[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐՍՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՋԱԽՆԵՐ ԵՆ

samvelmartirosyan.jpgԹուրքական և ադրբեջանական ճակատներում հակահայկական քարոզչությունը, մեդիա փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ, զգալի  փոփոխություններ է կրել: Թուրքական կողմում նկատված որոշ տեղաշարժը կապվում է Էրդողանի ցուցադրական ելույթի հետ, որի նպատակը աշխարհի առջև մեծահոգի  երևալն էր, սակայն փորձագետը խորհուրդ է տալիսս հիշել մինչ այդ կատարված դեպքերը: 
ՙՑեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումներին դիմակայելու, այսպես ասած, հակահարված տալու նպատակով ավելի վաղ Թուրքիայի վարչապետին կից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է վերջինիս մտերիմ խորհրդականը՚,- նկատել է փորձագետն ու հավելել, որ թեկուզ այս պահին երկու` թե՜ հայկական, թե՜  թուրքական կողմում ժամանակավոր  ՙհրադադար՚ է, սակայն կանխատեսելի է, որ աշնանը տեղեկատվական հակամարտությունն արդեն իսկ կթեժանա: 
Բազմաթիվ խնդիրներ ունեցող Թուրքիայից Սամվել Մարտիրոսյանը վտանգավոր քայլեր չի սպասում, ինչը չի կարելի է ասել Ադրբեջանի մասին: ՙԱյսօր Ադրբեջանը մեզ համար ավելի լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ աշխատում է կոնկրետ և միայն Հայաստանի ուղղությամբ: Մենք` հայերս, եթե Թուրքիայի բազմաթիվ խնդիրներից մեկն ենք, ապա Ադրբեջանի համար նպատակ ենք: Նա սևեռված է  հենց Հայաստանի վրա՚,- ասում է փորձագետը: Ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից տարվող բազմակողմանի հակահայկական քարոզչության վրա` Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս չսևեռվել միայն մեդիահրապարակումների վրա: Նրա վստահեցմամբ՝ դրանք այնքան թույլ են, որ ազդեցություն կարող են ունենալ միայն ներքին լսարանի վրա, իսկ ահա արտասահմանում գործող ադրբեջանական կազմակերպությունները շատ ավելի վտանգավոր են: ՙԱդրբեջանը լրջորեն զբաղված է արտասահմանում կենտրոնների ստեղծմամբ կամ եղածների ակտիվացմամբ: Եվրոպայում ադրբեջանական լոբբինգով զբաղվող նմանատիպ կազմակերպություններից է ՙԱդրբեջանի եվրոպական հասարակությունը՚, որն ունի մի շարք մասնաճյուղեր եվրոպական տարբեր երկրներում: ԱՄՆ-ում ևս քիչ չեն նման կենտրոնները, որոնք ղեկավարվում են Տեխասից: Երևի դա պայմանվորված է նրանով, որ հովանավորվում են Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից,- տեղեկացնելով այդ մասին` մեդիա փորձագետը զգուշացնում է։- Չի կարելի թերագնահատել հետզհետե ուժեղացող այդ կազմակերպությունները՚: 
Օգտագործելով իր նավթային դոլարները` Ադրբեջանն արտաքին լսարանի վրա աշխատում է մի քանի ուղղությամբ: Հակահայկական քարոզչությունն առաջ է տարվում ոչ միայն հիշյալ կենտրոնների կողմից, այլև  ոչ ադրբեջանական ազգանունով հայտնի մարդկանց և, իհարկե, նոր ՙձևավորվող՚ ադրբեջանական սփյուռքի: Ինչպես նկատում է փորձագետը, այդ ճանապարհին Ադրբեջանն ընդօրինակում է հայկական կողմին: Այստեղ, սակայն, կանգ առնելով հայկական սփյուռքի վրա, Սամվել Մարտիրոսյանը ցավով նկատում է. ՙՍփյուռքի հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների մի մասը կենտրոնացված է միայն Թուրքիայի վրա, աշխատում է զուտ Ցեղասպանության ուղղությամբ` այն դեպքում, երբ ներկա պահին չի կարելի միակողմանի աշխատել` անտեսելով Ադրբեջանից սպասվող իրական վտանգը: Արտաքին ազդեցության հարցում, ցավոք, մենք կաղում ենք՚: 
Արտաքին և ներքին քարոզչությունները կողք կողքի դնելով` փորձագետը ներքին դաշտում պասիվություն չի նկատում: Նրա խոսքով` հայկական կողմը գրեթե միշտ էլ համարժեք պատասխան է տալիս ադրբեջանականին, և մամուլում հանդիպող հրապարակումները, թե մենք պարտվում ենք տեղեկատվական պատերազմում, որն, ի դեպ, պարբերաբար հանդիպում է և ադրբեջանական մեդիադաշտում, ընդամենը ճարպկություն է: ՙՏեղեկատվական հակամարտությունն ունի մի խնդիր. ինչքան շատ ես խոսում հաջողություններից, այնքան դրանց ազդեցությունը թուլանում է՚,- նկատում է Ս. Մարտիրոսյանը:
 
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
ք. Երևան