[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է՚

DSC_3971.jpgԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հուլիսի 23-ին հրավիրած մամլո ասուլիսի առիթը ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 21-ամյակն էր։ 
Նա կարևորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու հաճախակի շփումները` դրանք համարելով երկկողմանի օգտակար և անհրաժեշտ։
Կ. Միզոյանը հակիրճ անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք կատարվել են ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման և խորացման ուղղությամբ` մասնավորապես մատնացույց անելով  ԼՂՀ ժողովրդի ինքնորոշմանը սատարող մի շարք հայտարարություններն ու տարբեր երկրների հետ գործնական կապերի հաստատումը։ Այն բոլոր գործընթացները, որոնք նպատակաուղղված են մեր պետականության զարգացմանը, տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին են վկայում ԼՂՀ-ի հասցեին հնչած դրական գնահատականները։ Կ. Միրզոյանը կարևորեց այն իրողությունը, որ մեր ժողովրդի ձեռքբերումները, պետական շինարարության ուղղությամբ արվող քայլերը դրականորեն են ընկալվում արտաքին աշխարհի կողմից։ Նա համոզմունք հայտնեց, որ արտաքին աշխարհի հետ Արցախի Հանրապետության հետագա համագործակցությունը լինելու է շարունակական և արդյունավետ` իր մեջ ներառելով նոր եղանակներ և նոր գործընկերների։  
Վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր երկրներից և ամենատարբեր մակարդակներով պատվիրակությունների այցելությունները, ինչը խոսում է Արցախի Հանրապետության հագեցած արտաքին քաղաքական օրակարգի մասին։
Նախարարը խոսեց արտաքին քաղաքական կապերում կիրառվող նոր տարրի մասին. վերջերս Արցախի և տարբեր երկրներ ներկայացնող քաղաքական ուժերի միջև սկիզբ է առնում մի նոր փոխգործակցություն։ Մինչ այսօր արտասահմանյան երկրների հետ մեր շփումները եղել են պետական և հասարակական մակարդակներով։ Առաջին անգամ իրականացվում են որոշակի նախաձեռնություններ, որոնք հետապնդում են ուղիղ կապերի հաստատման նպատակ։ Նախարարի կարծիքով` դա վկայում է այն մասին, որ արցախյան քաղաքական ուժերը դրսում կարող են հանդես գալ որպես վստահելի գործընկերներ։ Արցախի Հանրապետության, նրա քաղաքացիների նպատակների և առօրյայի նկատմամբ արտասահմանյան մի շարք երկրների հետաքրքրությունն առավել քան ակնառու է։ 
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ արտգործնախարարը զարգացման դրական միտումներ չի տեսնում։ ՙՄեր գնահատականը մնում է նույնը,- ասաց նա,- ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն ադրբեջանական կողմն է, որը հետևողականորեն ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը` սկսած շփման գծում լարվածության ուժեղացումից, հակահայկական քարոզչության ակտիվացումից, ընդհուպ մինչև բանակցային գործընթացի դանդաղեցմանն ուղղված գործողությունների ձեռնարկում՚։ Դրա հետ մեկտեղ նախարարը համոզմունք հայտնեց, որ բանակցային գործընթացի ռեսուրսը լիովին սպառված չէ, և  որոշակի ցանկության դեպքում հնարավոր է ապահովել ինչ-որ առաջընթաց, ինչը թույլ կտա մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը։         
Կ. Միրզոյանն անհրաժեշտ համարեց խոսել նաև ԼՂՀ արտգործնախարարության ներքին խոհանոցի մասին` վկայակոչելով դրական տեղաշարժերը. աշխատանք է տարվել մեր դիվանագիտական կադրերի վերապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով օգտագործվել են տարբեր հնարավորություններ։ Ապահովվել է արտերկրում կազմակերպվող դասընթացներին  ԼՂՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել նրանց մասնագիտական որակավորումը։ Չնայած ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն կայացած կառույց է` իր դիվանագիտական կադրերով, այդուհանդերձ, միշտ էլ երիտասարդ ներուժի, աշխատանքում թարմություն մտցնելու կարիք է զգացվում, ընդգծեց նախարարը` հավելելով, որ աշխատանքն այդ ուղղությամբ առաջիկայում կշարունակվի։
Նախարարի ներածական խոսքին հետևել է լրագրողների հետ հարցուպատասխանը։ 
Արտգործնախարարի և ԼՂՀ-ում Կարմի խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ կայացած վերջին հանդիպմանն ի՞նչ հարցեր են քննարկվել, մասնավորապես շոշափվե՞լ է ադրբեջանական դիվերսանտների հետագա ճակատագիրը։ Կ. Միրզոյանի խոսքով, ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հետ քննարկվել են մի շարք հարցեր, իհարկե, չի շրջանցվել նաև դիվերսիոն խմբի վնասազերծման փաստը։ Միջազգային այդ կազմակերպության հետ տարաձայնություններ չկան, իրազեկեց նախարարը, նրանք աշխատում են համապատասխան մարմինների հետ, ղարաբաղյան կողմն էլ աշխատում է միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան։
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած ՙ6 կետերը՚,  անտարակույս, արտահայտում են ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, այդ իսկ առումով ի՞նչ  կարելի է ասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում այդ երկրի դիրքորոշման մեջ ի հայտ եկած միտումների մասին։ Պատասխանելով ՙԱԱ՚-ի հարցին` նախարարն ասաց, որ ամերիկացի համանախագահն ընդամենը ներկայացրել է իր տեսլականը։ Այդ առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԼՂՀ արտգործնախարարությունը։ Կ. Միրզոյանի գնահատմամբ` դա արհեստական աղմուկ է։ Եթե դիտարկենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման դինամիկան, կարելի է նկատել, որ տարբեր ժամանակահատվածներում ակտիվություն է նկատվել տարբեր երկրների կողմից։ Նախարարի խոսքով` համանախագահների հետ մշտական կապի մեջ լինելով` ղարաբաղցի պաշտոնյաները  նրանց կարծիքը լսելուն զուգահեռ միաժամանակ ներկայացնում են մեր դիրքորոշումը։ 
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր ամենատարբեր և ոչ պաշտոնական խողովակներով տարածվող այն խոսակցություններին, ըստ որոնց` մեր հանրապետության տարածքում վերջերս հայտնվել են ադրբեջանցիներ, որոնց հաջողվել է մուտք գործել որպես Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների քաղաքացիներ։ Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։      
Կ. Միրզոյանն ասաց, որ այդ մասին իրեն ևս լուրեր են հասել, ինչը պետք է համարել հակառակորդի ձեռնարկած ապատեղեկատվական քաղաքականության դրսևորում։ Նա կոչ արեց լինել ավելի զգոն և համարժեք արձագանքել ադրբեջանական և այլ խողովակներով տարածվող` իրականության հետ կապ չունեցող խոսակցություններին։ Շարունակելով մեկնաբանությունը` նախարարը նշեց, որ այն մարմինները, որոնք զբաղվում են դիվերսիոն խմբերի բացահայտմամբ ու վնասազերծմամբ, բավականաչափ արդյունավետ աշխատանք են կատարել։ Գնահատելի է նաև նրանց օպերատիվությունը`  տեղեկատվության տարածման առումով։ Այստեղ պետք է հաշվի առնել և այն, որ այդ տեղեկատվությունը տրվում էր Ադրբեջանի կողմից ծավալված լայնամասշտաբ  հակաքարոզչությանը զուգահեռ։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ