[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ս. ԴԵՄԻՐԹԱՇԻ ՕԳՏԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՎԱՔՈՒՄ

1download100.jpgՀուլիսի 19-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմակերպվել է հավաք` ի նպաստ Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածու, ՙԺողովուրդների դեմոկրատական կուսակցության՚ նախագահ Սալահեդդին Դեմիրթաշի։ Բազմահազարանոց հավաքում ներկա էին տարբեր ազգերի, էթնիկ և դավանանքային խմբերի՝ հայերի, քրդերի, լազերի, էլևիների, չերքեզների և վաթսուն կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գլխավոր ելույթ ունեցողը եղել է նույն ինքը`  Սալահեդդին Դեմիրթաշը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) ներկայացուցիչ՝  դոկտոր Րաֆֆի Պետիկյանը, ով նախաձեռնող կազմակերպությունների անունից ողջունել է  նախագահի թեկնածու  Սալահեդդին Դեմիրթաշին և հայտարարել. ՙԴեմիրթաշը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ այսօր նախագահի առաջին թեկնածուն է, ով իր մեջ գտավ քաջություն և պարկեշտություն, առանց բառերը ծամծմելու ընդունելու հայ ժողովրդի ապրած մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը և Արևմտահայաստանի հայաթափումը՚:
Պետիկյանը, խիստ քննադատության ենթարկելով Թուրքիայում տիրող ՙստի, կեղծիքի, պատմության նենգափոխման, ազգայնամոլության, ցեղապաշտության և ռազմապաշտության՚ երևույթները, շեշտեց ՙարժեքների վրա հիմնված՚ նոր հարաբերություններ և հասարակակագ ստեղծելու անհրաժեշտությունը։
Ակնարկելով Թուրքիայի վերնախավի վարած քաղաքականությանը` Պետիկյանը հիշեցրել է ամերիկացի քաղաքական գործիչ Մարտին Լյութեր Քինգի խոսքերը, որ ՙմենք սովորեցինք ձկան պես լողալ, թռչունի պես թռչել, բայց իրար հետ մարդու պես ապրել չսովորեցինք՚: Նա հույս հայտնեց, որ ՙնոր սերունդը կձերբազատվի թունավոր գաղափարախոսություններից՚։ 
Պետիկյանը, զորակցելով հանդերձ, զգուշավոր գոհունակություն է հայտնել պարոն Դեմիրթաշի առաջադրումից և հայտարարել. ՙՈղջունում ենք պարոն Դեմիրթաշի եւ նորակազմ ՙԺողովրդների դեմոկրատական կուսակցության՚ (HDP) ստանձնած դերն ու առաքելությունը, սկզբունքները, խիզախությունն ու համարձակ քայլերը և մաղթում, որ միշտ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին, ու նաև մաղթում ենք, որ ժողովուրդների բարեկամությունն այս անգամ լինի իրական, և չկրկնվեն պատմության դառը փորձերը, երբ դահիճները բախտակից ժողովրդներին իրար դեմ էին լարում՚։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից որեւէ մեկը չկարողանա ընտրությունների առաջին փուլում հավաքել ձայների 51տոկոսը, ապա ընտրություններն անցնելու են երկրորդ փուլ, որը կայանալու է օգոստոսի 24-ին։
 
 
ՙՀայաստան՚ լրատու ցանց
Քյոլն, 26.07.2014 թ.