Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ ՉԻ ԼԻՆԻ ԲԱՔՎԻ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՓՈՂԵՐԻՑ՚

Եվրոպան պետք է իր ուժերը ներածին չափ ամեն ինչ անի, որպեսզի Կովկասի կանաչ լեռներում կրկին թևածի խաղաղությունը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ապագա ազատությունը կախված չի լինի Ադրբեջանի նավթից ու փողերից` երկիր, որը ՙԹղթակիցներ առանց սահմանների՚ միջազգային կազմակերպության կողմից ամեն տարի հրապարակվող մամուլի ազատության ինդեքսում վերջին տեղերից մեկն է գրավում։ Այդ մասին ասվում է իտալական ՙL’Opinione՚ թերթի ՙԼռություն, որ ցավ է պատճառում՚ հոդվածում:
Ինչպես նշվում է հոդվածում, չի կարելի բախտի քմահաճույքին թողնել Արևելյան Եվրոպայի վերջին հողակտորը, արևմտյան և քրիստոնեական աշխարհի ծայրագույն սահմանը և, առավել ևս, չի կարելի վաճառել այն կասպիական նավթի դիմաց. ՙԱմեն ինչ կախված է արդարության և ժողովրդավարության այն արժեքների իրական նշանակությունից, որոնց վրա հիմնված է եվրոպական հասարակությունը՚։
Լեռնային Ղարաբաղը (պետականության սեփական մարմիններով, համալսարանով, ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, հեռախոսակապի ընկերությամբ), որտեղ ժողովրդավարության զարգացման մակարդակն ավելի բարձր է, քան տարածաշրջանի որևէ այլ երկրում, ներկայումս մնում է զուտ որպես ֆանտոմ (երևակայական) պետություն, ասվում է հոդվածում Inosmi.ru կայքի հաղորդմամբ։
ՙՆրա հիմնախնդիրների իմացությունն ու պատճառները հասկանալը կարող են միջոց դառնալ հակառակորդներին մերձեցնելու և պատերազմից խուսափելու համար` դրանից բխող բոլոր հետևանքներով (հատկապես ինչ վերաբերում է նավթին), Եվրոպայի համար` ընդհանրապես։ Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչումը քննարկման ենթակա չէ, քանի որ անթույլատրելի է անգամ այն միտքը, թե հայերն ի վերջո դարձյալ կհայտնվեն ադրբեջանցիների իշխանության ներքո, որոնք արդեն բազմիցս միջէթնիկական ատելություն են ցուցաբերել, ինչը հաստատում է, ասենք, նրա կողմից հայկական միջնադարյան գերեզմանոցի ավերումը Ջուլֆայում կամ Սաֆարովի գործը (ադրբեջանցի, ով սպանել է քնած հայ սպային, ում հետ նա Բուդապեշտում ուսուցում էր անցնում ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակներում. Հունգարիայի  դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել նրան, սակայն նա տարհանձնվել է հայրենիք, որտեղ նրան դիմավորել են որպես ազգային հերոսի)՚,- գրում է հեղինակը։
 Լեռնային Ղարաբաղ փոքրիկ հանրապետությունը, ինչպես նշվում է հոդվածում, արդեն 20 տարիներ ի վեր փորձում է ապրել անկախ պետության կյանքով, չնայած այն բանի, որ միջազգային հանրությունը չի ճանաչում նրան որպես այդպիսին որոշ՝ բացառապես քաղաքական պատճառների բերումով։  
 
REGNUM 
տեղեկատվական գործակալություն