շատ ընդհանրություններ որոնել` Ղրիմը Ռուսաստանի կազմում էր մինչև 1954 թ.: Ժողովուրդների կամարտահայտման գործընթացները, սակայն, ունեն իրենց տարբերությունները և զուգահեռներ տանելը տեղին չէ: Իրադարձությունների նման զարգացումները սովորաբար ունենում են տարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական, էթնամշակութային և պատմական հիմքեր: Պարզապես այդ հանրաքվեն միջազգային զարգացումներում ինքնորոշման իրավունքի առաջնահերթության սահմանման ևս մեկ օրինակ դարձավ, ինչը մեզ համար, անշուշտ, դրական է և որպես գործընթաց նպաստում է մեր հանրապետության` ընդհանրական իմաստով ճանաչմանը:  
- Այսօր փորձագիտական շրջանակներում հնչում են կարծիքներ հակամարտության կարգավորման մեջ Արցախի դերն ավելի հստակեցնելու  նպատակով ՀՀ և ԼՂՀ  կողմից առավելագույն ակտիվություն ցուցաբերելու, պահը ճիշտ օգտագործելու առումով:
- Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ տարիներ առաջ էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհը ոչ միայն Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն են, այլև Ղարաբաղի ճանաչման համար պետական մակարդակով տարվող գործընթացը: Մենք երկու-երեք տարի առաջ հասանք այդ լուրջ թերության վերացմանը և այսօր կարևոր ձեռքբերումներ ունենք: Իմ կարծիքով, մեր ճակատագիրն անմիջականորեն հենց այդ գործընթացով է պայմանավորված: Այս ճանապարհին պակաս կարևոր չեն նաև երկրի ներսում կատարվող ժողովրդավարական բարեփոխումները, արտաքին քաղաքականության մեջ մեր անհրաժեշտ ճկունությունն ու հեռատեսությունը և այլն: Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ Ղարաբաղը կարող է օգտվել արևելք-արևմուտք հակասությունից:   
- Կա կարծիք, որ կրկին կակտիվանան ՀՀ  կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին խոսակցությունները:
- Այդ հարցը պարբերաբար օրակարգային է դառնում արտաքին աշխարհում տեղի ունեցող նմանօրինակ իրադարձություններից հետո որոշ քաղաքական գործիչների և փորձագետների շնորհիվ: Ես այն կարծիքին չեմ, որ այսօր այդ պահն է: Հայաստանը մեր անկախությունը պետք է ճանաչեր 1991-92 թթ.: Լևոն Տեր-Պետրոսյանը դա չարեց, և այսօր, ԼՂՀ փաստացի անկախությունից 23 տարի անց, նման քայլը աբսուրդի կնմանվի: ԼՂՀ և ՀՀ միջև պետք է կնքվեն միջպետական մի շարք անհրաժեշտ պայմանագրեր, ինչը հենց կապացուցի, որ Հայաստանը ճանաչել և ճանաչում է մեր անկախությունը:  
- Ի՞նչ կանխատեսումներ ունեք, կապված իրադարձությունների զարգացման և Ռուսաստանին տված Արև-մուտքի կոշտ գնահատականների վերաբերյալ:
- Իմ կարծիքով, կկրկնվի Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակը: Գերտերություններն, ինչպես միշտ,  կշարունակեն գործել շահի թելադրանքով: Ղրիմի  հանրաքվեով, փաստորեն, սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը, ինչն անխուսափելի էր, երբ իշխանության եկան ընդդիմադիրները։ Ուկրաինայում լարվածությունը կշարունակվի, միջազգային մամուլում կրկին հայտնված ՙսառը պատերազմ՚ ձևակերպումը տևական ժամանակ կպահպանի արդիականությունը: Հանրաքվեից հետո Արևմուտքի տված գնահատականների պատճառը  ոչ թե միջազգային նորմերին Ղրիմի հանրաքվեի անհամապատասխանությունն է, այլ Արևմուտքի և ՌԴ միջև գոյություն ունեցող և ավելի խորացող  հակասությունները: Փորձը ցույց է տալիս, որ այն, ինչն ընդունելի է  ՌԴ-ի համար, չի կարող ընդունելի լինել Արևմուտքի համար, այսինքն՝ ըստ Արևմուտքի դիրքորոշման՝ ինքնորոշման իրավունքն ուժ ունի Կոսովոյի պարագայում, Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում՝ ոչ:
- Վերջին իրադարձությունները ոմանց համար նոր առիթ են` կանխատեսումներ անելու, որ Ռուսաստանը նույն փորձը կարող է կրկնել նաև Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, հատկապես եթե դիտարկենք  Ռուսաստանից  հնչող վերջին քաղաքական հայտարարությունները, օրինակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու ակնարկը:
- Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ նման դեպքերում պետք է ուժեղ հակահարված տալ այն բոլոր ուժերին, այդ թվում նաև որոշ հայ քաղաքական գործիչների, ովքեր փորձում են կասկածի տակ դնել Արցախի անկախությունը: Քաղաքական երկնքում հայտնվել են առաջին ծիծեռնակները, որոնք Մերձդնեստրի մոտ հնչեցնում են կանխատեսումներ, որ նա ևս կմիանա Ռուսաստանին: Այսօր հայ իրականության մեջ էլ գոյություն ունեն ուժեր (և նրանց առաջին փորձերին մենք արդեն տեղյակ ենք), որոնք ձգտում են շեղել մեր քաղաքական պայքարի ուղղությունը: Նրանց ես քաղաքական գործիչ եմ անվանում մեծ վերապահումով, որովհետև վերջիններիս բռնած դիրքը հակահայկական, հակապետական, հակադեմոկրատական է և արժանի է համաժողովրդական հակահարվածի: Մենք ժամանակին մեր անկոտրում կամքը հայտնել ենք օրինական և համաժողովրդական միջոցներով և  իրավունք չունենք թույլ տալու, որ պատմության սողանցքներում միշտ գլուխ պահած գործիչները, օգտվելով իրավիճակից,  գլուխ բարձրացնեն և փորձեն խաղալ ժողովրդի ճակատագրի հետ: 
 
 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ