[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂ Ռ. ՈՒՈԼԹԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԿԴՆԻ ԱՅԴ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ՙԲռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում՚ անվանումով զեկույց պատրաստելու մասին որոշումը բացասական արձագանքի արժանացավ ոչ միայն հայ հանրության շրջանում։ Առաջիկա 1,5-2 տարվա ընթացքում ԵԽ ԽՎ-ն Լեռնային Ղարաբաղ է ուղարկելու անգլիացի  պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին` իրավիճակին ծանոթանալու և զեկույցը նախապատրաստելու  նպատակով։ 
Չնայած վեհաժողովում հայկական պատվիրակությունը ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, այնուամենայնիվ, քվեարկող մեծամասնության կողմից այդ որոշումն ընդունվեց։
Արցախի Հանրապետությունից ԵԽԽՎ որոշմանն արձագանքեց Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ ԵԽ ԽՎ զեկույցը կդառնա ադրբեջանական լոբբինգի կողմից գնված փաստաթուղթ։ Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ, որովհետև դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում, հայտարարել է տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ  Բաբայանը։ 
Ինչո՞ւ ԵԽԽՎ ընտրությունը կանգ առավ հենց Ռոբերտ Ուոլթերի վրա։ Այս մարդու մասին ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել ՙԱզատություն՚ ռադիոկայանը, որի փոխանցմամբ` 2013թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նա ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր, և նրա ներկայացրած գնահատականն էապես տարբերվել է մյուսներից։ Նա արևմտյան միակ դիտորդն էր, ով պնդեց, թե Ադրբեջանի նախագահն ընտրվեց ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Ուոլթերի գնահատականը կասկածի տակ է դրել ՙԳարդիան՚ հեղինակավոր պարբերականը` գրելով, որ եվրոպացի պատգամավորների գործուղումը Բաքու մի իսկական արձակուրդ էր։ Պարբերականում տեղ գտած հոդվածում վկայակոչվել են խայտառակ փաստեր. ՙԲաքվում արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով` խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր և գումարներ՚։ 
Մեկ այլ կազմակերպություն` ՙԵվրոպական կայունություն՚ նախաձեռնությունը Ռ. Ուոլթերին համարում է Ադրբեջանի գլխավոր քարոզիչը միջազգային ասպարեզում։
Արդյո՞ք միայն ակտիվ լոբբինգի շնորհիվ է Ադրբեջանի գլխավոր քարոզիչը դարձել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող։ Դատողությունների համար հիմք կարող են ծառայել առկա փաստերն ու աշխարհաքաղաքական զարգացումները, որոնցում առանցքային տեղ է զբաղեցնում էներգակիրների խնդիրը։ Վերջինս, անշուշտ, դիտարկվում է ոչ միայն տնտեսական դաշտում։ 
Ուշադրություն դարձնենք ռուսական աղբյուրների հրապարակած տեղեկություններին։ Եվրամիության և Ռուսաստանի միջև տեխնիկական բանակցությունների վերսկսումը ՙՀարավային հոսք՚ գազամուղի շինարարության շուրջ հնարավոր կլինի այն բանից հետո, եթե դրա համար ստեղծվեն պատշաճ քաղաքական պայմաններ, Եվրախորհրդարանում ծավալված լսումների ժամանակ հայտարարել է իտալացի քաղաքական գործիչ Ֆեդերիկա Մոհերինին, ով մոտ ապագայում կփոխարինի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին։ Ամենևին զարմանալի չէ, որ իրենց ծրագրի իրագործմանը հետամուտ եվրոպացի դիվանագետներն էներգակիրների առաքման հարցին զուգահեռ առաջ են քաշում նաև քաղաքական պայմաններ։ Ֆ. Մոհերինին ասել էր, որ ներկա դրությամբ ռուսաստանյան ՙԳազպրոմի՚ ՙՀարավային հոսք՚ նախագիծը կյանքի կոչելու համար բացակայում են նման պայմանները, ինչը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով։ Եվ եթե պատշաճ քաղաքական պայմաններն ապահովվեն, այն ժամանակ գուցե ընթացք ունենան տեխնիկական քննարկումները Ռուսաստանի և Եվրամիության միջև։ Լսումների ժամանակ հատուկ ընդգծվել է, որ ՙԳազի հարավային միջանցքն՚ առաջնային նշանակություն ունի եվրոպական ուղղությամբ գազի երաշխավորված առաքումներն իրականացնելու գործում։ Հարավային միջանցք ասելով նկատի է առնվել Թուրքմենստանով և Ադրբեջանով անցնող Անդրկասպյան գազամուղը։ 
Որ էներգակիրների հարցը լիովին քաղաքականացված է, վկայում է Եվրամիության`ՙԳազպրոմին՚ ներկայացրած առարկությունները։ ԵՄ-ն հայտարարել է, որ ՙՀարավային հոսք՚ նախագիծը, որը պետք է անցնի Ուկրաինայի տարածքով, չի կարող կյանքի կոչվել, քանի որ չեն պահպանվում ՙԵրրորդ էներգափաթեթի՚ պայմանները։ Խոսքն այստեղ ՙԳազպրոմի՚ մենաշնորհի վերացման և այլընտրանքային ճանապարհով բնական գազը Եվրոպա արտահանելու մասին է։ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակասությունների սրման պատճառներից մեկն էլ հիշյալ էներգափաթեթն է։ Այն  միջազգային համաձայնագիր է, որը պարտավորեցնում է գազ փոխադրողներին իրենց գազատրանսպորտային ցանցերը տրամադրել բոլոր նրանց, ովքեր կցանկանան։ Դրանով փաստորեն ի չիք է դարձվում ՙԳազպրոմի՚ հյուսիսային և հարավային հոսքերի առավելությունը։ Այդ իսկ պատճառով Եվրոպայի առաջ քաշած ՙԵրրորդ էներգափաթեթը՚ Ռուսաստանում միանշանակ ընկալվում է որպես անսքող ագրեսիա  ՌԴ-ի և նրա աշխարհաքաղաքական ազդեցության դեմ։ 
Մի խոսքով, Եվրոպան Ռուսաստանի հետ խոսում է ՙքաղաքական պատշաճ պայմանների՚ մասին` ակնարկելով, որ իր համար առհասարակ անցանկալի է ՙԳազպրոմի՚ հետ գործ ունենալը, և որ այլընտրանքային տարբերակ գտնելն այնքան էլ դժվար գործ չէ։ 
Անտարակույս,  Եվրոպան իր հաշվարկներն է արել էներգակիրներ արտահանող Ադրբեջանի վրա, որի հետ հույսեր է կապում նաև Ռուսաստանը։ 
Այս հարթությունում, ինչպես գիտենք, որոշ բացահայտումներ արեց  վերջերս Աստրախանում կայացած՝ Մերձկասպյան պետությունների հերթական գագաթնաժողովը։ 
Իսկ թե ինչու է Եվրոպան վերստին օրախնդիր թեմա դարձնում էներգակիրների հարցը, կարծում ենք, երկարաբանելու կարիք չկա։ Միջազգային հանրությունն արդեն իրազեկված էր, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին պետք է ստորագրվեր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ ՀՀ-ն մտնում է մի տարածք, որում երաշխավորվում է ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժը։ Դրանով հանդերձ, ինչպես նշել է նախագահ Ս. Սարգսյանը, կարևոր է, որ Հայաստանի գործընկերներն իմանան, որ դա երբեք չի հակադրվի Եվրոպական միության հետ ունեցած երկխոսությանը։ Այն շարունակվելու է, քանի որ առկա են բազմաթիվ համընկնող շահեր, ընդհանուր ժառանգություն, որի հենքի վրա շարունակվելու են եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները։
Անդրադառնալով ԵԽԽՎ որոշմանը` արձանագրենք, որ ադրբեջանական ակտիվ լոբբինգից բացի առկա է  ավելի գլոբալ խնդիր, որը գոյություն ունի աշխարհի ուժային կենտրոնների միջև։ Այնպես որ` ադրբեջանամետ Ուոոլթերի ջրի երես դուրս գալն այնքան էլ անսպասելի չէ։ Եվրոպան հարկ եղած դեպքում հրատապ է դարձնում էներգակիրների առաքման, դրա հետ կապված նախագծերի և քաղաքական պայմանների հարցը։ Հընթացս Եվրամիության պաշտոնյաների կողմից կարևորվում է Ադրբեջանի` որպես էներգակիրներ մատակարարող երկրի դերը։ Դա, իհարկե, արվում է մեկ վերապահումով. մարդու իրավունքների ոտնահարումները Եվրոպայի խորհրդի աչքի առաջ են, ինչից ալիևյան վարչակարգը պետք է հետևություններ անի։ 
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման կեցվածքը հերթական անգամ կասկածի տակ է դնում նրա իսկ հեղինակությունը։ Այս կառույցի վերաբերմունքն ադրբեջանական բռնատիրական վարչակարգին պետք է լինի անփոփոխ, քանի որ խավիարային դիվանագիտությունն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ոչ վաղ անցյալում` Ադրբեջանում 2013թ. աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն էր իրականացրել Ադրբեջանում  և հավաքված փաստերի հիման վրա մերկացրել  ԵԽ ԽՎ կաշառված զեկուցողներին։  
ԼՂ հարցով ԵԽԽՎ ապագա զեկուցող Ռ. Ուոլթերն Ադրբեջանի կողմից կաշառված գործիչ է, հետևապես նրա զեկույցն առաջին հերթին պետք է մերժվի հենց  եվրոպացիների կողմից։ 
Եվրոպան, անշուշտ, աչքի առաջ կունենա նաև պաշտոնական Ստեփանակերտի ազդանշանը. եթե ԵԽԽՎ-ն սրբագրի իր սխալը` փոխի զեկույցի տրամաբանությունը և այդ մասին հրապարակավ հայտարարի, միայն այդ ժամանակ Արցախի Հանրապետությունը կքննարկի իրավիճակն ու կհայտարարի իր քաղաքական դիրքորոշման մասին։    
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ