[ARM]     [RUS]     [ENG]

ՈւԿՐԱԻՆԱ, ԱՍԵԼ Է ԹԵ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Իրադրությունն Ուկրաինայում գնալով ավելի է ծանրանում` դրսևորելով զինված պայքարին հատուկ դաժանություն. երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում կան բազմաթիվ զոհեր։ Ուկրաինական ուժայիննների ձեռնարկած հատուկ գործողությունն առանձնակի դաժանությամբ իրականացվեց Սլավյանսկում, որն ուղեկցվեց զգալի մարդկային կորուստներով, իսկ խաղաղ բնակչությունը հայտնվեց փախստականի կարգավիճակում` հարկադրաբար լքելով մշտական բնակավայրը։ 
Ընդհանուր առմամբ, պաշտոնական Կիևի  գործողություններն անկախություն հռչակած Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում վկայում են, որ ուկրաինական իշխանություններն  ամենևին չեն պատրաստվում ճանաչել այդ շրջանների հռչակած ինքնավարությունը։ Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ռուսաստանյան  հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում արտահայտած այն միտքը, ըստ  որի` ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեները և դրանց արդյունքում հռչակված ինքնավարությունն իրավական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունեն։ Այսպես է արտահայտվել  ՌԴ դաշնակից, ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միության պոտենցիալ անդամ երկրի ղեկավարը։       
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ուկրաինական ներկայիս իշխանություններն իրենց հայտարարություններում վերստին արծարծում են Ղրիմի խնդիրը` ցույց տալով, որ թերակղզու հարցը դեռևս լուծված չէ։ Ուկրաինայի  նորընտիր նախագահ  Պյոտր Պորոշենկոն Վարշավայում  հայտարարություն էր արել, որը որակվել է որպես Ղրիմը վերադարձնելու մասին Արևմուտքին տված խոստում։ Ճիշտ է, նախագահը որոշակի զգուշությամբ է արտահայտվել` ասելով, որ քանի դեռ ՌԴ-ն ղեկավարում է Վլադիմիր Պուտինը, դժվար է լինելու այդ նպատակն իրագործելը, բայց  հայտարարությունն ինքնին հետապնդել է պաշտոնական Կիևի արտաքին քաղաքական ուղեգիծը մատնացույց անելու նպատակ։ 
Ստեղծված իրավիճակը լավագույնս են բնութագրում հունիսի 10-ին Բալթիկայի երկրներում ՆԱՏՕ-ի և Կալինինգրադի մարզում ռուսաստանյան զինված ուժերի միաժամանակյա զորավարժությունները։ Դրանց ավարտից երկու-երեք օր անց Դոնբասում հայտնվեցին ռուսական տանկեր։ Այս մասին հանրությանն իրազեկեցին արևմտյան աղբյուրները` հենվելով Ուկրաինայի արևելյան հատվածից ստացված տեղեկությունների վրա։ Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Հյուսիսատլանտյան դաշինքն ընդհատել էր ռազմական և քաղաքացիական համագործակցությունը ՌԴ-ի հետ, որի պատճառը Ղրիմի միանալն էր Ռուսաստանին։
Ուկրաինական ճգնաժամի պատճառահետևանքային կապերը դիտարկելիս անկարելի է ուշադրության մատնել գազի խնդիրը։ Երկու կողմերի զորավարժություններին զուգահեռ Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում կազմակերպվեց  ռուսական և ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպում` գազի  շուրջ քննարկումներ վերսկսելու և համաձայնության գալու նպատակով։ Գազի խնդրով Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն եռակողմ բանակցություններն ընթացան Բրյուսելում, Բեռլինում և  Կիևում, որոնք ավարտվեցին անարդյունք։ Բանակցությունների նախաձեռնումը, կարելի է ասել, ընդամենը  քաղաքական բլեֆ էր, քանի որ ի սկզբանե պայմանավորվելն անհնարին էր կողմերի ներկայացրած պայմանների պատճառով։ Որպես հիմնավորում` վկայակոչենք  Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների կիևյան հանդիպումը, որը փաստորեն ապացուցեց կողմերի` փոխզիջման հասնելու անհնարինությունը։ Կանխավճարի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունը փաստորեն նշանակում էր Ուկրաինային մատակարարվող գազի դադարեցում։ ՙՄենք չհասանք որևէ համաձայնության։ Շատ փոքր են ևս մեկ անգամ հանդիպելու շանսերը՚,-հայտարարել է ՙԳազպրոմի՚ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը։ 
Իրավամբ կարելի է պնդել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը  հիշեցնում է Մերձավոր Արևելքը` աշխարհաքաղաքական մրցակցության ուժգնության, զինված հակամարտության մեջ արտաքին ուժերի ներքաշվածության առումով։ Երկու դեպքերում աշխարհի ուժային կենտրոնների հաշվարկներն ու ձեռնարկած գործողություններն  ուղղված են մեկ նպատակի։ Ուկրաինայում առկա ճգնաժամը, իրավամբ կարելի է ասել` սիրիական իրադարձությունների շարունակությունն է, քանի որ այստեղ և՜ Արևմուտքը և՜ Ռուսաստանը կանգնած են իրենց ազդեցության կշիռն ու հետագա անելիքները հստակեցնելու խնդրի առաջ։ 
Զուգահեռներ անցկացնելով ուկրաինական և սիրիական ճգնաժամերի միջև` պետք է նկատի ունենալ, որ երկու երկրներում արհեստականորեն ստեղծվել է քաոսային վիճակ, երկու դեպքերում էլ արտաքին ուժերի հրահրմամբ  ընթացող կատաղի պայքարը տարածաշրջանները վերածել է անկայունության օջախների։
Թե ինչպես կլուծվի ուկրաինական թնջուկը, առայժմ դժվար է  պատկերացնել։ Մի փոքր պատկերացնելու համար բավական է հիշեցնել սիրիականը, ասել է թե` ժնևյան բանակցությունները, որոնց  թե՜ առաջին և թե՜ երկրորդ փուլերն ավարտվեցին անարդյունք։ Իսկ դա միանգամայն սպասելի էր աշխարհի ուժային կենտրոնների միջև մղվող համառ և անզիջում մրցակցության պայմաններում։ Առաջին փուլը սոսկ ներկայացում էր` ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի որոշակի դերակատարությամբ, իսկ երկրորդ փուլը մեծ հաշվով  աշխարհաքաղաքական մանևր էր, որի նպատակն էր ի ցույց դնել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման մեջ գերտերությունների, այսպես կոչված, շահագրգռվածությունը։ Սակայն պարզից էլ պարզ էր, որ մերձավորարևելյան տարածաշրջանում գլխավոր խաղացողներ ԱՄՆ-ն  ու Ռուսաստանն ունեն իրենց հստակ նպատակներն ու խնդիրները։ 
Ուշադրություն դարձնենք սիրիական հարցով  ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի` ժնևյան բանակցություններին տված գնահատականին. նա հարկ է համարել միջազգային հանրությանն իրազեկել, որ բանակցող կողմերի միջև մնում են խորը տարաձայնություններ բոլոր հարցերում` սկսած զինված հակամարտության դադարեցումից մինչև մարդասիրական օգնության առաքում պատերազմից տուժած տարածքներ։ Նա միջազգային հանրությանը հասկանալ է տվել, որ բանակցությունների նախաձեռնումն ընդամենը ցուցադրանք է և ուրիշ ոչինչ։ Ավելին սպասելն էլ միամտություն կլիներ. սիրիական ընդդիմադիրների  պայքարի ետևում կանգնած է Ասադի վարչակարգը փոխելու գործում շահագրգիռ Արևմուտքը, իսկ մյուս կողմում` այդ վարչակարգի պահպանմամբ մտահոգ Ռուսաստանը։ Հավելենք նաև, որ հակամարտություններն աշխարհաքաղաքականության սուբյեկտների կողմից ոչ թե կարգավորվում, այլ կառավարվում են` սեփական շահերից ու նպատակներից ելնելով։
Դառնալով ուկրաինական ճգնաժամին` հարկ է շեշտել, որ այս պետությունը, լինելով հետխորհրդային տարածքի կարևորագույն երկրներից մեկը, ունենալով հզոր տնտեսական ու ռազմական ներուժ, գտնվելով եվրոպական ու ռուսաստանյան հետաքրքրությունների առանցքում, պետք է մեծ մրցակցություն ստեղծի աշխարհի ուժային կենտրոնների միջև։  Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) օրակարգային դարձրեց Արևելյան Եվրոպայում ուժերի վերադասավորման խնդիրը։ Դեռևս ապրիլի 10-ին Ռումինիայի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերի վերատեղակայմանը` կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Այդ առնչությամբ Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո ռումինական իշխանություններն արտահայտել են իրենց դիրքորոշումը. ՆԱՏՕ-ն պետք է վերատեղակայի իր զորքերն Արևելյան Եվրոպայում, իսկ սևծովյան տարածաշրջանը պետք է առաջնահերթություն դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար։ 
Աշխարհաքաղաքական զարգացումները լավ բան չեն խոստանում։ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը կոչ է անում ուկրաինական կառավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և զինադադար կնքել երկրի արևելքում գործող անջատողականների հետ։ Այս մասին նա արտահայտվել է   ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում։ Դրան նախորդել է Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը. ինքը  պատրաստ է բանակցել ռուսամետ անջատողականների հետ, եթե նրանք վայր դնեն զենքը։
Նույն լեզվով ռուսական և ամերիկյան կողմերը ՙպայմանավորվում՚ են նաև սիրիական հակամարտության շուրջ։    
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ