[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԻՉԵՐԸ

2014 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն, անկասկած, իրենց դրոշմը կթողնեն Ադրբեջանի տարեգրության մեջ։ Հարցն այն է, թե դրանք ինչ գնահատականի կարժանանան  այդ երկրի քաղաքացիական հասարակության և տիրապետող քաղաքական վերնախավի կողմից։ 
Կարելի է թերևս ենթադրել, որ գնահատականները տրամագծորեն հակառակ բովանդակությունը պիտի ունենան, քանի որ  Ադրբեջանին ուղղված քաղաքակիրթ հանրության հորդորն այդ երկրի առաջադեմ խավերի` հանուն ժողովրդավարության ծավալած պայքարը պաշտպանելու նպատակ է հետապնդում։ 
Ադրբեջանական ժամանակագիրների գործն է պարզել, թե երբևիցե հայրենական իշխանությունների հասցեով միջազգային հանրությունից ստացվե՞լ են նման քանակությամբ քննադատական հայտարարություններ, ազդանշաններ, իշխող վերնախավի վարքագիծը դատապարտող և նպատակային պատժամիջոցներ սահմանելուն ուղղված բանաձևեր։ 
Ալիևյան վարչակարգի էությունը մերկացնող փաստերը բազմաթիվ են և բազմապիսի, այնպես որ` անհնար է բոլորին անդրադառնալը։ Հարկ է նշել Եվրախորհրդարանի սեպտեմբերի 18-ին ընդունած փաստաթուղթն Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող դատական հետապնդումների, միջազգային աղմուկ առաջացրած մեղադրանքների վերաբերյալ։  
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և նրա հետ հարաբերությունները խզել ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում։ Դատապարտվում են Հայաստանի հետ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների և մտավորականության  ներկայացուցիչների հարաբերությունները խզելու ալիևյան վարչակարգի ջանքերը։ Ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան։ Ավելին` Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ միջոցներ  չձեռնարկելու դեպքում (այդ գաղափարն առաջարկվել է 2012-ի մայիսի 24-ին)։ 
Կարծում ենք, ուշադրության արժանի է ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոայի արձագանքը. ՙԱյսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային  Կովկասի ժողովուրդների հիմնական խնդիրն ադրբեջանական ռեժիմն է։ Սա  ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՚։ 
Քաղաքացիական հասարակության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ճնշումներին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերյան իր ելույթներից մեկում` կարծիք  հայտնելով, որ Ադրբեջանում գործող օրենքների պատճառով երկրի հասարակական կազմակերպությունները չեն կարողանում համապատասխան գործունեություն ծավալել։ Քաջ տղամարդիկ ու կանայք, ասել է նախագահը, ովքեր համարձակվում են իրենց ձայնը բարձրացնել, ենթարկվում են հետապնդումների, հարձակումների, և անգամ սպանվում են։ Քաղաքացիական հասարակության նկատմամբ այս աճող ճնշումը նպատակ ունի բռնանալ ժողովրդավարության գաղափարի վրա, և այն, ինչ իրոք անհրաժեշտ է, դա  ժողովրդավարության պաշտպանության նպատակով առավել ուժեղ պայքարն է, եզրակացրել է Օբաման։ Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված առաջնորդներին` նրանց վրա հարձակումները գնահատելով որպես բռնություն ժողովրդավարության  գաղափարի նկատմամբ։ 
Աշնան առաջին ամսում Եվրոպայից ու ԱՄՆ-ից հնչած քննադատությունն ադրբեջանական բռնատիրության սաստկացման վերաբերյալ պաշտոնական Բաքվի համար, ինչ խոսք, դժվարամարս է։ Բայց շատ ավելի դժվարամարս են նույն այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն այցելած մի շարք պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններն ու պաշտոնական Բաքվին ուղղված դասերը։ 
Նման պարագայում կարելի է պատկերացնել հարևան երկրի քաղաքական վերնախավի  հոգեկան տվայտանքը, որն իր դրսևորումն ունեցավ ակադեմիկոսական-ռամիզմեհթիևական արձագանքով։ Նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը Լեռնային Ղարաբաղի պատմության մասին գիրք ունի, որի քննարկմանը նվիրված միջոցառմանը նախատեսել էր փոխվարչապետ Ալի Հասանովի ելույթը։
Եվ այսպես, ակադեմիկոսական ուղեղում ՙգաղափար՚ է մոգոնվել, ըստ որի` Ղարաբաղյան պատերազմի անհրաժեշտությունը կարող է վերանալ, քանի որ հարցերն իրենք իրենց լուծվում են։ Ռամիզ Մեհթիևն ու Ալի Հասանովն իրեց իրավունք են վերապահել միջազգային հանրությանը տեղեկացնել, թե ամեն տարի ՀՀ-ն լքում է 150-170 հազար մարդ, մյուս կողմից էլ նվազում է բնական աճը, և եթե այսպես շարունակվի` պատերազմի անհրաժեշտությունը կվերանա։ Մտահանգումը հետևյալն է. Հայաստանը նահանջում է։ Դե, եթե Հայաստանը նահանջում է, իմացեք, որ նրա հետ էլ Լեռնային Ղարաբաղն է նահանջում։
Այնուհետև անցել են միջազգային կազմակերպությունների պահվածքին` կարծիք հայտնելով, թե դրանք աշխատել չգիտեն, քանի որ ոչ մի տեղ չեն կայունացրել իրավիճակը և  գլխավորապես ՙզբաղված են կոալիցիաներ և դրանց նման բաներ ստեղծելով՚։ Մեր հարևաններին դժվար չէ հասկանալ. խիստ նեղացած են եվրոպական կառույցների սուր քննադատությունից, և նրանց գաղափարաքարոզչական ռեսուրսն այլևս չի բավարարում պատասխանելու միջազգային կառույցների` մարդու իրավունքների ոտնահարումները դատապարտող հայտարարություններին։      
Որ պաշտոնական Բաքուն ի վիճակի չէ երկրի ներքաղաքական իրադրության վերաբերյալ   փաստարկված ու հիմնավոր բացատրություններ տալ միջազգային հանրությանը, ալիևյան վարչակարգի մտահոգության մի կողմն է։ Մյուսն, անշուշտ,  ղարաբաղյան թեման է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հռչակած անկախության միջազգային ճանաչման կարևորումը մի շարք երկրների կողմից։ 
Վկայակոչենք Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատվիրակության, որի կազմում էին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ, և ապա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի այցերն Արցախի Հանրապետություն, որոնք հավասարակշռությունից հանել են մեր հարևաններին։ Ադրբեջանական կայքերից մեկը մեջբերում է արել արտգործնախարարության պաշտոնյայից. ՙֆրանսիացի սենատորը խրախուսում է մարդկության հանդեպ հանցագործությունը՚։ ԼՂՀ Ազգային ժողովում Ֆիլիպ Կալտենբախի ելույթին այսպես է արձագանքել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Սենատորն, ինչպես գիտենք, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և Արցախի անկախության ճանաչման սկզբունքի հիման վրա։ Պարոն Կալտենբախը Ստեփանակերտից իր խոսքն ուղղել է Ադրբեջանի նախագահին` արտահայտելով մեկ կարևոր միտք. ՙՄիահամուռ պետք է համոզել Ալիևին, որ չի կարելի ժողովրդին, հակառակ իր կամքի, բռնակցել մեկ այլ պետության,  քանի որ Արցախի ժողովրդի պայքարը մղվում է ոչ թե տարածքի, այլ ազատության համար՚։         
Ֆրանսիայի նման քաղաքակիրթ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի այցն անկախ Արցախի Հանրապետություն և այդ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության ընդգծումը նրա կողմից, ըստ մեր հարևանների, նշանակում է խրախուսել անջատողականությունն ու ահաբեկչությունը։ 
Հիշեցնենք նաև Ֆրանսիայի Սենատի անդամ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ալեն Ներիի` Ադրբեջանի ղեկավարությանն ուղղած խոսքերը. ՙՄենք եկել ենք Լեռնային Ղարաբաղ` որպես ֆրանսիացի պատգամավորներ, և դրա համար որևէ մեկի թույլտվությունը չենք հարցրել, որովհետև ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է՚։ Դրանով Ա. Ներին հասկանալ է տվել, որ պաշտոնական  Բաքվից ակնկալվելիք  արձագանքն իր համար գրոշի արժեք չունի։ 
Վերոշարադրյալին հավելենք նաև Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստը. օրենսդիր մարմնի սեպտեմբերի 12-ին ընդունած  փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան։ Բացի այդ, կարևորվում էր  ղարաբաղյան կողմի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին։  
Ադրբեջանի քաղաքական աշունը նշանավորվեց  ալիևյան վարչակարգին  ուղղված քննադատությունների տարափով, որն, անկասկած, իր տրամաբանական   շարունակությունը կունենա առաջիկայում ևս։ Միաժամանակ  աշխարհի տարբեր երկրներից հնչող հայտարարություններն Արցախում ժողովրդավարական գործընթացների զարգացման մասին նպաստում են մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը։ Իսկ պաշտոնական Բաքուն դրանց արձագանքում է աղեկտուր ճիչերով, քանի որ դրանց դիմակայելու համար նրա  բոլոր ռեսուրսներն արդեն  սպառված են։  
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ