[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԻՐԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՎ՚

Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ հանդիպելու, նրանց խնդիրներին ծանոթանալու  նպատակով օրերս Հայաստանում գտնվող Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, դոկտոր Հարություն Սելիմյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքեց այն պնդումները, ըստ որոնց,  Հայ Ավետարանական եկեղեցին համարվում է աղանդ։ Նրա խոսքով՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես մայր եկեղեցի։ 
ՙԻնչպես Հայ Առաքելական եկեղեցին, այնպես էլ՝ Ավետարանականը, համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ է։ Լինել նման կառույցի անդամ, նշանակում է ընդունել այլ եկեղեցիների ևս։ Այստեղ Առաքելական մեր եկեղեցին հաղորդակցության մեջ է Ավետարանական եկեղեցու հետ։ Այսպիսով՝ չենք կարող ասել, որ Հայ Առաքելական եկեղեցուց դուրս եկեղեցիներն աղանդ են՚,- պնդեց Հ. Սելիմյանը։ Նրա վստահեցմամբ՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին տարբերվում է ավետարանական կոչվող այլ խմբավորումներից։ 
Լրագրողներից մեկն, ուշադրություն հրավիրելով  վերջերս մամուլում տեղ գտած այն հրապարակման վրա,  ըստ որի՝ Ավետարանական եկեղեցին իրականացրել է կրկնամկրտություն՝ Հ. Սելիմյանին անակնկալի բերեց։ ՙՄենք հիմնովին հերքում և մերժում ենք կրկնամկրտությունը, որովհետև դա դեմ է մեր ավետարանական վարդապետությանը։ Հայ Ավետարանական եկեղեցին լիովին ընդունում է քույր եկեղեցիների մկրտությունը՚,- ի պատասխան ասաց նա։ 
Թեև հանդիպման առաջին հատվածում Հ. Սելիմյանն ու Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Մելքոնյանը ջերմեռանդորեն ներկայացրին Ավետարանական եկեղեցու ծագման պատմությունն ու նպատակները, սակայն ներկաներին լիովին համոզել, որ Առաքելական եկեղեցուց  տարբերվող Ավետարանականը աղանդ չէ, չհաջողվեց։ 
Լրագրողները չհամաձայնեցին նաև Սելիմյանի այն համոզմունքի հետ, որ սիրիահայ համայնքը հայրենիքին ավելի շատ օգուտ կարող է տալ Սիրիա վերադառնալու դեպքում։ Հ. Սելիմյանն իր ասածը հիմնավորեց այսպես. ՙՄենք ունենք հայկական հարց, որի լուծումը չկա։ Սփյուռքը դրսում շատ անելիքներ ունի, պիտի ամուր լինի։ Շատ կարևոր է հատկապես Հալեպի մայր գաղութի գոյությունն ու հզորությունը։ Սիրիա վերադառնալը պայմանավորված է ազգային շահով՚։ Հայրենիքից հեռու՝ Սիրիայում հաստատված մեր հայրենակիցներին ձուլման վտանգից փրկելու համար էլ, ըստ Հ. Սելիմյանի, հատուկ քաղաքականություն պետք է մշակեն Հայաստանի իշխանությունները։ Վերջիններս պետք է հոգ տանեն ինչպես հայրենիք տեղափոխված սիրիահայերի, այնպես էլ Սիրիայում մնացած հատվածի մասին։ ՙԻրենց աչքն ընդհանրապես դեպի տուն վերադարձն է, քանի որ այնտեղ թողել են իրենց տները, պարտեզները, ամբողջ ունեցվածքը, ինչի համար էլ գրեթե բոլորի մոտ առկա է հոգեբանական ճնշվածությունը, ինչպես նաև հույսը, որ վաղ թե ուշ կվերադառնան։ Մենք քաջալերում ենք նրանց և ողջունում, որ այդպես էլ մտածեն։ Սակայն մինչ այդ պետք է լուծվեն այս մարդկանց բնակարանի, աշխատանքի հարցերը։ Ուստի և պատրաստվում ենք առաջարկություններ ներկայացնել պատկան մարմիններին՚,- ասաց համայնքապետը։  Այն դիտարկմանը, ըստ որի՝ քիչ թիվ չեն կազմում այն սիրիահայերը, ովքեր ցանկություն ունեն մեկընդմիշտ հաստատվել Հայաստանում, Հ. Սելիմյանը պատասխանեց. ՙԱմեն մեկն ունի իր ինքնորոշման իրավունքը։ Մենք, որպես ղեկավարություն, մնայուն կերպով քաջալերող կողմն ենք, որ վերադառնան Սիրիա՚։
Հարություն Սելիմյանն անդրադարձավ նաև Սիրիայի հոգևոր-մշակութային օջախների վիճակին՝ շեշտելով, որ չնայած ռմբակոծություններից որոշ եկեղեցիներ ավերվել են, սակայն դրանք բոլորն էլ  այս օրերին  հոգևոր վերելք են ապրում։ Նրա խոսքով՝ Սիրիայում մնացած հայությունն ավելի է սերտացել Հայ Առաքելական եկեղեցու հետ. ՙՄի կողմով հրթիռներ են սլանում, մյուս կողմով իրենք են շտապում եկեղեցի՚։ Սելիմյանի խոսքով՝պատերազմական պայմաններում ավելի մեծ ուշադրություն է դարձվում կրթական գործունեությանը, այսինքն՝ պատերազմն ու ճգնաժամը ավելի են համախմբել սիրիահայ համայնքին։
 
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
ք. Երևան