ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետի մասին վերջերս հայտարարեց Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը.
ՙԻնտերֆաքս Ղազախստան՚ տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ` համապատասխան պայմանագրի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերին` Մինսկում ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների և դեսպանների հետ կայացած հանդիպմանը հույս էր հայտնել, որ Հայաստանը շուտով կդառնա այդ կազմակերպության լիարժեք անդամ։ Միաժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կողմերին է ուղարկել` ներպետական համաձայնեցման համար։
Ի՞նչ է ենթադրում Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հիշյալ հայտարարությունը։ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ կարծիքով` խնդիրը ոչ այնքան ժամանակի մեջ է, որքան` գործընթացների տրամաբանության։ Աստանայից հետո արդեն իսկ կարելի էր կանխատեսել, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարճ ժամանակում իրականություն չի դառնա։ Հետևելով քաղաքական զարգացումներին և ընդհանուր գործընթացներին` կարելի էր պնդել, որ անդամակցության ճանապարհին դեռևս կան լուրջ խոչընդոտներ։ Եվ այդ առումով Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը պարզապես պետք է դիտարկել որպես դիվանագիտական քայլ. այն ուղղակիորեն հնչեց այդ երկրի արտգործնախարարի կողմից, բայց անուղղակիորեն երեք պետությունների` ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի ընդհանուր տեսակետի արտահայտումն էր։
Այս պարագայում շիտակ խոսքն ավելի ճիշտ կլինի, գտնում է կուսակցական գործիչը` համոզված լինելով, որ այդ լուրջ խոչընդոտը ղարաբաղյան հիմնախնդիրն է։ ՙԻ միջի այլոց, այս գործընթացը շատ նմանվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրան ուղղված Ցյուրիխյան արձանագրություններին,-շարունակեց նա։- Նախաստորագրումից հետո, երբ թվում էր, թե գործընթացն սկսվել է, դաշնակցությունը մատնացույց արեց թուրքական կողմի ներկայացրած երեք նախապայմանները, որոնցից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն էր։ Շատ նման գործընթացի ականատեսն ենք. Հայաստանին աստիճանաբար մեկուսացնելու և մի կողմ մղելու քաղաքականության մասին է խոսքը։ Համենայն դեպս, լիահույս չեմ, որ հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի լիիրավ մասնակցության հարցը վերջնականապես կլուծվի՚։
Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահը կարդաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը։ ՀՀ Ազգային ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքն այդ առնչությամբ հանրությանը հայտնի է. հայկական կողմն էլ դրան ի պատասխան պիտի կարդար ԼՂՀ Նախագահի նամակը։ Խոսքը չիրացված դիվանագիտական հնարավորությա՞ն մասին է։
Մեր զրուցակցի խոսքով, պետք է կարևորել այդ արձագանքը, ինչպես նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունն Աստանայից անմիջապես հետո։ Նրանում հարկ է նկատել կուսակցության գլխավոր շեշտադրումը` Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությունը և Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ստանձնումը` իրավական առումով։ Ընդգծվում էր, որ Աստանայում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի հնչեցրած կոշտ պայմանը մտահոգության տեղիք է տվել հայկական քաղաքական շրջանակներում։ Հայտարարությունն ավարտվում էր այսպիսի տողերով. ՙՀայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով` կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել` ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար՚։
Մեր կողմից հնչեցված հայտարարությունը պատահական չէ, ասաց Դ. Իշխանյանը, ի վերջո, բոլոր վեկտորներն ուղղված են ղարաբաղյան հիմնախնդրին։ Այս տեսանկյունից կարևոր են ՀՅԴ-ի շեշտադրումները` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իմաստով։ Նրա կարծիքով` Հայաստանի դիվանագիտական կորպուսը և Հայաստանի իշխանությունները շատ պարզ գիտակցում են այդ ամենը և այդ գործընթացին տիրապետում են։ Պարզապես դեպքերի զարգացման համար կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն է զգացվում։
Վերջերս Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն առաջարկեց ղարաբաղյան հակամարտության երեք կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին մտնել Եվրասիական տնտեսական միություն, ինչից կարելի է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում ակնկալել։
Դ. Իշխանյանի խոսքով` չի կարելի մտածել, թե դա ինչ-որ հայանպաստ քայլ էր։ Դրան տրվել է համարժեք պատասխան կուսակցական Աղվան Վարդանյանի կողմից։ Քաջ հայտնի է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի արձագանքը, որից ՀՅԴ տեսակետն էապես չի տարբերվում։ Ա. Գեղամյանի տեսակետը, ըստ Դ. Իշխանյանի, ամենայն հավանականությամբ, անձնական տեսակետ է։ Իսկ եթե նույնիսկ պաշտոնական է, թույլ տվեք չհամաձայնել, ասաց մեր զրուցակիցը և հավելեց` գոնե այս հանգրվանում Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի և Ադրբեջանի գտնվելու հարցին վերաբերվենք խիստ կասկածանքով։
ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարի ուշադրությունը հրավիրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներով հունիսի 27-ին տարածված հայտարարության վրա. ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության միաձուլումը սխալ քայլ է։
Այդ տեսակետի հրապարակումն ամենևին էլ պատահական չէ, համոզված է կուսակցական գործիչը։ Բնականաբար, դա ռուսաստանյան կողմի պաշտոնական տեսակետն է, որը նույնպես կանխատեսելի էր։ Քաղաքագետներից և վերլուծաբաններից ոմանք ժամանակին փորձում էին Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացը դիտարկել զուտ տնտեսական հարթությունում` սահմանազատելով քաղաքական ուղղվածությունը, հիշեցրեց Դ. Իշխանյանը։ Ն. Բորդյուժայի հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ ԵՏՄ-ի ստեղծումը քաղաքական գործընթաց է և ունենալու է իր քաղաքական հետևանքները։ ՙՕրինակ բերելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության վրա` գլխավոր քարտուղարն առաջնային է համարում անվտանգության խնդիրը, այսինքն՝ գերակայությունը տալիս է ՀԱՊԿ-ին` որպես ռազմաքաղաքական դաշինքի` դրանից բխող հետևանքներով,- ընդգծեց մեր զրուցակիցը։- Ի վերջո, նա առանձնացրել է կարևորը երկրորդականից, իսկ երկրորդականը Եվրասիական տնտեսական միությունն է։ Նկատի ունենանք նաև, որ Բորդյուժան, իհարկե, միտումնավոր բացեց փակագծերը, քանի որ դա է իրականությունը՚։
Կուսակցական գործիչը գտնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, այսպես ասած, ճանապարհային քարտեզի ուղղություն է տվել, որը հասանելի է հասարակության բոլոր շերտերին։ Նույնիսկ ազդանշանի կարգով չի հնչեցրել. արտահայտվել է ուղղակիորեն։
Եվրասիական տնտեսական միության մեջ առանցքային դերակատարություն ունի իսլամական աշխարհի կողմից կարևոր առաքելություն ստանձնած պետություններից մեկը` Ղազախստանը, որի միջոցով Ադրբեջանն առաջ է տանում իր դիրքորոշումը։ Սրանից ի՞նչ եզրակացություն պետք է անել։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի մեկնաբանությունը հետևյալն էր. փոխվե՞լ են, արդյոք, իսլամական երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և թուրքալեզու ժողովուրդների 100 տարի առաջ որդեգրած նպատակներն ու ռազմավարությունը։ Բնականաբար` ոչ։ Փոխվել են միայն ժամանակներն ու մարտավարական մոտեցումները։ Իսկ եթե չի փոխվել ռազմավարությունը, հետևաբար, այդ ամենը կանխատեսելի էր։ Ընդհանրապես, պատմական իրադարձությունները մոռացության տալն անմտություն է։ Անցյալ դարի 20-ական թվականներին տեղի ունեցածի ուսումնասիրությունը հստակ պարզաբանում է այսօրվա իրավիճակն ու նաև մատնացույց է անում հետագա քաղաքական զարգացումների միտումները։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ