[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼ ԶԱՐԳԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Օգոստոսյան վերջին օրերին` ԼՂՀ հռչակման  տոնին ընդառաջ,  ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը պատմական նշանակություն ունեցող որոշում կայացրեց. ընդունեց ԼՂՀ անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև։
Սենատի անդամ Մայք Գատոյի ներկայացրած բանաձևում նշված էր, որ Կալիֆոռնիան աջակցում է Ղարաբաղի` անկախ և ժողովրդավար ապրելու ձգտմանը, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Սենատին սատարել Արցախի ինքնորոշմանը և ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված անկախությանը։ Ուշադրություն են գրավում Սենատի անդամ Թոմ Բերիհիլի խոսքերը. ամերիկացիները պետք է հասկանան այն ազգերին, ովքեր ուզում են անկախ և բռնապետությունից ազատ լինել, քանի որ ՙդրանք լավագույնս են արտացոլում մեր արժեքները, և դա մեր սեփական պատմությունն է՚։ 
Սենատն այդ բանաձևն ընդունեց օգոստոսի 27-ին։ Մեկ օր անց` օգոստոսի 28-ին, ինչպես հայտնի է,  Թուրքիայի Ազգային մեծ ժողովում  տեղի ունեցավ նախագահական ընտրարշավում իր համար ձայների մեծամասնություն ապահոված Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Վերջինիս աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցության հարցը  քննարկվել է ինչպես միջազգային, այնպես էլ հայկական իրականության մեջ։ Ի դեպ,  Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանը մասնակցել է արտգործնախարարի մակարդակով։ 
Միացյալ Նահանգների` որպես Միջին ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի  ռազմավարական դաշնակցի,  մասնակցությունն այս արարողությանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այն իմաստով, որ ԱՄՆ¬Թուրքիա հարաբերություններում ներկա դրությամբ առկա են որոշ խնդիրներ։ Քաղաքական  վերլուծաբաններին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն էր, թե ինչպիսին է լինելու նախագահ Օբամայի վարչակարգի որոշումը  Էրդողանի երդմնակալության արարողությանն ամերիկյան կողմի մասնակցության վերաբերյալ։ Հարկ է նկատել, որ կայացված որոշումը միանգամայն համարժեք էր թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին. այդ առաքելությունը դրվել է Անկարայում ԱՄՆ  դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ջեսս Բեյլիի վրա։ Այսինքն` ԱՄՆ-ից Անկարա գնացող չի եղել։ 
Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից ամենևին էլ պատահական չպետք է համարել ռուս-թուրքական մերձեցման միտումները, ինչը դիտարկվում է  Թուրքիայի հանդեպ Արևմուտքի ցուցաբերած ոչ բարյացակամ վերաբերմունքի համատեքստում։ ԱՄՆ-ն այսօր մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը հակակշռում է Իրանի դերի բարձրացմամբ, Եվրամիությունն էլ իր հերթին ոչ մի կերպ չի հանդուրժում իր կազմում Թուրքիայի անդամակցությունը։ Բնականաբար, Թուրքիան իր հետագա  անելիքները պատկերացնում է գլխավորապես եվրասիական ուղղությունում։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Մոսկվայի ոչ պաշտոնական շրջանակներում փորձում են հիմնավորել թուրքական կողմի հետ մերձեցման անհրաժեշտությունը` մատնացույց անելով դրան հասնելու հնարավորությունները։ Շեշտում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր մրցակիցներ են, և ներկա փուլում էլ նրանց միջև ժամանակ առ ժամանակ  հակասություններ են ի հայտ գալիս ազդեցության ոլորտների և, առաջին հերթին, էներգակիրների փոխադրման ու խողովակաշարերի տեղակայման համար, սակայն դա չի խանգարում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Օգոստոսի 29-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը  հայտարարեց, որ ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում` մատնացույց անելով նախևառաջ առևտրատնտեսական հարաբերությունները։ Հայտարարությանը նախորդել է Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակության մասնակցությամբ Անկարայում ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի բացումը։
Թե ինչ ուղղությամբ կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները, ցույց կտա ապագան։ Մենք կարող ենք արձանագրել վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում, իսկ դրանք անմիջականորեն կապված են Էրդողանի` Ադրբեջան կատարած այցի հետ։ Նախքան այցը` քաղաքական-փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ կային առ այն, որ նախագահի պաշտոնում Էրդողանը փորձելու է հայկական կողմի հետ փոխըմբռնման եզրեր գտնել։ Բաքվում Էրդողանը, ինչպես հայտնի է, միայն ապակառուցողական  հայտարարություններ  հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Քանի դեռ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի ստացել իր վերջնական լուծումը,  Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում դրական տեղաշարժ  չի լինի. սա է Թուրքիայի նորընտիր նախագահի` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ներկա մակարդակն արտացոլվել է նաև Իլհամ Ալիևի ելույթում. վերջինս  հատուկ ընդգծեց` որքան հզոր լինի Թուրքիան, այնքան իրեն հզոր կզգա Ադրբեջանը։ Ալիևն իրեն յուրահատուկ  ցինիզմով ևս մեկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Ադրբեջանն ու  Թուրքիան համակարգելու են իրենց գործունեությունը մտացածին ՙՀայոց ցեղասպանության՚ մերկացման ուղղությամբ։ Երկու բռնապետական վարչակարգերի հարաբերությունների գնահատականը տրվեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռ. Մուսաբեկովի շուրթերով. Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը շարունակում է հիմնական առաջնահերթություն հանդիսանալ Անկարայի համար։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների  վերջին հանդիպումը  միանշանակ վկայում է, որ եղբայրական պետությունների արտաքին ագրեսիվ քաղաքականությունը մնացել է նույնը։ Այդ ագրեսիվությունը վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը։ Թե՜ Ադրբեջանի և թե՜ Թուրքիայի ներկա նախագահներն իրենց իշխանությունը պահում են  սեփական քաղաքացիների արյունը հեղելով, քաղաքացիական անհնազանդությունը  ռետինե մահակներով ճնշելով, ինչի մասին լավագույնս  տեղեկացված է միջազգային հանրությունը։ Բավական է հիշեցնել Ի. Ալիևի երրորդ ժամկետով նախագահական աթոռը զբաղեցնելու հետ կապված ԱՄՆ-ից ստացված շնորհավորական հեռագիրը, որում ակնարկ կար առ այն, որ  Ի. Ալիևը չի հաղթել նախագահական ընտրություններում, նա պարզապես բռնի կերպով հերթական անգամ զավթել է իշխանությունը։ Նույնը պետք է ասել Ռ. Էրդողանի մասին, ով ս.թ. մարտի վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անց է կացրել արյունահեղությամբ` նպատակ ունենալով վերացնել բոլոր հնարավոր խոչընդոտները նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին։ Հավելենք Էրդողանի երդմնակալությունից րոպեներ առաջ թուրքական խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը.  գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը բոյկոտել է երկրի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Թուրքական ՙՄիլիեթ՚ պարբերականի փոխանցմամբ` կուսակցության խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը նախ դժգոհել է, որ մեջլիսի նախագահն իրեն զրկում է ելույթի իրավունքից, ապա նրա  դեմքին է շպրտել մեջլիսի ներքին կանոնակարգը։ Նշված փաստերը, կարծում ենք, բավական են` ցույց տալու Թուրքիայի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնողի  իրական դեմքը: 
Այնպես որ` միջազգային հանրության ընկալումներում Թուրքիան ու Ադրբեջանն  իրենց ներքին ու արտաքին քաղաքականությամբ ընդամենը բռնապետական, ագրեսիվ պետություններ են` կոռումպացված վարչակարգերով հանդերձ։ 
Միջազգային հանրության ընկալումներում Արցախը ներկայանում է որպես ժողովրդավարական ճանապարհով անկախություն հռչակած և իրավական ճանաչման արժանի պետություն, հետևաբար  խոսք չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի տիրապետության ներքո նրա գոյության մասին։ Արցախը նաև ի զորու է համաժողովրդական ջանքերով պաշտպանել սեփական անկախությունն ու անվտանգությունը։ Ուրեմն` աջակցության և քաջալերման բանաձևեր աշխարհի տարբեր անկյուններից առաջիկայում դեռ ավելի շատ կլինեն։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ