[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԹՈՒՐՔԱԼԵԶՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Պաշտոնական Բաքուն ո՜չ Արևմուտքի հետ է, ո՜չ էլ՝ Ռուսաստանի
Ուկրաինական ճգնաժամը և Ղրիմի միանալը Ռուսաստանի Դաշնությանը միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակ ստեղծեցին Սև ծովի ավազանում։ Այս հատվածը հայկական կողմի համար հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ Հայաստանն իր ջրային կապն արտաքին աշխարհի հետ ապահովում է Սև ծովի միջոցով։ 
Այստեղ մրցակցությունը մշտապես եղել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, քանի որ պատմականորեն հենց այս երկու պետությունների միջև է ընթացել պայքարը Ղրիմի թերակղզու համար։ 
Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո այդ պայքարը սրվեց այն աստիճան, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ համարեց բարձրաձայնել այնտեղ ապրող թաթարների իրավունքների պաշտպանության և նրանց անկախություն տալու մասին։ Նման բովանդակության հայտարարություններով, ինչպես հայտնի է, հանդես եկան Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը։ Բանն այն է, որ Ուկրաինայի կազմում գտնվելու ժամանակ Ղրիմի նավահանգիստները, համաձայն Մոսկվայի և Կիևի միջև կնքված պայմանագրերի, ժամանակավոր օգտագործվում էին ՌԴ զինված ուժերի կողմից։ Այժմ արդեն ռազմածովային ուժերի տեղակայման ու դրանց տնօրինման խնդիրը գտնվում է Մոսկվայի հայեցողության ներքո։ 
Նման իրավիճակը, բնականաբար, պետք է հարուցեր Թուրքիայի անհանգստությունը, մանավանդ այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց Ղրիմի թաթարների միջոցով անկայունություն ստեղծել թերակղզում։ 
Հիշեցնենք, որ Ղրիմում ծավալված բուռն իրադարձությունների ընթացքում ռուսաստանյան քաղաքական շրջանակների ներկայացուցիչները զանգվածային լրատվամիջոցներում ուղղակիորեն հայտարարում էին, որ Մոսկվայի համար դժվար չի լինի Ղրիմի թաթարների հետ պայմանավորվելը, դրանով հասկանալ տալով Թուրքիային, որ սևծովյան ավազանում դրության տերը լինելու է Ռուսաստանը։ Բնականաբար, նաև Հայաստանի շահերից է բխում այս շրջանում թուրքական ազդեցության նվազումը, հակառակ դեպքում հայկական կողմը կունենար ևս մեկ խնդիր Թուրքիայի հետ, ինչը միանշանակ ավելի կսրեր իրավիճակը հայ-թուրքական փակ սահմանի պայմաններում։  
Թուրքիայի համար նման անբարենպաստ  զարգացման խորապատկերին դիտարկենք  Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, որի շուրջ վերջերս բավականին ինտենսիվ քննարկումներ էին ընթանում։ Աստանայի դեպքերը թույլ տվեցին ենթադրություններ անել  Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման հնարավորության մասին։ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում հաճախակի կրկնվող հարցին` ի՞նչ ուղիով է ընթանում երկիրը. Արևմուտքի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի, օրերս պատասխանեց ալիևյան վարչակարգի դիրքորոշումը ներկայացնող` Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ Ադրբեջանական լրատվամիջոցին տված  հարցազրույցում հարցի պատասխանը հնչեց այսպես. Ադրբեջանը ո՜չ Ռուսաստանի հետ է, ո՜չ էլ Արևմուտքի։ Աստանայի հանդիպումից քիչ անց սույն քաղաքագետը հարկ  համարեց ի լուր աշխարհի հայտարարել, որ Ադրբեջանն ինքնաբավ պետություն է, և նրա արտաքին քաղաքական ուղեգիծը պայմանավորված է ազգային շահով։ Ուշադրության արժանի է նրա ակնարկը` ուղղված  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող պետություններին. Ղազախստանը,  Հայաստանն ու Ղրղըզստանը առանձնակի ոգևորված չեն Եվրասիական տնտեսական միության գաղափարով։ Ակնարկը հասկանալի է. Ղազախստանն ու Ղրղըզստանը` որպես դաշնակիցներ  ու հավատակիցներ շատ հեշտությամբ յոլա կգնան առանց այդ կազմակերպության։ Սրանք թուրքալեզու պետություններ են և ունեն մեկ ընդհանուր շահ` իրենց ապագան պատկերացնում են պանթուրանիզմի կյանքի կոչման մեջ։ Իսկ  Հայաստանի մասով ադրբեջանցի քաղաքագետն, անկասկած, նկատի է ունեցել քրիստոնեական արժեքների դավանումը և քաղաքակրթության մակարդակով Եվրոպային մոտ գտնվելը։ 
Միլլի մեջլիսի պատգամավորի խոսքերը վկայակոչելն ամենևին ինքնանպատակ չէ. սա առաջին հերթին նշանակում է, որ անկախ այն բանից, թե թուրքալեզու ժողովուրդներն ինչ միություններում ու դաշինքներում են ներկայացված, նրանք մշտապես ունեն մեկ գլխավոր աշխարհաքաղաքական նպատակ` Մեծ Թուրանի ձևավորում ու հզորացում։ Այնպես որ` ադրբեջանական իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը ներկայացնող պատգամավորը նպատակ է ունեցել շեշտել իր երկրի կողմից Եվրասիական տնտեսական միության և մյուս կազմակերպությունների ոչ այնքան պահանջված լինելը։ Ի դեպ, նույն ոճով նա արտահայտվել է նաև Արևելյան գործընկերության մասին` ասելով, որ Ադրբեջանին ոչինչ չի տալիս գործընկերությունը, այն ընդամենը երկիրը ներքաշում է  Մոսկվայի հետ հակասության մեջ։         
Այն ժամանակ, երբ Եվրասիական տնտեսական միության հիմքերն էին դրվում Աստանայում, թուրքալեզու ժողովուրդների առաջնորդները պատրաստվում էին հերթական անգամ աշխարհին ցույց տալ իրենց  համերաշխությունը։ Այսպես, հունիսի 4-ին Թուրքիայի Բոդրում քաղաքում հրավիրվեց Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովը, որի երկօրյա աշխատանքներին մասնակցել են Թուրքիայի,  Ղազախստանի, Ղրղըզստանի, Ադրբեջանի նախագահները, հյուրի կարգավիճակով`  նաև Թուրքմենստանի նախագահը։ Նշենք, որ նախորդ գագաթնաժողովն անց է կացվել անցյալ տարվա օգոստոսին` Ադրբեջանի Գաբալա քաղաքում, իսկ հաջորդը, ըստ ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության, հրավիրվելու է Ղազախստանում։  
Գագաթնաժողովի ընթացքում  Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գ. Բերդիմուհամմեդովի հետ։ Ի. Ալիևի շեշտադրումներին անդրադառնալը, կարծում ենք, այս պարագայում ավելորդ չէր լինի։ Կարևորելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` Ի. Ալիևն ընդգծել է Թուրքմենստանում ժամանակակից ծովային մեծ նավահանգստի կառուցումը` ասելով, որ դա թույլ կտա ավելացնել Կասպից ծովի վրայով բեռնափոխադրումների ծավալը` դրանով իսկ ամրապնդելով երկու երկրների տնտեսական ներուժը։ Կասպիցը  բարեկամության և եղբայրության ծով է, ասել է Ադրբեջանի նախագահը։ Սա Մոսկվային ուղղված ազդանշան է, որովհետև վերաբերում է Սև ծովի ավազանում ստեղծված իրավիճակին և թուրքալեզու պետությունների ջանքերով այն հակակշռելու անհրաժեշտությանը։ Նախագահն այնուհետև կանգ է առել համագործակցության քաղաքական կողմի վրա` ասելով, որ իր երկիրը տրամադրված է քաղաքական ոլորտում կապերի ամրապնդմամբ։ Առաջիկայում կայանալիք  Մերձկասպյան երկրների գագաթնաժողովից նա նույնպես դրական արդյունքներ է ակնկալում։  
Թուրքալեզու ժողովուրդները բնակվում են տարբեր երկրներում, բայց մեկ միասնական ազգ են հանդիսանում. այս խոսքերը պատկանում են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Թե ինչու է նա գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ վկայակոչել եղբայրական ժողովուրդներին իրար կապող ընդհանուր կրոնը, լեզուն, արժեհամակարգը, դարձյալ  հասկանալի է. միասնական ազգը պետք է որ դավանի մեկ միասնական պետության գաղափարը։ Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։
Հանրագումարի բերելով հիշյալ փաստերն ու իրադարձությունները` հարկ է նախևառաջ նկատել, որ Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ իր անկախությունը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից։  Թուրքալեզու պետությունների շարքում ցույց տալով Ադրբեջանի տեղը` նախագահ Ալիևը փորձում է առավելագույն անկախություն ցուցադրել` սքողելով իրեն հուզող խնդիրները։  Իսկ խնդիրներն առավել քան մտահոգիչ են։ Երկրի ներսում տիրող իրավիճակի մասին բարձրաձայնում է Արևմուտքը` սպառնալով ՙմայդան՚-ով, իսկ Ռուսաստանը, հակառակը, պատրաստակամ է աջակցել Ի. Ալիևի վարչակարգին`  պահանջելով համապատասխան ծառայություններ։  
Իրականում Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտակցում է, որ երկրի ներսում կուտակված խնդիրները թուրքալեզու ժողովուրդները չեն լուծելու։ Հասկանում է նաև, որ ղարաբաղյան խնդիրը նույնպես չի կարողանալու լուծել իր պատկերացրած տարբերակով։ Խնդրի լուծումը նախևառաջ ենթադրում է ուղղակի  երկխոսություն ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև։ 
Հետևությունը պարզ է. նա ամեն ինչ անում է հանուն սեփական նպատակի` բոլոր միջոցներով պահպանել բռնատիրական և կոռումպացված հակաժողովրդական ռեժիմը։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ