[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺԿ. ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

9898.jpgԱրցախի ժողովրդավարական կուսակցության հերթական՝ 4-րդ համագումարը տեղի ունեցավ հունիսի 21-ին, ՙՎալեքս Գարդեն Հոթել՚ հյուրանոցի կոնֆերենց¬դահլիճում, 176 պատվիրակների մասնակցությամբ։ 
Համագումարի մասնակիցներին ողջունելուց հետո  ԱԺԿ կենտրոնական խորհրդի փոխնախագահ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հերթական անգամ հավաքվել են` որոշելու իրենց անելիքները, գնահատական տալու կուսակցության գործադիր մարմնի՝ կենտրոնական խորհրդի գործունեությանը։ 
Համագումարին հրավիրված էր Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մեկի` Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) պատվիրակությունը՝ կուսակցության փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ։ Նրանց ուղեկցում էր ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան։ 
Համագումարի օրակարգային հարցերն էին ԱԺԿ կենտրոնական խորհրդի 2012-2014թթ. գործունեության հաշվետվությունը և կուսակցության առաջիկա անելիքներն  ու ռազմավարությունը, ԱԺԿ կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը կուսակցության ֆինանսատնտեսական գործունեության մասին և երրորդ՝ ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություններ։5555.jpg
Կուսակցության անցած երկու տարիների գործունեության մասին զեկուցեց ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա բնորոշմամբ` այդ ընթացքում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել արտաքին կապերի ակտիվացման ուղղությամբ, որի հաստատումը եվրոպացի բարեկամների ներկայությունն է ԱԺԿ 4-րդ համագումարին։ Ս.թ. փետրվար ամսին մասնակցելով Եվրոպական ազատ դաշինքի հերթական վեհաժողովին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության՝ ԵԱԴ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Անցած ամիսների ընթացքում նախապատրաստվել է նրանց այցը Արցախի Հանրապետություն։ 
Մայիսի վերջերին տեղի ունեցան Եվրախորհրդարանի ընտրություններ, որոնց ընթացքում ինքնորոշման իրավունքը պաշտպանող եվրոպական կուսակցությունները ստացել են 12 մանդատ՝ նախորդ ընտրություններում ունեցած 7-ի փոխարեն։ Ա. Ղուլյանի գնահատմամբ՝ դա լուրջ հաջողություն է և վկայությունն է այն բանի, որ եվրոպական աշխարհամասում ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովների և նրանց համակիրների թիվը գնալով մեծանում է։ Այդ առիթով շնորհավորելով եվրոպացի գործընկերներին՝ նա հույս հայտնեց, որ ձևավորված հարաբերությունները թանկ են մեզ համար, առաջիկայում դրանք ոչ միայն կպահպանվեն, այլև կզարգանան։ ՙՄեզ միավորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար գաղափարական պայքարը,- շարունակեց կուսակցության ղեկավարը,- մենք կողմնակից ենք ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ աշխարհի որ երկրում էլ այն տեղի ունենա, առանց արտաքին միջամտության, ժողովրդավարական ընթացակարգով և օրինապատշաճ ձևով՚։ Ashot.jpg
Զեկուցման մեջ արձանագրվեց, որ Արցախում առաջին անգամ է տեղի ունենում կուսակցական համագումար եվրոպական քաղաքական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ընդգծվեց այն միտքը, որ եվրոպացի գործընկերները չեն բավարարվի համագումարին մասնակցելով. Արցախում կմնան 3-4 օր՝ մեր պետական և կուսակցական կյանքը համակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով։ 
ԱԺԿ նախագահն անհրաժեշտ համարեց մատնացույց անել իր ղեկավարած կուսակցության տեղը Արցախի քաղաքական դաշտում. պահպանողական կուսակցություն է, որը մերժում է քաղաքական արկածախնդրությունը, հարձակողականությունը, ինչպես նաև մեսիականությունը։ ԱԺԿ-ն չի գտնում, որ միայն ու միայն ինքը կարող է տալ հանրապետության առաջ ծառացած հիմնահարցերի լուծման բանալին։ Դա խուսափողական կեցվածք չէ, պարզաբանեց Ա. Ղուլյանը, հակառակը, պատասխանատու քաղաքական ուժի պահվածք է, քանի որ ԱԺԿ-ն կանգնած է եղել երկրի ներքաղաքական կյանքի ազատականացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ուղեգծի ակունքներում։
Անցած տարիներին, բանախոսի դիտարկմամբ, մեր երկրում արձանագրվել է որոշակի սոցիալական առաջընթաց, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և այլ կարգի դժվարությունների։ Կուսակցությունը երբեք չի հայտարարել, որ 5 կամ 10 տարում կարելի է հասնել միջին եվրոպական կենսամակարդակի կամ էլ` երկրում հաստատել լիակատար սոցիալական արդարություն։
ԱԺԿ-ն պահպանողական է հատկապես սահմանադրական մշակույթի ձևավորման հարցերում և գտնում է, որ ԼՂՀ հիմնական օրենքը հնարավորություն է տալիս արդյունավետորեն տարանջատել իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը, պահպանել նրանց միջև հավասարակշռությունը, վարել ճկուն ներքին ու արտաքին քաղաքականություն։
Ա. Ղուլյանն արտահայտվեց նաև որպես ԼՂՀ ԱԺ նախագահ. ոչ ոք խորհրդարանին չի զրկել բոլոր հուզող հարցերի արդյունավետ և կառուցողական քննարկման հարթակ լինելուց։ Անցած տարիների փորձը վկայում է, որ խորհրդարանը կարող է քաղաքական բանավեճի ամբիոն դառնալ նույնիսկ արտախորհրդարանական կուսակցությունների համար։ 
ԱԺԿ ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արտաքին քաղաքականությանը, որի առանցքում կուսակցության՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման պատկերացումն է` հետևյալ ձևակերպմամբ. Լեռնային Ղարաբաղի փաստացի կայացած և արդյունավետորեն ինքնադրսևորվող անկախության միջազգային ճանաչում` մեր ժողովրդի կողմից ընդունելի սահմաններում, անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ։ Մեր ժողովրդի համար ընդունելի սահմանները ձևակերպված են ԼՂՀ հիմնական օրենքում, իսկ անվտանգության ազգային համակարգ ասելիս նկատի է առնվում հայկական պետության իրավազորությանը ենթակա զինված ուժերի ներկայություն Արցախի և Ադրբեջանի սահմանազատման գծում։ 
Երկրի արտաքին քաղաքականությունը նրա ներքին քաղաքականության շարունակությունն է։ Մեր դեպքում, ասաց ԱԺԿ նախագահը, արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է ունենանք արդիական, արդյունավետ և մրցունակ տնտեսություն, սոցիալական արդարության անշրջելի երաշխիքներ, ժամանակակից կրթական համակարգ։ Որքանո՞վ ենք մոտ նշված բնագծի նվաճմանը։ Կուսակցության ղեկավարը փորձեց պատասխանել այդ հարցին. իրականությունն այն է, որ մեր երկրի տնտեսությունը  դիվերսիֆիկացված և մեծ հաշվով մրցունակ չէ։ ԱԺԿ-ն շարունակում է համոզված լինել, որ երկրի կայունության հիմքը միջին խավն է, որի ձևավորումը, ցավոք, մեզ մոտ դանդաղում է։
Հանրապետությունում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը վերանայման խիստ կարիք ունի։ Վարկային բեռն այսօր շատերի համար, Ա. Ղուլյանի բնորոշմամբ, ՙճիտին պարտք՚ է դարձել։ Բանկերի կողմից առաջարկվող պայմաններով վարկերը հաճախ մի խնդիր լուծելով, տասնյակ այլ խնդիրներ են հարուցում շահառուի համար։ Վարկերի մատչելիության խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ 
Գյուղատնտեսության ընդհանուր վիճակը հեռու է բավարար լինելուց։ Այս ոլորտի աշխատանքները պետք է ծրագրավորվեն տարբեր երկրներում կիրառվող նորարարական մեթոդների հաշվառմամբ։
ԱԺԿ նախագահը հայեցակարգային առաջարկ հնչեցրեց. պետությունը պետք է քաջալերի և հնարավորինս աջակցի գյուղատնտեսության վերջնական արդյունքի իրացման ու սպառման փուլերին։ Ժամանակն է գոնե մասնակի ապահովագրում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքների համար։ Միևնույն է, մենք ստիպված ենք ամեն տարի զգալի միջոցներ հայթայթել արդեն տեղի ունեցած աղետների դիմաց փոխհատուցում տրամադրելու համար։ 333.jpg
Կուսակցությունը մի քանի անգամ բարձրացրել է նաև կրթության բնագավառի կառավարման խնդիրը։ Նույնը կարելի է ասել առողջապահության ոլորտի մասին. ԼՂՀ քաղաքացիները ստիպված են լինում երկրի սահմաններից դուրս բավարարել որակյալ բուժում ստանալու իրենց  պահանջը։ Ա. Ղուլյանը կարևորեց նաև կուսակցական կյանքում տեղ գտած թերությունները բարձրաձայնելու պրակտիկան, դրանց պատճառների քննարկման անհրաժեշտությունը։ Իներտությունը, կուսակցության հանդեպ անտարբերությունը որոշ անդամների մոտ հասնում է հոռետեսության։ Նա կուսակցության բոլոր անդամներին անկեղծության և կառուցողականության կոչ արեց։
Այնուհետև ելույթ ունեցան ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ, ԼՂՀ ԱԺ ՙԺողովրդավարություն՚ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, ԱԺԿ շրջանային խորհուրդների նախագահները։ 
Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը համագումարի մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց տեսահոլովակ իրենց հետապնդած քաղաքական նպատակների և ծրագրային խնդիրների մասին։ Ցուցադրվեց մեկ այլ տեսահոլովակ ս.թ. մայիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների մասին։
Համագումարի աշխատանքն ավարտվեց կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությամբ։ Ընթերցվեց  ԱԺԿ 4-րդ համագումարի որոշումը։ 
 
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ