[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԴՆՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

427277_102576229868706_68046805_n_cr.jpgՍտեփանակերտում մարտի 22-24-ն անցկացված Հայ հեղափոխական դաշնակցության միջմարմնական խորհրդաժողովի  մանրամասները՝  Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցում։
- Ո՞րն էր խորհրդաժողովի անցկացման շարժառիթը. նախապես ծրագրվա՞ծ միջոցառում էր, թե՞ պայմանավորված էր աշխարհաքաղաքական վերջին  զարգացումներով։ 
- Դաշնակցության գերագույն ժողովները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ, իսկ այդ ընթացքում, համաձայն կուսակցության կանոնագրի, տարին մեկ անգամ էլ տեղի է ունենում դաշնակցության միջմարմնական խորհրդաժողովը։ Վերջինս, որպես կանոն, անց էր կացվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Հայրենիքում հաստատվելուց հետո դաշնակցության խորհրդաժողովի կենտրոն է ընտրվել Երևանը։ Միջմարմնական խորհրդաժողովներին մասնակցում են աշխարհասփյուռ կուսակցության մարմինների ներկայացուցիչներ։
Վերջին խորհրդաժողովը նախօրոք ծրագրված էր, պարզապես  քաղաքական անցուդարձերի բերումով կարևորվել է այստեղ անցկացնելու հանգամանքը։ Խոսքը վերաբերում է թե՜ ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտությանը, թե՜ Ղրիմի իրադարձություններին և թե՜ Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Պարսկաստան հարաբերություններին՝ ընդհուպ մինչև սիրիական հակամարտություն։ Այն պետք է դիտարկվի նշված բոլոր քաղաքական զարգացումների համատեքստում։ Առհասարակ, կարծում եմ, Արցախում անկացվող ցանկացած խորհրդաժողով ունի քաղաքական լուրջ շեշտադրումներ։ 
- Պարոն Իշխանյան, կխնդրեի Ձեզ ներկայացնել խորհրդաժողովի օրակարգային հարցերի շրջանակը։ 
- Օրակարգն ամբողջությամբ ներառել էր Արցախի ներքին և արտաքին հիմնախնդիրները, արտաքին մարտահրավերներն ու դրանց դիմակայելու մեր հնարավորությունները, ու նաև դաշնակցություն-իշխանություն ուժերի համադրման անհրաժեշտությունը։ Միջոցառման կարևորության մասին են վկայում խորհրդաժողովի մասնակիցների հանդիպումն Արցախի Հանրապետության Նախագահի և Հայ Դատի պատասխանատուների հանդիպումն արտաքին գործերի նախարարի հետ։ Նշված երկու կարևոր հանդիպումներն ունեին իրենց  նպատակը՝ հետագա գործընթացները համադրելու առումով։ Անդրադարձ է եղել նաև Արցախի սոցիալ-տնտեսական կացությանը, ներկա վիճակին և այն ուղիներին ու սկզբունքներին, որոնք կարող են կարևոր դեր խաղալ Արցախի ներկա կացության բարելավման գործում։ Ես նկատի չունեմ նյութական հնարավորությունները. որպես Սփյուռքի ամենաազդեցիկ քաղաքական ուժ՝ դաշնակցությունն ունի նրա մտավոր, մասնագիտական ներուժը  Արցախի և Մայր հայրենիքի ապագան կերտելու գործում ներառելու խնդիր։ Գնահատականներ տալիս միշտ էլ ընդգծվել է, որ այդ ներուժը բավարար չափով չի օգտագործվում հայրենիքի զարգացմանն ուղղված գործընթացներում։ Խորհրդաժողովի կարևոր շեշտադրումներից մեկը հենց դա էր։ Անչափ կարևոր է Սփյուռքի մեր կառույցների կողմից առկա հիմնահարցերի անմիջական և խորը ընկալումը։ Չնայած դաշնակցության բոլոր շրջաններն էլ ունեն համապատասխան պատկերացումներ Արցախի ներքին կյանքի մասին, այդուհանդերձ, վերջին խորհրդաժողովում առանձնացվեցին այն հիմնական ուղղությունները, որոնց վրա պիտի սևեռվեն Դաշնակցության կառույցներն  առաջիկա տարիներին։ 
Կարևորվեց Արցախի ներկայացուցիչների հետ աշխատանքների շարունակականությունը ոչ միայն քաղաքական հարթությունում՝ Արցախի միջազգային ճանաչման, նրա իրավունքների պաշտպանության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև ապահովել Սփյուռքի և օտար շրջանակների ներգրավվածությունը տնտեսական զարգացման ծրագրերում։ 
- Խորհրդաժովն ի՞նչ մարտահրավերների է անդրադարձել, որոնք այսօր առավելագույնս պիտի մտահոգեն մեր ժողովրդին։ 
- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի միջազգային ճանաչման հեռանկարին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, դաշնակցության անմիջական մասնակցությամբ տարբեր աշխարհամասերում տարբեր մակարդակներով տարվող աշխատանքները հաջողություն են ունեցել։ Բնականաբար, չեմ ուզում անդրադառնալ նյութին, բայց այդ նույն շրջանների ներկայությունն այստեղ արդեն իսկ կարևոր է։ Նրանց աշխատանքի ուղղությունը հասկանալի է. առաջիկայում փորձելու են ավելի ընդլայնել իրենց գործունեության շրջանակը՝ լինի դա նահանգային, թե ընդհանուր համապետական մակարդակով։ ԼՂՀ արտգործնախարարի հետ հանդիպման նպատակներից մեկը հենց աշխատանքների համադրումն է՝ մեր ներքին նվազ ռեսուրսների պայմաններում։ 
Նյութականից առավել շատ կազմակերպական աշխատանքներն են կարևորվում։ Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Ա. Չավուշօղլուի՝ Եվրոպայում թուրքական գործոնն ակտիվացնելուն միտված քայլերին։ Կուսակցության կառույցների և մասնավորապես  Եվրոպայի խորհրդում ներկայացված հայկական պատվիրակության  համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ թուրք պաշտոնյայի՝ նույնիսկ ենթահանձնաժողովի մակարդակով աշխատանքնեերի կասեցումը։    Պիտի ասեմ, որ Արցախում ընդհանրապես այդ կարգի աշխատանքների  համադրումը կատարվում է ճիշտ ուղղությամբ։ Մեր որդեգրած ճանապարհը պետք է օրինակ հանդիսանա Հայաստանի  արտաքին քաղաքական գերատեսչության համար։ 
- Խորհրդաժողովի աշխատանքի ընթացքում հրապարակվեց ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը, որով դատապարտվեցին Սիրիայի տարածքում գտնվող, երբեմնի Կիլիկյան  Հայաստանի մաս կազմող՝ հայաբնակ Քեսաբ ավանի վրա ձեռնարկված հարձակումները, որոնց անմիջական նախաձեռնողը Թուրքիան էր։
- Սիրիայի ներկայացուցիչները խորհրդաժողովում հանդես եկան  զեկուցումով, որը բացառապես ներքին լսարանի համար էր և պարունակում էր բավականաչափ տեղեկություններ։ Ի դեպ, այն, ինչ տեղի է ունենում տեղեկատվական դաշտում, հարցի մի փոքր մասն է ներառում։ Քեսաբի իրադարձությունները դատապարտվել են ոչ միայն ՀՅԴ բյուրոյի մակարդակով. հանդես է եկել  Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, Ամերիկայի կենտրոնական կոմիտեն  և այլ կառույցներ։ Այն հասցեագրված  էր Թուրքիային, որովհետև  Քեսաբի դեպքերը կապվում են ոչ թե սիրիական ճգնաժամի հետ, այլ դիտվում են որպես թուրքական քաղաքականության շարունակություն, թուրքական գործոնի ակտիվացում՝ ուղղված հայության դեմ։ Նման գործընթաց կարող ենք տեսնել Ղամիշլիում՝ Սիրիայի արևելյան հատվածում տեղակայված հայկական բնակավայրերից մեկում, որը նույնպես պատմական Կիլիկյան Հայաստանի մաս է կազմում։ 
Այն, ինչին մենք տիրապետում ենք, ինչը զեկուցվեց վերջին խորհրդաժողովում՝ թե՜ սիրիացի ընկերների և թե՜ մյուս մասնակիցների  կողմից, կարծում եմ, հրապարակման ենթակա չէ։ Միայն կուզենայի նշել, որ սիրիահայ համայնքի որդեգրած քաղաքականությունը երկրի ներսում առ այսօր արդարացրել է իրեն։ 
Փաստենք, որ բավականին ծանր է սիրիահայության վիճակը։ Մեզ համար դա նորություն չէ։ Մեզ հաջողվել է պետական մակարդակով որոշ քայլեր ձեռնարկել նրանց օժանդակելու ուղղությամբ, ներառյալ նյութական օժանդակությունը, արցախյան հողի վրա նրանց համար կյանքի պայմանների ստեղծումը։ Արցախն աշխարհասփյուռ հայության հետ միասին պատրաստ է ոչ միայն նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալ սիրիահայությանը, այլև գործուն մասնակցություն ունենալ նրանց ինքնապաշտպանությանը։ Իսկ մեր պարտավորությունը սիրիահայ եղբայրների առաջ երկակի բնույթ ունի. գաղափարախոսությունն՝ առաջին հերթին, բայց դրա հետ մեկտեղ չպիտի մոռանանք, որ սիրիահայերը ժամանակին մեր կողքին էին կանգնած։ 
- Ի՞նչ կարծիքի են ձեր կուսակիցները ռազմավարական նշանակություն ունեցող հայաբնակ տարածքի ապագայի մասին. հնարավո՞ր կլինի պահել Քեսաբը, թե՞ այն արդեն համարվում է կորսված։ 
- Դժվար է կանխատեսել, ուղղակի նկատի ունենանք 1900-ական թվականներից առ այսօր տեղի ունեցած անցուդարձերը. շրջանը մի քանի անգամ տեսել է հայության դատարկում և ապա՝ վերադարձ։ Սիրիահայ մեր ընկերների հավաստմամբ՝ հայությունը նորից կվերադառնա Քեսաբ։ 
- Ի՞նչ անելիքներ ունի հայկական դիվանագիտությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ աշխարհի ուժային կենտրոնների շուրջ համախմբվում են նվազ հզորություն ունեցող պետությունները։
- Խորհրդաժողովի ժամանակ միանգամայն հստակ մատնացույց արվեց  նոր աշխարհակարգի ի հայտ գալու փաստը, ինչը նշանակում է  նոր իրավիճակ և  նոր զարգացումներ։ Խորհրդաժողովի օրակարգային հարցերը հիմնականում Արցախի ներկային ու ապագային էին վերաբերում, բայց, դրանով հանդերձ, մասնակիցները չէին կարող շրջանցել այդ հարցերը։ Առաջին հերթին անդրադարձան այդ նոր աշխարհակարգով պայմանավորված դիվանագիտական խնդիրներին։ Ամբողջ խորհրդաժողովն ընթացել է այդ շեշտադրումով։ Անելիքներ ունեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ ժողովրդական դիվանագիտությունը։ Միանշանակ ասեմ, որ առկա մարտահրավերները մեզ համար ստեղծում են նոր պայմաններ՝ ոչ այնքան բարենպաստ։ Առավելագույն չափով հրատապություն են ստանում հետագա մեր բոլոր քայլերի համադրումն ու աշխատանքների համակարգումը։ Խորհրդաժողովն անհրաժեշտ է համարել Հայաստանի իշխանություններին ներկայանալ որոշ առաջարկություններով։ 
- Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է որ դաշնակցությունն իր գլխավոր անելիքներին անդրադառնար նաև Արցախում։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն արցախյան լրատվամիջոցին տված հարցազրույցում  շեշտել է, որ  ՀՀ իշխանությունները մինչև 2015 թվականը պետք է հետ վերցնեն ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից, չնայած Հայաստանը Եվրոպայի առաջ ստանձնել է որոշակի պարտավորություններ։ 
- Դաշնակցությունն ունի ձևավորված տեսակետ արձանագրությունների նախաստորագրման և դրան հաջորդած բոլոր քայլերի վերաբերյալ, որն  արտահայտված է տարբեր ՝ Հայ Դատի գրասենյակների, կուսակցության մյուս օղակների, ՀՀ և Արցախի խորհրդարաններում ներկայացված խմբակցությունների մակարդակով։ Այդ արձանագրությունները հետ պահանջելը միանշանակ կլինի Հայաստանի դիվանագիտության կարևոր քայլերից մեկը։ Ինչ խոսք, ուժային կենտրոնների ճնշումներն ակնհայտ են, բայց Հայաստանը չի կարող չտեսնել Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, նրա արտաքին քաղաքական ուղեգիծը։ Հատկապես ղարաբաղյան հարցում։ Ակնհայտ է, որ  այդ փաստաթուղթն ուղղակիորեն կապվում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Ի սկզբանե  այդպես է եղել։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, կամ հայ-թուրքական սահմանի բացումը մեզ համար երկրորդական նշանակություն ունի, քանի որ թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանը ղարաբաղյան խնդիրն է։                              
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ