[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՍԿԵՐԻ ԵՐԿԻՐ. ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵ՞Տ

761961.jpg2014 թվականի սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի տեղական խորհրդարանն ընդունեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի ինքնորոշման ձգտումը սատարող բանաձև։ 
Այդ տարածաշրջանն Իսպանիայի կազմի մեջ մտնող 17 ինքնավար միություններից մեկն է (մոտ 2,5 միլիոն բնակչությամբ)։ Բասկերի Երկիրն ունի գործադիր և ներկայացուցչական իշխանությունների սեփական մարմիններ, ինչպես նաև իշխանական լիազորությունների բարձր մակարդակ (ներառյալ և՝  սեփական արտաքին-քաղաքական գերատեսչություն)։ 
Ընդ որում, այդ երկիրը դիտվում է որպես ողջ Եվրոպական Միության ամենազարգացած տարածքներից մեկը։ Շոտլանդիայի և Կատալոնիայի հանրաքվեների համապատկերին Բասկերի Երկրի ձգտումը նույնպես քննարկվում է ինտենսիվ կերպով։ Առավել ևս, որ այդ տարածաշրջանը կենտրոնական իսպանական կառավարության հետ իր իրավունքների ընդլայնման համար պայքարի տպավորիչ պատմություն ունի։
Բազմաթիվ ԶԼՄ-ներ բասկյան խորհրդարանի այդ քայլը շտապել են անվանել լեռնայինղարաբաղյան պետականության ճանաչում: Նման եզրահանգման հետ դժվար է համաձայնել, եթե աղբյուրը վերլուծելու լինենք ՙսառը գլխով՚, առանց զգացմունքային ՙնախնական ընկալման՚:
Բասկյան խորհրդարանի սեպտեմբերյան բանաձևը սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի (նշենք, որ ԵԱՀԿ-ն չի զբաղվում ԼՂՀ անկախության ճանաչման հարցով լոբբինգ վարելով)՝ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողությունները։ Բասկ խորհրդարանականները նույնպես խոսում են այն մասին, որ չափազանց կարևոր է նվազագույնի հասցնել կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը։ Առաջարկվում են նաև ավանդական այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են դիպուկահարների հետքաշումը և հակամարտության գոտում զինված բռնության բոլոր դեպքերի իրական հետաքննությունը։ Բանաձևն այդ մասով գրեթե չի տարբերվում նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից։ Իհարկե, բասկյան փաստաթուղթը դեկլարատիվ բնույթ է կրում և պարտադիր իրավաբանական ուժ չունի։
Բայց, դրանով հանդերձ, բանաձևի տեքստում ընդգծվում է, որ ԼՂՀ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, քանի որ այն վաստակել է՝ զարգացնելով ժողովրդավարական մարմիններ և ընթացակարգեր։ Բայց ամենակարևորը՝ դա այն փաստի ճանաչումն է, որ առանց իր իսկ՝ ԼՂՀ-ի ժողովրդի կարծիքի (և քաղաքական կարևոր քննարկումներում նրա ներկայացուցիչների մասնակցության) անհնար է որոշել խնդրահարույց այդ տարածաշրջանի ապագան։ Ընդսմին, կարևոր է ուշադրություն դարձնել ևս երկու կետի վրա։ Նախ, խորհրդարանական բանաձևի ընդունումը սատարել են Բասկերի Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր ֆրակցիաները։ Երկրորդ, ՙՀայաստանի եվրոպացի բարեկամների՚ (լոբբիստական հայտնի կառույց) աջակցությամբ ԼՂ չճանաչված  հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկիր և հանդիպումներ ունեցել այդ տարածաշրջանի պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ 
Ի՞նչ նշանակություն ունի Եվրոպական միության մեջ մտնող մի երկրի տեղական խորհրդարանի որոշումը, որը ոչ քիչ խնդիրներ ունի՝ կապված տարածքային ամբողջականության պահպանման հետ (ինչի վկայությունը Կատալոնիայում կայանալիք հանրաքվեն է)։
Այս հարցի պատասխանը նպատակահարմար կլիներ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքինքաղաքական կեցվածքավորման մի շարք առանձնահատկությունների բնութագրումից։ Ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, նրա անկախությունը ոչ ոքի կողմից ճանաչված չէ։ Ի հակադրումն Մերձդնեստրի, ԼՂՀ-ն բանակցություններում չի դիտվում որպես հակամարտության  ինքնուրույն կողմ։ Չճանաչված այդ երկիր են այցելում դիվանագետներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ Նման այցերը, սակայն, չեն ազդում նրա բանակցային կարգավիճակի վրա։
Այդուհանդերձ, հետխորհրդային մնացած դե-ֆակտո պետությունների հետ այս ծածուկ մրցակցության մեջ ԼՂՀ-ն ունի մի շարք առավելություններ։ Առաջին հերթին, խոսքը չճանաչված պետության միջազգային կապերի մասին է։ Նախկին ԽՍՀՄ տարածքում նման ոչ մի կազմավորում չի կարող պարծենալ, որ ստանում է ամերիկյան պետական ֆինանսավորում։ Իսկ ԼՂՀ-ում, սկսած 1998 բյուջետային տարուց, ԱՄՆ Կոնգրեսի կողմից սահմանված օգնություն է ցուցաբերվում։ Այն առաջին հերթին հատկացվում է Միջազգային զարգացման գործակալության (USAD) միջոցով՝ մարդասիրական և սոցիալական բնույթի ծրագրերի համար։ Ամեն տարի Կոնգրեսում վեճեր են ընթանում այն մասին, թե որքանով է դա անհրաժեշտ և որքանով է համապատասխանում ամերիկյան շահերին։ Բայց ամեն  անգամ մի քանի միլիոն դոլարի չափ գումար գտնվում է։ Բնականաբար, չպետք է մոռանալ նաև ոչ կառավարական կառույցների և միջազգային կազմակերպությունների ցուցաբերած օգնության մասին։ Հայկական լոբբիստների հետ կապ ունեցող կոնգրեսականներն ու քաղաքագետները հաճախ են այցելում Ղարաբաղ և չճանաչված հանրապետությանը շնորհավորում տարբեր տոնական տարեթվերի առթիվ։
 Ամերիկյան առանձին նահանգների մի քանի բարձրագույն ներկայացուցչական մարմիններ ընդունել են բանաձևեր՝ ի սատարումն ԼՂՀ ինքնորոշման և անգամ անկախության հասնելու ջանքերի։ Տվյալ հարցն առավել բարձր մակարդակով վերանայելու խնդրով նրանք միջնորդել են նաև ԱՄՆ ֆեդերալ կառավարության առաջ։ Առայսօր նման փաստաթղթեր ընդունվել են հինգ նահանգներում։ Դա Ռոդ Այլենդն է (2012թ., մայիս), Մասաչուսեթսը (2012թ., օգոստոս), Մենը (2013թ., ապրիլ), Լուիզիանան (2013թ., հունիս) և Կալիֆոռնիան (2014թ., մայիսի 8)։
2012թ. հոկտեմբերի վերջին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բարձրագույն ներկայացուցչական մարմինն ընդունեց փաստաթուղթ, որի երկրորդ կետը վկայակոչում էր ՙմարդու հիմնական՝ ինքնորոշման, ազատության և ժողովրդավարական հասարակության իրավունքը՚, ինչպես  և ՙբոլոր ազգերի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, ինքնորոշման իրավունքը՚։ Փաստաթղթում նշվում էր նաև, որ դե-ֆակտո այդ պետությունն ազատ հասարակություն ստեղծելու ջանքեր է ձեռնարկել խորհրդարանական ընտրությունների և ՙպատասխանատու իշխանություն՚ զարգացնելու միջոցով։ (ՙgovernment՚ բառն անգլերենից կառավարություն է  թարգմանվում ոչ միայն նեղ իմաստով)։ Ընդ որում, ավստրալական նահանգի պատգամավորները հայտարարել են, որ ԼՂՀ-ին միջազգային կապերի մեջ ներքաշելն անհրաժեշտ է ամեն կերպ սատարել։
2012թ. նոյեմբերին Ղարաբաղ է այցելել Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Խորխե Օրիկոն և հանդիպել նրա իշխանությունների հետ։ Ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ԼՂՀ-ն իր դիվանագիտական ներկայացուցչություններն ունի ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքում և Գերմանիայում։ Հասկանալի է, որ դրանք դեսպանատան կարգավիճակ չունեն, իսկ  ֆինանսավորումն առավելապես ապահովում է Սփյուռքը (Վաշինգտոնում նույն ԼՂՀ գրասենյակին օգնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը)։ Բայց, այնուամենայնիվ, նրանք ներկա են այն երկրների հանրային տարածքում, որտեղ աշխատում են։ ԱՄՆ մայրաքաղաքում լեռնայինղարաբաղյան՝ արդեն հիշատակված գրասենյակն ամեն ամիս թողարկում է իր Artsakh Newsletter հրատարակությունը և այն տարածում ինչպես կառավարական կառույցների, այնպես էլ հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, փորձագիտական-վերլուծական կենտրոնների շրջանում։ Արևմուտքում Լեռնային Ղարաբաղի հայերի ելույթները դեռևս վերակառուցման շրջանում դիտվում էին ստալինյան ազգային քաղաքականության հաղթահարման պայքարի համատեքստում։ Ակնհայտ է, որ նման ընկալումը, ինչպես և աբխազական, հարավօսական կամ մերձդնեստրյան նախագծերին որպես ՙկայսերական-կոմունիստական ռևանշի՚ գործիքներ վերաբերվելը հեռու է իրականությունից և զգալիորեն գռեհկացված է երևում։ Սակայն դա այն է, ինչ իրականում տեղի է ունենում և որոշակի դեր  խաղում արմատացած էթնոքաղաքական հակամարտության լուծմանն ուղղված գործնական քաղաքականության ձևավորման մեջ։
Այսպիսով, Բասկերի Երկրի ՙողջույնը՚ Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ էկզոտիկ մի երևույթ չէ։ Այն, ընդհանուր առմամբ, շարունակում է լեռնայինղարաբաղյան պետականության և Լեռնային Ղարաբաղի հայերի ազգային ինքնորոշման համար լոբբինգ վարողների ուղեգիծը։ Սակայն կարելի՞ է,  արդյոք, դրա հիման վրա խոսել այդ երևույթի գործնական օգտակարության կամ, հակառակը՝ անօգտակարության մասին։ 
Այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի նահանգի բարձրագույն ներկայացուցչական մարմինը ԼՂՀ ինքնորոշման դիտարկման մասին հարցը վերանայելու միջնորդությամբ դիմեց ամերիկյան ֆեդերալ կառավարությանը, ՙԿարնեգի՚ հիմնադրամի՝ Կովկասի հարցերով հայտնի մասնագետ Թոմաս դե Վաալը հայտարարեց, որ նման նախաձեռնությունն իմաստ չունի։ Նրա կարծիքով, նման բանաձևը ՙտեղիք է տալիս ադրբեջանական խելացնորությանը՝ կապված հայկական լոբբինգի հետ, որի դերը չափազանցված է՚։ Եթե խոսելու լինենք Բասկերի Երկրի այդ փաստաթղթի մասին, ապա ակնհայտ է, որ դրա ընդունումը թելադրված է հայ ժողովրդի հանդեպ ոչ թե ինչ-որ ՙեղբայրական զգացումով՚, այլ  քաղաքական ուրիշ պատճառներով։ Ինչպես արդարացիորեն նկատել է Արևմտյան կիսագնդի հարցերով Վաշինգտոնյան խորհրդի փորձագետ Ալեքսանդրո Սանչեսը, ՙԼատինական Ամերիկան իրականում ծանոթ չէ Կովկասին, և ճանաչման մասին որոշումը կախված է այլ պետությունների ղեկավարների ունեցած կարծիքից ու հաշվարկներից, թե ինչ կարելի է շահել նրանց երկրների՝ Մոսկվայի կամ Վաշինգտոնի հետ ունեցած հարաբերություններից՚։ 
Սակայն Բասկերի Երկրի հռչակագրի իմաստը կարճատև ազդեցության մեջ չէ։ Նրա նշանակությունն այլ է։ Ամենից առաջ, այն ցույց է տալիս, որ ԼՂՀ մեկուսացման քաղաքականությունն այնքան էլ արդյունավետ չէ։ Որքան էլ Բաքուն խիստ հանձնարարականներ և շրջաբերականներ հղի, կգտնվեն քաղաքագետներ, որ կշրջանցեն դրանք։ Եվ եթե այսօր դա համարձակվել է անել Եվրոպական Միության անդամ-երկրի տեղական խորհրդարանը (լեգիտիմ մարմին, այլ ոչ թե քաղաքական մարգինալների հավաքածու), ապա վաղը կարող են գտնվել և այլ ցանկացողներ։ Ինչ շարժառիթ էլ որ ունենար բասկ խորհրդարանականների որոշումը, և ինչ պատճառներով էլ որ նրանք ղեկավարվեին, այդ խորհրդարանականները կարևոր հարց բարձրացրին։ Առանց հենց Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների անհնար է որոշել այդ տարածքի ապագան` դուր է գալիս այդ թեզն ինչ-որ մեկին, թե՞ զայրույթ հարուցում։ Երևանի, Հրազդանի կամ Գյումրիի բնակիչները չէ, որ պետք է որոշեն, թե ինչ պետությունում ապրեն և փոխե՞ն իրենց քաղաքական ինքնությունն ապագայում, թե՞ ոչ։ Դա պետք է անեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Կարելի է գտնել միանգամայն տրամաբանական և իրավաբանորեն հիմնավորված հարյուրավոր փաստարկներ այն մասին, թե ԼՂՀ-ի ներգրավումը բանակցություններին միայն լրացուցիչ խնդիրներ կստեղծի։ Սակայն պետք է հիշել նաև, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ (եթե անգամ դրանց համար Նոբելյան մրցանակներ շնորհվեն) կիրականացնեն նրանք, ովքեր ապրում են փոքր-ինչ հանդարտված թեժ կետում։ Առանց նրանց կարծիքի, նորացված ՙսկզբունքներից՚ նորագույններն անգամ այդպես էլ կմնան որպես մեռած տառ չգործող փաստաթղթում։ Ավելին, ընդունված այդ փաստաթղթին արդեն հղումներ կանեն, այն կդառնա քննարկումների և մեջբերումի առարկա։ Իհարկե՝ ոչ միշտ կոռեկտ և համարժեք։ Այդուհանդերձ, աշխարհում Յալթայից և Պոտսդամից ու հատկապես՝ Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Ղրիմից հետո և անջատողական տրամադրությունների ընդհանուր աճի համապատկերին ՙղարաբաղյան հարցին՚ այս կամ այն ձևով վերադառնալը միանգամայն հնարավոր է։ Եվ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև նրա սահմաններից շատ ավելի հեռու, քանզի ճանաչման խնդիրը խիստ իրավական, իսկ ամենակարևորը՝ քաղաքական չափորոշիչների բացակայության պայմաններում կարող է վերածվել լրացուցիչ գործիքի։ 
Եվ վերջինը (ըստ հերթականության, բայց ոչ՝ ըստ կարևորության)։ Սեպտեմբերի 12-ի բանաձևը ցույց տվեց, որ չպետք է թերագնահատել ՙմեղմ ուժի՚ գործիքների ակտիվ կիրառումը տեղեկատվական պայքարում և քաղաքական կեցվածքավորման մեջ։ Այն կարևոր է։ Բայց ամենագլխավորը՝ դա հնարավոր է ոչ միայն այն ժամանակ, երբ թիկունքում կանգնած է միջուկային և էներգառեսուրսներով հարուստ գերտերություն։ Իսկ եթե ՙմեղմ ուժի՚ հետևում կանգնած է քաղաքական և տնտեսական նշանակալի ռեսուրս, ապա այդ ուժի նշանակությունն ու արդյունավետությունը կարող են զգալիորեն ուժեղանալ։  
 
 
Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի 
արտասահմանյան տարածաշրջանագիտության 
և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ
 
NovostiNK.ru