[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՒՏԸ

Մեքսիկայի կենտրոնական ՙCanal 7՚ ալիքը հեռարձակել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի մասին  Ադրբեջանի դեսպանության պատրաստած հաղորդմանը։
Մասնավորապես, դեսպանն իր արձագանքում նշել է, որ առաջին կարեւոր բանը, որ պետք է իմանալ ԼՂ հիմնախնդրի մասին, այն է, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության  եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ է, այլ այն սկիզբ է առել, երբ Ադրբեջանը իր ռազմական  ուժի ողջ կարողություններով սանձազերծել է պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, որից հետո Ղարաբաղի բնակչությունն անցկացրել է անկախության հանրաքվե։
Ենթատեքստը հասկանալու համար դեսպանն առաջարկել է անցկացնել զուգահեռներ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ Բրիտանիայի արձագանքի եւ ԼՂ-ի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքի միջեւ։
ՙԱնհնար է պատկերացնել, որ Բրիտանիան կարող էր հակազդել, եթե նույնիսկ շոտլանդացիները կողմ քվեարկեին անկախությանը։  Մինչդեռ ԼՂ անկախության հանրաքվեից քիչ ժամանակ անց Ադրբեջանը գործի դրեց իր ռազմական մեքենան եւ սկսեց ռմբակոծել Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, որը հազարավոր քաղաքացիական զոհերի պատճառ դարձավ։ Իսկ Ադրբեջանի սանձազերծած արյունալի պատերազմը ավարտվեց Ղարաբաղի հաղթանակով։
Օրինական ճանապարհով  քվեարկելով անկախության համար՝ Ղարաբաղի բնակչությունը պայքարել է իր ինքնորոշման իրավունքի համար, իսկ այդ պայքարը, հիրավի, կարելի է համարել անցած դարաշրջանի ամենահուզական, ամենահերոսական  եւ անձնվեր ազատագրական պայքարը։ Անցած 23 տարիների ընթացքում Ղարաբաղի բնակչությունը կառուցել է պետականություն՝ չնայած շրջափակմանը, հետպատերազմյան ավերածություններին եւ Ադրբեջանի մշտական սպառնալիքներին։  Եվ այդ պետականությունն ունի գործող ժողովրդավարական ինստիտուտներ, մրցակցային եւ թափանցիկ ընտրական գործընթացներ եւ բազմակարծություն։  Իսկ դա Ադրբեջանի հակապատկերն է, որը անկախությունից ի վեր որդեգրել է ճնշումների եւ անհանդուրժողականության քաղաքականություն եւ դարձել Ալիեւների կլանի ժառանգական ավտորիտար ղեկավարությամբ մի երկիր, որը Human Rights Watch-ի կողմից ճանաչվել է որպես  ամենակոռումպացված  եւ ոչ ազատ պետություններից մեկը՚,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի մերժողական կեցվածքի պատճառով ԼՂՀ-ի անկախությունը մինչեւ օրս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Հայաստանը եւս դե յուրե չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը՝  բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար ստանձնած պատրաստակամության պատճառով։
ՙՀանրային եւ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով վերջերս ակտիվորեն ընթանում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը։ Օրինակ՝ վերջերս Կալիֆոռնիայի Խորհրդարանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը միջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան։
Հայաստանը ցանկանում է հարցին տալ  փոխզիջումների վրա հիմնված լուծում, մինչդեռ ադրբեջանական կողմը չի ցուցաբերում բարի կամք, փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ ահաբեկել ԼՂՀ-ին իր ռազմատենչ հայտարարություններով։
Տապալելով վերջին տասնամյակների խաղաղ բանակցությունները ՝ Ադրբեջանը դիմում է ռազմական միջոցների հակամարտության մեջ հաջողության հասնելու համար։ Ս.թ. օգոստոսին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ կիրառած ռազմական սադրանքները անհաջողության են մատնվել՚,- նշել է դեսպանը։
Դեսպանն իր խոսքում նաեւ հանգամանալից անդրադարձել է Արցախի պատմությանը, նշելով, որ հայերը Ղարաբաղն անվանում են Արցախ՝ այս տարածքի պատմական անունով, որը դեռեւս արձանագրվել էր հույն պատմաբան Ստրաբոնի կողմից։ Արցախը միշտ էլ եղել է Փոքր Ասիայի արեւմտյան քրիստոնյա քաղաքակրթության օրրաններից մեկը  վաղ քրիստոնեական ժամանակշրջանի բազմաթիվ անգին հուշարձաններով։
ՙԻսկ Լեռնային Ղարաբաղը 1920-ականներին բոլշեւիկների կողմից տրված աշխարհագրական անունն է, որը Ստալինի կողմից բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանի տիրապետության տակ 70 տարի մնալով՝ Արցախը պարբերաբար ենթարկվում էր էթնիկ զտումների եւ խտրական վերաբերմունքի։ Գորբաչովյան ՙՎերակառուցման՚ քաղաքականությամբ ոգեւորված՝ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց իր իրավունքների եւ անկախության համար՝ համաձայն Խորհրդային Սահմանադրության օրենքների եւ ընթացակարգերի՚,- ասել է դեսպան Հովհաննիսյանը։