[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻՆ՝ ՈՐՊԵՍ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարթոնք են ապրում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներին հատուկ հակառուսաստանյան հռետորաբանությունն ակնհայտորեն նվազել է. պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչների շուրթերից հնչել են այնպիսի հայտարարություններ, որոնց իմաստը կայանում է նրանում, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում Ռուսաստանի ամենահուսալի և հեռանկարային ռազմավարական գործընկերը տարածաշրջանում։
 Բացի այդ, զգալիորեն վատթարացել են Բաքվի հարաբերություններն Արևմուտքի հետ, որը դժգոհ է այս երկրում  տիրող մարդու իրավունքների և քաղաքական ու կրոնական ակտիվիստների հալածանքների հետ կապված իրավիճակից։ Ինչպես գրել է ՙԵնի մուսավաթ՚ թերթը, հարց է առաջ գալիս այն մասին, թե ՙմիջոցների լիմիտը սպառվել է, հաշվեկշռված դիվանագիտություն վարելն այլևս հնարավոր չէ. Բաքուն պետք է ընտրություն կատարի՝ կամ Արևմուտք, կամ Ռուսաստան՚։
Այդ համապատկերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բաքու, դրանից անմիջապես հետո  Երևան կատարած այցը, սրան հաջորդած՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն Ադրբեջանում յուրատեսակ էյֆորիա է հարուցել։ Ապշերոնում եկան այն եզրահանգման, թե Մոսկվան պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով հանդես գալ նոր նախաձեռնություններով, ընդ որում, այդ նախաձեռնություններն այնպիսի բնույթ կկրեն, որը ձեռնտու կլինի ադրբեջանական կողմին։ Ընդհանուր այդ տրամադրությունն ինչ-որ չափով արտահայտել է haqqin.az հրատարակությունը, որը հավաստում է, թե ՙադրբեջանական ժողովրդի լինելության արմատական հարցում մենք գտնվում ենք ոչ միանշանակ որոշումների ժամանակաշրջանում... Շանս կա։ Մեկը՝ այն քիչ շանսերից, որը ոչ հաճախ է պատմությունն ընձեռում ժողովուրդներին։ Այդ շանսն առաջացել է գլոբալ ուժերի դիմակայության արդյունքում։ Սակայն, ի տարբերություն նախորդի, այս անգամ, թվում է, Բաքուն իր շանսը բաց չի թողնի՚։
Կարելի է համաձայնել այն բանի հետ, որ ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի ու Արևմուտքի՝ դրա հետ կապված խորացող դիմակայությունը նշանակալի դեր խաղացին այն հարցում, որ Մոսկվան իր ուշադրությունը սևեռեց Անդրկովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Նմանապես գոյության իրավունք ունի և ռուսաստանյան փորձագիտական հանրության մեջ  վերջերս արծարծվող տարբերակը, համաձայն որի՝ արտաքին ուժերը կարող են փորձել Ղարաբաղում հայ-ադրբեջանական դիմակայության գծում ռազմական լարվածության հերթական ալիք հրահրել՝ ՙգունավոր հեղափոխություններ՚ առաջ բերելու և Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերի առաջն առնելու նպատակով։ Ի դեպ, Կրեմլում, ինչպես կարելի է հասկանալ, իրադարձությունների նման բեմագրի զարգացումը լրիվությամբ չի բացառվում, ինչն էլ որոշ չափով Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման պատճառ է դարձել։ 
Բայց թե ինչի հետ չի կարելի ոչ մի դեպքում համաձայնել, այն է, որ ռուսաստանյան կողմը կփորձի իր խնդիրներն Անդրկովկասում լուծել ՙթիրախային ներգործության՚ ճանապարհով՝ ընդլայնելով տարածաշրջանի կողմերից մեկի հետ համագործակցությունը մյուս կողմի շահերի հաշվին։ Դա չի լինի ոչ մի դեպքում։ Մոսկվայում քաջ  գիտակցում են, որ ո՜չ Ադրբեջանը, ո՜չ Հայաստանը, ո՜չ (դեռևս տեսականորեն) Վրաստանը, որքան էլ սերտ լինեն ՌԴ-ի հետ նրանց հարաբերությունները, ինքնին չեն կարող, այսպես կոչված, ՙկախարդական փայտիկի՚ դեր խաղալ, որի օգնությամբ կարելի է հեշտությամբ և անցավ լուծել տարածաշրջանի բոլոր առկա խնդիրները՝ հենվելով այդ երկրներից միայն մեկի հետ անվերապահ համագործակցության վրա։ Անդրկովկասը, անկախ նրանից՝ ինչ-որ մեկին դուր է գալիս դա, թե ոչ, չնայած նրա կազմում եղող պետությունների և ժողովուրդների միջև եղած բոլոր խոր օբյեկտիվ տարբերություններին, այդուհանդերձ, իրականում  միասնական աշխարհաքաղաքական (ինչպես նաև տնտեսական) միավոր է։ Տարածաշրջանի երկրներից ոչ մեկը չի կարող այդ առումով ՙառանցքային՚ համարվել, իսկ ահա տարածաշրջանն ամբողջապես, իրոք, Մերձավոր Արևելք տանող ՙդռան բանալին՚ է հանդիսանում։  
Այդ համատեքստում ենթադրվում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում նոր քայլեր կձեռնարկի ոչ միայն (և հնարավոր է՝ ոչ այնքան) ուկրաինական ճգնաժամի, որքան  Մերձավոր Արևելքում իրավիճակի՝ առանց չափազանցության ողբերգական զարգացման լույսի ներքո։ Եվ դա սկսվել է ո՜չ այսօր, ո՜չ Լավրովի և մի շարք այլ ռուսաստանյան բարձրաստիճան ներկայացուցիչների Բաքու կատարած այցից հետո։ Բավական է հիշեցնել, որ արդեն երկու տարի է՝ ռուսաստանյան կողմն  ակտիվորեն ամրապնդում և ընդլայնում է իր 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ միաժամանակ իրականացնելով ռազմատեխնիկական լայն համագործակցություն Ադրբեջանի հետ։ Հասկանալի է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում այդ քաղաքականությունը հաճախ է քննադատվում, սակայն Մոսկվայի համար հույժ կարևոր է հակամարտող կողմերի միջև հավասարության պահպանումը, նախ՝ պատերազմի վերսկսումը չթույլատրելու, երկրորդ՝ Մերձավոր Արևելքում վերահսկողությունը կորցնելու հետ կապված բազմաթիվ ռիսկերը նվազեցնելու համար։ 
Նորություն չէր լինի ասել, որ Իրաքի փլուզման, Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների հավանական հարաբերական կանոնավորման, անկախ քրդական հանրապետության հնարավոր ստեղծման (անկախության հարցով հանրաքվե անցկացնելու մեծ հավանականության մասին հունիսի 23-ին հայտարարել է Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին) և այդ պարագայում՝ Թուրքիայի անխուսափելի ապակայունացման պայմաններում Անդրկովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը (ինչպես այդ մասին ավելի վաղ բազմիցս նշել են REGNUM տեղեկատվական գործակալության փորձագետները) միայն կաճի։ Բայց դա վերաբերում է Անդրկովկասին ամբողջապես, այլ ոչ թե նրա առանձին մասերին։ Եվ այդ համատեքստում միանգամայն բացատրելի են մի շարք ռուսաստանյան պաշտոնատար անձանց՝ Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներին Ադրբեջանի անդամակցության հետ կապված իրենց ցանկության մասին հայտարարությունները, ինչպես նաև Ռուսաստանի երկաթուղիների ղեկավար Վլադիմիր Յակունինի այն դիտողությունը, թե տրանսկովկասյան երկաթուղային մայրուղու աբխազական հատվածը վերագործարկելը շատ ավելի արդյունավետ և հեշտ կլիներ, քան Հայաստանի և Իրանի տարածքով երկաթուղու շինարարության (դեռևս մտահայեցական) ծրագրեր իրականացնելը։ Եվ, իհարկե, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստան-Իրան մայրուղին բավականին թանկ և տեխնիկական տեսակետից դժվար իրացվող նախագիծ է։ Այդ ուղին օբյեկտիվորեն Հայաստանին և Վրաստանին կկարողանար ավելի սերտ կապել Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ աբխազական երկաթուղիների աշխատանքների վերսկսումն Անդրկովկասի համախմբման և ՌԴ-ի հետ տարածաշրջանի կապերի ամրապնդման հարցում ուժեղագույն գործոն կդառնար։ 
Այս ամենի լույսի ներքո պարզ է դառնում, որ Մոսկվան իրոք ձգտում է ղարաբաղյան հարցում ինչ-որ առաջընթացների հասնել, սակայն այդ գործողություններն ուղղված կլինեն ամենից առաջ հակամարտության գոտում կայունության պահպանմանը և լարվածության թուլացմանը։ Միաժամանակ կշարունակվեն ջանքերն Ադրբեջանին ուղղակի կամ (ինչն առավել իրատեսական է) անուղղակի կերպով Եվրասիական տնտեսական միության գործունեության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Դրան զուգընթաց առավել նպատակամետ կդառնան Վրաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու փորձերը՝ տնտեսական փոխադարձ կապերի զարգացման և աբխազական երկաթուղիների աշխատանքի վերսկսման հաշվին։ Բնականաբար, դժվար է ասել, որ բոլոր այդ և համանման ծրագրերը լիովին կիրականացվեն, սակայն կասկած չկա, որ հենց այդ ուղղությամբ կզարգանա Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում։ 
 
Գայ ԲՈՐԻՍՈՎ
Regnum տեղեկատվական գործակալության 
քաղաքական վերլուծաբան