Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՐՁԱԳԵՏ. ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՌԴ-ն ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ, ԱԲՍՈՒՐԴ Է

Լավրովը ցանկանում էր վստահեցնել Ադրբեջանին, որ Հայաստանն առանց Արցախի է անդամակցելու Մաքսային միությանը՚,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին այսպիսի գնահատական տվեց ՙՌազմավարական մշակումների կենտրոն՚-ի փորձագետ Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ։ Նրա համոզմամբ, թեկուզ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան Ադրբեջանին չի հրավիրել անդամակցելու Մաքսային միությանը, սակայն անդրկուլիսյան բանակցություններում դրված է այդ հարցը։ 
Լավրովի Բաքու կատարած այցի և այնտեղ հնչեցրած հայտարարության մեջ  անսպասելի և վտանգավոր որևէ բան չեն տեսնում ո՜չ փորձագետը, ոչ էլ ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։ ՙԱրցախն ինքնուրույն պետություն է և կախված չէ ռուսական գործոնից: Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախում չկա ռուս փոքրամասնություն, որը կարող էր ունենալ այն ազդեցությունը, ինչ որ ունեցավ  Ղրիմում: Արցախի ճակատագիրն այնտեղ ապրող հայ ժողովուրդն է որոշելու: Մտավախությունը, թե  ՄՄ-ին անդամակցելու դիմաց ՌԴ-ն կարող է Ադրբեջանին հանձնել Արցախը,  պարզապես աբսուրդ է՚,- համոզված է Ա. Բարսեղյանը։ Տիկին Խաթլամաջյանն էլ հարցն ավելի լայն համատեքստում դիտարկելով՝ ավելացրեց. ՙԻնչքան էլ Ռուսաստանն ու Արևմուտքը հակասություններ ունենան, համոզված կարելի է ասել՝ նրանց ձեռնտու չէ ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հզորացումը՚։  
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս Ադրբեջան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն կմտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։ 
Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության հարցի ձգձգումն, ըստ Ա. Բարսեղյանի,  պայմանավորված է ոչ թե Հայաստան-ՌԴ հարաբերություններով, այլ տարածաշրջանային զարգացումներով։ Ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում թե՜ ռուս և թե՜ եվրոպացի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների Ադրբեջան կատարած այցի վրա՝ փորձագետը ենթադրեց, որ նպատակն Ալիևի՝ հօգուտ իրենց որոշում կայացնելն է։  Իսկ թե ինչու է ՌԴ-ն շահագրգռված, որ Ադրբեջանն անդամակցի ՄՄ-ին, Ա. Բարսեղյանն այսպես է բացատրում. ՙԴա կապված է Պուտինի արտաքին քաղաքական կուրսի հետ, ով, դեռևս 2000թ. նախագահ դառնալով, հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է գերտերություն հռչակվի։ Իսկ այդտեղ կարևոր է ածխաջրածնային գործոնը։ Ադրբեջանի՝ ՄՄ անդամ դառնալու դեպքում ԵՄ-ն կզրկվի իր այլընտրանքային էներգետիկ ծրագրերն իրականացնելու հնարավորությունից։ Չմոռանանք, որ ԵՄ-ն ցանկանում է գործակցել  Հարավային գազային միջանցքը, որի շուրջ բանակցություններ վարելու նպատակով վերջերս Բաքվում էր գտնվում Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն՚։ Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանից համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո կկնքվի Հայաստան-ՄՄ պայմանագիրը։ 
Թե ինչ դեր կխաղա Հայաստանը ՄՄ կազմում, ըստ Շ. Խաթլամաջյանի,  էական չէ Ռուսաստանի համար, քանի որ նրան ընդամենը պետք է աշխարհին ցույց տալ, որ իր նախաձեռնած միությունը կենսունակ է և բազմանդամ։ ՙՄեր ՙայո՚-ն Ռուսաստանի համար  կարևոր էր՝ ցույց տալու համար, որ միությունը երկու-երեք պետությունից կազմավորված չէ, որ նա ունի լավ մեկնարկ ու ապագա։ Նույնիսկ եթե ՀՀ-ն լիներ Ղարաբաղի չափ, և իր տնտեսական կարողություններն ու միտումները ավելի համեստ լինեին, ՀՀ դերակատարումը և համաձայնությունը Մաքսային միության սկսնակ ճարտարապետական կառույցում հենց սկզբնական շրջանում մեծ նշանակություն կունենար՚,- նշեց բանախոսը։ 
Գերտերության տրամաբանության մեջ տեղավորվող այդ քաղաքականությունը քաղաքագետը զարմանալի չի համարում, չէ՞ որ նրանք այդպիսին մնալու համար պարտավոր են ամեն գնով պահպանել իրենց ունեցածը, հետ բերել կորցրածը։