[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՒՐԲ ԿՇՌԱԴԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Թուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերստին բռնկված մարդաշատ ցույցերն ունեն երեւութական (խաբուսիկ) շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության մահակների հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաճեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժման: Այս շարժման բաղադրիչները, հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ, բազմազան են:
Պետք չէ մոռանալ, որ թուրք պատանու մահվան դիմաց նման ժողովրդական արձագանքն ընդգծում է երեւութական շարժառիթի տակ արմատավորված պայթունավտանգ ենթահողի առկայությունը: Այստեղ է արդեն, որ շարժմանը ներգրավված ուժերի տարբաղադրման փորձը համոզում է, որ բնապահանության, մարդու իրավունքների, ձախակողմյան գաղափարախոսության, մշակութային ժառանգության պահպանման հետամուտները իշխանափոխության առաջադրանքով հետզհետե կազմում են վարչակարգի փոփոխությունը պահանջող ուժերի համախմբան նախաձեւավորումը:
Եւ այս առումով, վարչապետ Էրդողանի դիպաշարի բնութագրումը տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ: Էրդողանը դեպքերի նման ընթացքը կապում է մարտի 30-ի ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, դրանք որակելով առեւտրական ընկերությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրահրված գործողություններ: 
Ընտրարշավի այս եղանակի կայացման պատասխանատվությունը  բարդելով առեւտրական ընկերությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների վրա, վարչապետ Էրդողանը թափանցիկ ձեւով մատնացույց  է անում իսլամականության հոգեւոր-աշխարհիկ ուղղությունների համատեղման գաղափարախոսության հիմնադիր եւ ԱՄՆ-ում հաստատված Գյուլենին եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետևում կանգնող ուժերին: Ոչ կառավարական կազմակերպությունների աշխատելաձեւը, ճշտած առաջադրանքներն  ու քաղաքացիական շարժումների վրա ազդելու հնարավորություններն ընդհանրապես  կազմում են  արեւմտյան մշակույթի մաս եւ կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ավելի հստակեցնելու համար Էրդողանը, առանց ուղղակի վերագրումի, իսլամական վարչակարգի փոփոխության շարժման հետևում տեսնում է ԱՄՆ-ից Թուրքիայի հաստատություններն ու կառույցները հեռակառավարող Գյուլենին ու  ընդհանրապես Արեւմուտքին: Պատասխանատվության հավասարեցման հայտարարություն է պարզապես Էրդողանի կատարածը:
Առաջադրվածը փոփոխությու՞նն է, թե՞ իշխանության թուլացումը, ավելի պարզ կդառնա մինչեւ նախագահական ընտրությունները: Հունիսի դեպքերից հետո կանգ չի առել Էրդողանով հատկանշվող Անկարայի իշխանությունների վարկաբեկմանն ուղղված գործողությունների շարքը: Թվում է, սակայն, որ խորքային պետության որոշման կենտրոնները սանձերը թուլացնելու եւ ամրացնելու հավասարակշռման խաղի ղեկը  շարունակում են պահել իրենց ձեռքում: 
Համացանցի կարեւորագույն ծառայությունները փակելու Էրդողանի սպառնալիքը հիշեցնում է արաբական գարնանային հովերից ազդված երկրների ղեկավարների հակազդեցության քայլերը: Այստեղ եւս դեպքերի հրահրման պատճառները դրսից ներածված լինելու հաստատմանը կապվում են ուղղակիորեն:
Ներթուրքական այս իրադարձությունների պարունակում, հայկական գործոնի նկատմամբ ամփոփ դիտարկում կատարելուց  առաջ պարզապես հարկ է նշել, որ ներքին սրացող ճգնաժամի արտահանման փորձ է կատարում նոր օսմանականության ճարտարապետական համակարգը՝ Ղրիմում համաթուրանական գաղափարախոսության կարգախոսի տակ տեղի թաթարների անվտանգությունն ապահովելու աշխույժ հայտարարություններով:
Թուրքական նորագույն իրադարձություններում ՙՆոր զարթոնք՚-ի հայտնվելը ձախակողմյան ուժերի եւ քաղաքացիական շարժման օղակներում այս առումով միակ տեսանելի իրողությունը չէ: Ազգայնական թուրքական ուժերի ընտրացանկերի վրա հայ անունների հայտնվելը, որքան էլ զանգվածային հենարան չունենա, այսուհանդերձ հայ տարրին այդ ուղղության վրա եւս արձանագրվելու երեւույթն է ընդգծում: Եւ կա երրրորդ հիմնական բաժինը, որը  վերաբերում է ավանդական համայնքին՝ գործող մեծամասնությանն ի նպաստ հավանական դիրքորոշմանը: 
Հայկական գործոնի հավելյալ աշխուժացումը գուցե այս հանգրվանին այնքան էլ առաջադրելի չէ: Մանավանդ, որ դեռեվս այս շարժումներում ծայր չեն առել ինքնության խնդիրները: Այդ պահն  արդեն ճակատագրորոշ տարողությամբ ուրի՜շ հանգրվան է:
 
 Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
ՙԱզդակ՚ թերթի 
գլխավոր  խմբագիր