[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Անցած շաբաթ միջազգային հանրության ուշադրությունից չվրիպեց Բրազիլիայում անցկացված  BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն) պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը, որն աշխարհի ուժային կենտրոնների միջև ընթացող մրցակցության հերթական դրսևորում էր և անուղղակիորեն առնչվում էր ուկրաինական ճգնաժամին։ 
Կարելի է ասել, որ դա  ուկրաինական ճգնաժամի հետ կապված` Արևմուտքի կողմից Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների սպառնալիքի պատասխանն էր։
Բրազիլական Ֆորտալեզա քաղաքում հուլիսի 15-ին մեկնարկած գագաթնաժողովի օրակարգում գլխավորը կարծես արժութաֆինանսական խնդիրն էր` որպես արտաքին տնտեսական գործարքների կարևորագույն բաղադրիչ, սակայն նրա  քաղաքական ուղղվածությունն առավել քան ակնառու էր. հինգ պետությունների ղեկավարներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ իրենք կդառնան ՙհաղթող թիմ՚։ Գագաթնաժողովի ընդունած հռչակագիրն իրազեկեց, որ BRICS-ի շրջանակներում կստեղծվի ընդհանուր բանկ` ի հակակշիռ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի։ Բոլոր հինգ ղեկավարները միակարծիք էին, որ  գլոբալ նշանակություն ունեցող ֆինանսական ինստիտուտների` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի  ղեկավարման գործում իրենց թույլ չեն տալիս պատշաճ դերակատարություն ունենալ։ Սա միանշանակ Արևմուտքին ուղղված ազդանշան էր։ Աշխարհագրական առումով լայնածավալ այս  միությունը փորձում է հակադրվել Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին և ազդեցության լծակներին։ Սեփական ֆինանսական նախագծերը շրջանառության մեջ դնելով` հիշյալ պետություններն առաջին հերթին  հասկանալ են տալիս ԱՄՆ-ին, որ պատժամիջոցների լեզվով խոսելն անիմաստ է։ 
ՙՀնգյակի՚ հանդիպմանն անդրադարձել և գնահատական են տվել ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան աղբյուրները։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ` գագաթնաժողովը կարևորել է համագործակցության նոր ոլորտների ուսումնասիրությունը, ներառյալ համալսարանական դիպլոմների փոխադարձ ճանաչում, կադրային և ապահովագրական քաղաքականություն, արտաքին քաղաքականության ծրագրավորում, արտաքին առևտրի ապահովագրում, ինչպես նաև փոխգործակցություն բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Հիշյալ պետությունների նախագահները նաև համաձայնագիր են ստորագրել, որում կոչ են ուղղել իրենց պետական ընկերություններին` շարունակել համագործակցության որոնումները տեղեկատվության և առաջավոր փորձի փոխանակման ուղղությամբ։ Արևմտյան աղբյուրների գնահատականն այսպիսին էր. BRICS-ի պետությունների բունտը միաժամանակ սպառնալիք է Արևմուտքի կողմից վերահսկվող գլոբալ ֆինանսական համակարգի հենասյուներին։  
Դաշնակից հինգ պետությունների հիմնադրած միջազգային նոր ֆինանսական հաստատությունը` Զարգացման նոր բանկը, պետք է դառնա Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի այլընտրանքը։ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի գնահատմամբ` Զարգացման նոր բանկի ստեղծումը կարևոր քայլ կդառնա համաշխարհային ֆինանսական ճարտարապետության փոխակերպման ճանապարհին։ Ընդունված հռչակագիրն իրազեկում է, որ բանկի նախնական կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար։ Ըստ նախնական տեղեկությունների` բանկի ղեկավար կայանը  կհիմնվի Շանհայում, իսկ առաջին նախագահը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչը։
Ֆինանսատնտեսական կողմից զատ` հերթական գագաթնաժողովն աչքի է ընկել   նաև քաղաքական բովանդակությամբ հարուստ հայտարարություններով։ Ինչ խոսք, այդ հինգ պետություններին միավորում է համաշխարհային քաղաքականության մեջ առաջատար դիրքեր ունեցող երկրներին և գլխավորապես Միացյալ Նահանգներին հակադրվելու հրամայականը։ Համատեղ ջանքերով Արևմուտքին հակադրվելու գաղափարն առայժմ գերակայում է, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանն ունի իր սեփական քաղաքական օրակարգը, որը ենթադրում է սեպարատ պայմանագրերի ստորագրում առանձին պետությունների հետ, այդ թվում` լատինաամերիկյան։ Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ նման բանակցությունները Լատինական Ամերիկայում կարող են հարվածել Բրազիլիայի տարածաշրջանային շահերին։
Կարծում ենք, արժե ուշադրություն դարձնել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` նախքան Բրազիլիա մեկնելը ռուսաստանյան ԼՁԸՀ - ՁԸհհ տեղեկատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցին։ 
Որքանո՞վ կարող է ամուր լինել այն պետությունների միավորումը, որոնց մեծամասնությունը չունի ընդհանուր սահմաններ։ Աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացները չե՞ն հասցնի նրան, որ ՙՀնգյակի՚ փոխգործակցությունը ժամանակի ընթացքում ի չիք դառնա։ Արդյո՞ք առկա է  BRICS-ի  քաղաքական բաղկացուցչի ուժեղացման, ինչպես նաև ռազմական բաղկացուցչի ի հայտ գալու ծրագիր։ Ի պատասխան հարցի` ՌԴ նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների գործոնը որոշիչ դեր չի խաղում։ Հակառակը, ասել է նա, գլոբալ գործընթացները մեզ դրդում են միավորել ջանքերը, քանի որ ընդհանուր են դառնում մարտահրավերներն ու խնդիրները։ Այս պարագայում տեսանելի է համընկնող ռազմավարական շահերի մի ամբողջ համալիր, և առաջին հերթին` միջազգային արժութաֆինանսական համակարգը  բարեփոխումների ենթարկելու փոխադարձ ձգտումը։ Վ. Պուտինի գնահատմամբ` այդ համակարգը չափազանց մեծ կախվածություն ունի ամերիկյան ղեկավարության վարած քաղաքականությունից։ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը  ցանկանում են փոխել այդ իրավիճակը` ամրապնդելով փոխգործակցության քաղաքական բաղադրիչը, այդ նպատակով միջազգային կազմակերպություններում, և գլխավորապես ՄԱԿ-ում ընդլայնելով փոխադարձ խորհրդատվությունների, համատեղ գործողությունների պրակտիկան։ Նախագահ Պուտինը, սակայն, բացառել է այս շրջանակում ռազմական ալյանսի ձևավորումը։  
ՌԴ նախագահն առանձնահատուկ  նշանակություն է տվել ազգային շահին. Ռուսաստանի նախաձեռնությամբ ներկա դրությամբ մշակվում է ՙՀնգյակի՚ տնտեսական համագործակցության ռազմավարությունը, որը կհետապնդի ոչ միայն առևտրատնտեսական զարգացման, այլև հինգ պետությունների միջազգային մրցունակության ամրապնդման նպատակ, ինչը  բխում է նրանց ազգային շահերից։ 
Գագաթնաժողովի մասին կարելի է դատողություններ անել` դիտարկելով այն ամենատարբեր տեսանկյուններից։ Մեզ համար հատկապես ի՞նչն է ուսանելի։ Աշխարհի ուժային կենտրոններն այսօր առավելապես կենտրոնացած են սիրիական և ուկրաինական ճգնաժամերի վրա, և հակամարտությունների կարգավորման` նրանց առաջ քաշած բեմագրերի ետևում պետք է տեսնել նախևառաջ այդ հակամարտություններից  առավելագույն օգուտ քաղելու ակնկալիքը։ Ընդ որում, նրանց միջև ընթացող պայքարը կարող է կրել ոչ միայն ուղղակի, այլև հաճախ միջնորդավորված բնույթ։ Պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը զուգահեռ` մեկ այլ հարթությունում տեղի են ունեում նաև ազգային պետությունների փոխգործակցություն և երկխոսություն։ Այս տեսանկյունից քննարկելով առհասարակ ինտեգրման գաղափարը` հայ  ժողովուրդը պետք է աչքի առաջ ունենա ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելու և աշխարհի ուժային կենտրոնների կողմից այն շահարկելու հանգամանքը։ Ներկա դրությամբ` Հարավային Կովկասում ինտեգրման և ուժերի համախմբման ինտենսիվ գործընթացների ծավալման պայմաններում հայ ժողովրդի քաղաքական վերնախավի առջև դրվում է մի պարզ խնդիր. հստակեցնել դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների սահմանները, հասնել նրան, որ հայ ժողովրդի ազգային շահերը տեսականորեն, ինչպես նաև պրակտիկ առումով ընկալելի դառնան արտաքին աշխարհի կողմից։ Այս իրողության գիտակցումն անչափ կարևոր է անկայունության օջախի վերածվելու հեռանկարից խուսափելու, ինչպես նաև հայկական պետականության և ինքնիշխանության անսասանությունն ապահովելու տեսանկյունից։   
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ