[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐ ԿԱՄՔԸ

Կարծում է Եվրախորհրդարանի փոխնախագահը
Հունիսի 21-ին Արցախի Հանրապետություն է ժամանել Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոտասևիչը։ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո նա ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ։
Նախ հայտնել է, որ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում քննարկել են Մադրիդյան սկզբունքները, Արցախի մոտեցումն այդ սկզբունքներին, ինչպես նաև այն, թե ինչ ձևով կարելի է այդ սկզբունքների իրացմամբ վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Նրա վկայությամբ` քննարկվել է այն հարցը, թե ինչպես պիտի Եվրոպան աջակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գտնվի ժողովրդի համար ընդունելի տարբերակը։
Հնարավո՞ր է, արդյոք, հասնել խաղաղության այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում հարյուրավոր անգամ խախտում է հրադադարի ռեժիմը։ Եվրոպան ունի՞ ճնշման մեխանիզմներ։ Հարցի առնչությամբ Եվրախորհրդարանի փոխնախագահն ասաց, որ իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ։ Արևելյան գործընկերությունում գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ տարբերակը ժողովրդի համար ընդունելի լուծումն է։ Ժողովուրդն է արտահայտում իր կամքն այս կամ այն խնդրի վերաբերյալ։ 
Յացեկ Պրոտասևիչը հայտնվե՞լ է Ադրբեջանի ՙսև ցուցակում՚։ Պատասխանելով հարցին` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ ինքը քաղաքականության մեջ է արդեն 30 տարի։ Երբ սկսել է զբաղվել քաղաքականությամբ, այն ժամանակ այստեղ գործում էր կոմունիստական վարչակարգը։ Երբ մուտք էր գործում խորհրդային տարածք, համոզված էր լինում, որ իրեն կարող են ձերբակալել, բանտարկել։ Չէր վախենում դրանից. դավանած սկզբունքները թույլ չէին տալիս վախենալ նման բաներից։ 
Եվրախորհրդարանի փոխնախագահի այցն արդյո՞ք չի նշանակում, որ հեղինակավոր այդ կառույցում կարևորում են ուղղակի շփումները պաշտոնական Ստեփանակերտի հետ, հետևաբար, ժամանակը չէ՞, որ Արցախը պատգամավորական մակարդակով ներկայացված լինի Եվրախորհրդարանում։ ՙԱԱ՚-ի հարցի պատասխանը հնչեց այսպես. ՙՄենք ուզում ենք, որ հակամարտությունը կարգավորվի։ Սա մեր հիմնական նպատակն է։ Մենք չենք կարողանում ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովում աշխատանքն իրականացնել լիարժեքորեն, քանի որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։ Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը կարգավորվի խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով, և կարծում ենք, որ Մադրիդյան սկզբունքները կարող են դրան նպաստել՚։
Այդ սկզբունքները, Յա. Պրոտասևիչի կարծիքով, հնարավորություն են տալու ժողովրդին՝ արտահայտելու իր կամքը։ ՙԹող ժողովուրդն արտահայտի իր կամքը, հետո կտեսնենք՚,- եզրակացրեց եվրոպական պաշտոնյան։ 
 
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ