[ARM]     [RUS]     [ENG]

ՙՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԶՈՀԱԲԵՐԻ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՀԱՆՈՒՆ ՈՐԵՎԷ ՄԻՈՒԹՅԱՆ՚

Խնդրահարույց հարցերի շուրջ բնակչության կարծիքը պարզելու Հայաստանում ամենատարածված եղանակը սոցհարցումներն  են։ Հարցաթերթիկներում ներկայացվող հարցերը շատ դեպքերում վերաբերում են ներքին կամ արտաքին քաղաքականությանը։ Այդ առումով բացառություն չէ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող  հարցը՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը (ՄՄ), թե՞  Եվրամիությանը (ԵՄ)։
Այս թեմայով ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի կողմից շուրջ 5000 քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները լրագրողներին ներկայացրեց Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը. ՙՀարցված 5000 քաղաքացիների 64,5 տոկոսը ՙկողմ՚ է Մաքսային միությանն անդամակցությանը, 7,4-ը՝ ՙդեմ՚։ Եվրամիությանը միանալուն ՙկողմ՚ են 16,2 տոկոսը, իսկ ՙդեմ՚ են 23,2 տոկոսը՚։ Մաքսային միության կողմնակիցների թվի գերակշռությունն, ըստ սոցիոլոգի, պայմանավորված է երկու հանգամանքով. 1. ՀՀ քաղաքացիների մի զգալի մաս եկամուտ է ստանում ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած հարազատներից, 2. եվրոպական շուկայում հայկական ապրանքները մրցունակ չեն։ Այն, որ դեպի Եվրոպա գնալ ցանկացողները հիմնականում երիտասարդներն են, անսպասելի չէր սոցիոլոգի համար, ինչը, սակայն, չի կարելի ասել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կեցվածքի դեպքում։ ՙԿուսակցական առումով մեզ թվում էր, թե գոնե ընդդիմությունը պետք է ցայտուն դիրքորոշվեր. ՀՀԿ-ում չորսից երեքը կողմ է Մաքսային միությանը, ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում երեքը կողմ է, մեկը՝ դեմ Մաքսային միությանը, ՙԺառանգություն՚-ում հարաբերակցությունը մեկը մեկի է, ՀԱԿ-ում դեմ չկա՚,- նշեց սոցիոլոգը։
Սոցհարցումների արդյունքները ներկայացնելուց անմիջապես հետո լրագրողները հետաքրքրվեցին Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության առնչությամբ սոցիոլոգի ունեցած կարծիքով։ Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ  Նազարբաևն առաջարկել է, որ Հայաստանը  Մաքսային միություն մտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի։  Ա. Ադիբեկյանը Նազարբաևի քայլը բոլորովին զարմանալի չհամարեց. ՙՄի մոռացեք, որ Ղազախստանը թուրքալեզու ժողովուրդների միավորում է։ Նա պարտավոր է իր գործընկերոջ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանել։ Դա մեզ համար ակնկալելի էր, դրա մեջ ոչ մի վնաս Հայաստանին չեմ տեսնում։ Ու չեմ կարծում, որ Ղարաբաղը դրանից կտուժի։ Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կզոհաբերի Ղարաբաղը՝ հանուն որևէ միության՚։ Իսկ պայմանագրի ստորագրումից Հայաստանի հետ կանգնելու հարցում սոցիոլոգը խիստ կասկածում է. ՙԽաղի վրա մեծ գին է դրված, քանի որ Ռուսաստանը ՀՀ օրինակով ցույց է տալիս, որ Մաքսային միությունն ունի  հեռանկար, և արդեն Իսրայելը և այլ երկրներ դիմում են ներկայացրել Մաքսային միություն մուտք գործելու համար։ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև անցակետեր կլինեն, թե չէ, չեմ կարող ասել, պայմանագիրը դեռ քննարկվում է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ՄՄ սահմանների պաշտպանությունն ինչպես կարող է լինել։ Ինձ թվում է, որ անցակետեր չեն լինելու՚,- կարծում է Ա. Ադիբեկյանը։ Դիտարկմանը, թե ինչու Նազարբաևի հայտարարությանը ՀՀ-ի կողմից արձագանք չեղավ, սոցիոլոգը բացատրեց այն հանգամանքով, որ պայմանագրային գործընթացը դեռ շարունակվում է, և վստահաբար հավելեց. ՙՄաքսային միությունը չի կարող մեզ արգելել Ղարաբաղի հետ առնչվել՚։ 
 
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ