[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի ավարտից հետո ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների խոսնակներ Աշոտ Ղուլյանն ու Գալուստ Սահակյանը մամլո ասուլիս անցկացրին ԱԺ նիստերի փոքր դահլիճում։ 

Ա. Ղուլյանի գնահատմամբ՝ քննարկումները բավականին օգտակար և արդյունավետ էին։ Զինադադարի 20-ամյակն առիթ էր՝ խոսելու խաղաղության հեռանկարների և այսօրվա մարտահրավերների մասին, որոնք չեն կարող առանձին-առանձին գոյություն ունենալ երկու հայկական հանրապետությունների համար։ 

Քննարկումների արդյունքում խորհրդարանականները որոշակի եզրահանգումներ են արել, իսկ համատեղ հայտարարություն առայժմ չի ընդունվել։ Նա հավաստիացրեց, որ բոլոր առաջարկություններն ի մի կբերվեն, և կփորձեն  դրանք համադրել ներկայացված նախագծի տեքստի հետ։ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյանն իրազեկեց, որ համաձայն նախնական օրակարգի, հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում։ Մեր անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային բնույթի խնդիրների և ռազմավարությունների շուրջ Երևանում կծավալվեն քննարկումներ։ Նրա բնորոշմամբ՝ այդ քննարկումները գնալով դուրս են գալիս օրենսդրական գործունեության շրջանակներից, քանի որ ներառում են գլոբալ խնդիրներ և կապված են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ 

Հետևեց լրագրողների հետ հարցուպատասխանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 27-ի ելույթում Երևանին ուղղված ազդանշան կար. եթե Հայաստանը չի ուզում սկսել պատերազմի երկրորդ փուլը, պետք է ինքնակամ հեռանա գրաված տարածքներից։ Դրանով ադրբեջանական կողմը փորձում է հակամարտությունը տեղափոխել Ադրբեջան-Հայաստան հարթություն։ Երկու հայկական հանրապետությունների խորհրդարանները չե՞ն պատրաստվում դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ձեռնարկելու գործնական քայլեր բանակցային գործընթացում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով։ Պատասխանելով ՙԱԱ՚-ի հարցին՝ Գ. Սահակյանը նշեց, որ բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությունն այսօր Հայաստանի դիվանագիտական-քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկն է։ Ակնկալվող հայտարարության մեջ կհնչի այդ հարցի պատասխանը, վստահեցրեց ՀՀ Խորհրդարանի խոսնակը։ Հակամարտությունը, բնականաբար, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ՝  Ղարաբաղի և Ադրբեջանի, ուստի և Ղարաբաղը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին, ինչը կնպաստի լուծումների որոնման ընթացքում որոշակի տեղաշարժեր գրանցելուն։ 

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ Ա. Ղուլյանն ընդգծեց, որ պետք է դիմել և՜ Մինսկի խմբին, և՜ միջազգային հանրությանը, բայց քանի որ վերջնական տեքստը դեռ համաձայնեցված չէ, այս պահի դրությամբ հնարավոր չէ  հստակ պատասխան տալ։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի ներկայացրած ՙ6 տարրեր՚-ից մեկը վերաբերում է ազատագրված տարածքներին։ Ունե՞նք հանձնման ենթակա տարածքներ։ Հարցին ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց, որ այդ 6 տարրերը ոչ թե ընդունված, այլ ընդամենը առաջարկված կետեր են։ Դրանց հիման վրա տեղի կունենան քննարկումներ։ Հայ քաղաքական գործիչները, նրա իրազեկմամբ, արդեն ծանոթ են այդ կետերի նկատմամբ ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը։ Վերջինիս համաձայն՝ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանի իշխանությունները բանակցում են այդ ուղղությամբ։ ՙՏարածքների հարցը մեզ համար քննարկելի է, բայց ոչ վերջնական ընդունելի, կամ երբևիցե կընդունվի այն տեսքով, ինչ  տեսքով դա առկա է ներկայացված առաջարկության մեջ՚,- եզրակացրեց ՀՀ խորհրդարանի խոսնակը։ 

Տարածքների հարցը մեզ համար նորություն չէ, հավելեց Ա. Ղուլյանը, այն հակամարտության հետևանքների խմբից է։ Նա հիշեցրեց, որ մենք ևս ունենք ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներ, որոնց ճակատագիրն էլ հուզում է մեզ։ 

Հարց հնչեց Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պարագայում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև մաքսային կետի տեղադրման հնարավորության վերաբերյալ, ինչը վտանգավոր կարող է լինել հայկական կողմի համար, եթե Ադրբեջանը ևս դառնա այդ կազմակերպության անդամ։ Աշխարհում շատ վտանգներ կան, ասաց Գ. Սահակյանը, բայց դա չի նշանակում, թե մենք դրանց զոհը պիտի դառնանք։ Հայաստանը երբեք չի համագործակցի, չի պայմանավորվի որևէ կազմակերպության հետ, եթե դա վնասում է Ղարաբաղի շահին։ Վերջին հաշվով, 22 տարի հայ ժողովուրդը պայքարում է Ղարաբաղի համար, ուրեմն և, իշխանության ձգտող ցանկացած թիմի համար ղարաբաղյան խնդիրը նույնն է մնալու։ Իսկ մաքսակետի մասին խոսակցությունները հայ ժողովուրդը լավ կանի, եթե մտքից հանի։ 

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը հարցին պատասխանեց այսպես. Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է և ներառված է միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչը չի կարելի ասել Արցախի պարագայում։ Այս հանգամանքն, իհարկե, որոշակի հարցեր է դնում մեր առջև, սակայն Արցախ-Հայաստան հարաբերությունները երբեք չպիտի տուժեն միջազգային մակարդակում Հայաստանի ինտեգրման հետ կապված գործընթացներից։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ