[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ

Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Բաքվից ամենատարբեր մակարդակներով հնչած հայտարարություններն աչքի են ընկնում եվրոպական հանրությանն ուղղված ազդանշանների ինտենսիվությամբ։ Այդ հայտարարություններից հետևում է, որ ադրբեջանական իշխանությունները խնդիրներ ունեն ոչ միայն եվրոպական կառույցների, այլև համաշխարհային հանրության հետ ընդհանրապես։ Բայց, դժբախտաբար, նրանք չեն գիտակցում, որ իրենց անհանգստացնող բոլոր խնդիրների պատճառները պետք է փնտրեն իրենց իսկ կեցվածքում։ 
Օրերս Ադրբեջանից ազդանշան ուղղվեց Եվրամիությանը. արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևն ասաց, որ Բաքվի և ԵՄ-ի միջև առկա խնդիրները կապված են ղարաբաղյան հակամարտության հետ։ Ասել է թե` խնդիրները չէին լինի, եթե ղարաբաղյան հիմնախնդիրը չլիներ։ 
Որ ադրբեջանցիները սովորություն ունեն սկսել մի թեմայից և պարտադիր ավարտել իրենց սիրած թեմայով, մեզ համար նորություն չէ։ Իրավիճակն ավելի պատկերավոր դարձնելու համար հայտնի անեկդոտը հիշեցնենք. եթե ձկան վրա բուրդ լիներ, դրա վրա բուն դնող միջատն էլ կլիներ։ Եվ այսպես, ՙեթե՚-ով կարելի է սկսել ու անվերջ խոսել բուրդ սիրող միջատի մասին։
Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ` Մամեդկուլիևը հուսով է, որ Եվրամիությունը մի քիչ կփոխի տվյալ հարցի հետ կապված իր դիրքորոշումը և Ադրբեջանի հանդեպ կցուցաբերի նույն վերաբերմունքը, ինչը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հանդեպ է։ ԱԳՆ պաշտոնյայի վկայակոչած պետություններն ունեն հստակ եվրոպական կողմնորոշում, իսկ առաջին երկուսը  պատերազմների մեջ ներքաշված պետություններ են։ Ի՞նչ է ստացվում. Մամեդկուլիևը  Եվրոպայից պահանջում է առավելագույնն անել Ադրբեջանի համար այն դեպքում, երբ  վերջինս խորհրդարանական մակարդակով բառացիորեն հայտարարել էր հետևյալը. Ադրբեջանը ո՜չ Ռուսաստանի հետ է և ո՜չ էլ Արևմուտքի։ Ադրբեջանին հատուկ մաքսիմալիստական այս գործելաոճը  քողարկվել է ծիծաղաշարժ ձևակերպմամբ. ՙՀուսով ենք, որ  Եվրամիությունը մի քիչ կփոխի ղարաբաղյան խնդրի հետ կապված իր դիրքորոշումը՚։ Տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը զբաղված է մանր ժուլիկություններով և ոչ թե դիվանագիտական աշխատանքով 
Ադրբեջանցիները մեծ ցավով են ընդունում միջազգային կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն, եթե դա իրենց շահերից չի բխում։ Գտնում են, որ նման հարցերը նախապես պետք է քննարկվեն ադրբեջանական կողմի հետ, իսկ եթե ոչ, ապա նախաձեռնողներին տհաճ անակնկալներ են սպասվում։ Լավագույն օրինակը Եվրախորհրդարանում Արցախի բարեկամների խմբի ստեղծման ադրբեջանական արձագանքն է։ Ադրբեջանցիները Եվրախորհրդարանից պահանջել են արգելել Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը` չպատկերացնելով, իհարկե, թե դա կոնկրետ ինչպես պիտի տեղի ունենա և ինչ մեխանիզմով։ Եվ քանի որ չեն պատկերացրել, մտածել են, որ այս պարագայում լավագույն զենքը կարող է լինել հրապարակային դժգոհությունը։ Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը բողոք է հայտնել Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելին, ով Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախաձեռնողն էր։ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն ուղղված իր խոսքում Սուլեյմանովը կոչ է արել միջոցներ ձեռնարկել նախաձեռնությունը կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, ԵԺԿ անդամներին հորդորել է ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց, որոնք կարող են արատավորել կուսակցության համբավը և վտանգի տակ դնել Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունները։ 
Ադրբեջանական այս տրագիկոմեդիան մեկնաբանության կարիք չունի, քանի որ նման պահանջներով ու հորդորներով քաղաքակիրթ հանրությանը ներկայանալը, մեղմ ասած, անհասկանալի է։ 
Եվրոպական կառույցում ներգրավված ադրբեջանցի պատգամավորը, ըստ երևույթին, չի հասկանում մեկ կարևոր հանգամանք. ժողովրդի հետ բարեկամություն անելը բարձր արժեք է, ինչը հասանելի չէ ադրբեջանական հոգեկերտվածքին։ Բարեկամությունը նրանց մոտ ասոցացվում է  քծնանքի, ռևերանսների և կաշառելու հետ։ Սուլեյմանովի ընկալումների շրջանակներում, հույս ունենք, տեղ կգտնվի այն բանի համար, որ միջազգային կառույցներում ներգրավված հասարակական, քաղաքական գործիչները խրախուսելի և բարոյական են համարում ինքնորոշված ժողովրդի հետ ակտիվ շփումները, նրանց դավանած արժեքներին, ինչպես նաև խնդիրներին ու հոգսերին հաղորդակից լինելը։ Անբարոյականն Ադրբեջանի իշխանություններից կաշառվելն է, ինչը հատուկ է որոշ եվրապատգամավորների։ Ինչպե՛ս կարելի է կոնկրետ առաքելությամբ ժամանել որևէ երկիր և պարտականությունները մոռանալով` մտածել միայն թանկարժեք նվերներ ու գումարներ ստանալու մասին։ Էլխան Սուլեյմանովը պարզապես պետք է լիարժեք ըմբռնի ՙբարեկամություն՚ հասկացության իմաստը և առավել ևս, որպես Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, հայրենի իշխանություններին հետ պահի խայտառակ և աղմկահարույց  գործարքներից։    
Նաև չպիտի մոռանան քաղաքակիրթ հանրության վերաբերմունքն ու արձագանքներն ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը։ Նույն Եվրախորհրդարանը մեկ անգամ չէ դատապարտող հայտարարություններ հնչեցրել կաշառելու գործում բավականին հմտացած, կարելի է ասել` մրցակից չունեցող ադրբեջանական իշխանությունների հասցեին։ 
Մեր հարևանները մի սովորություն էլ ունեն. նրանք մշտապես և բոլոր հարցերում հետևում են հայկական օրինակին։ Պարզ է, թե ինչու են հետևում. սահմանափակ ուղեղներից գաղափար չի ծնվում, ուրեմն, կարելի է յուրացնել ուրիշի գաղափարը։ Բայց նրանք այդ գործն անում են խիստ յուրահատուկ ոճով. սկզբում վայնասուն են բարձրացնում, դժգոհում, իսկ մի քանի օր անց` օրինակը տեղայնացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցը հոկտեմբերի 22-ին տեղեկացրեց, որ  Եվրախորհրդարանում ՙկրկին Ադրբեջանի հետ բարեկամության խումբ է ձևավորվել՚,  նոր խմբի հիմնադիր նիստն էլ  կազմակերպվել է Բրյուսելում։ Եվ քանի որ Եվրախորհրդարանի ընտրություններ են տեղի ունեցել, ադրբեջանցիների  բարեկամ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք նորընտիր խորհրդարանականներ։ 
Լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ ճաշկերույթ է կազմակերպվել խմբի անդամների համար։ Մենք իրավունք ունենք ենթադրելու, որ ճաշկերույթի ավարտին կասպիական խավիար է բաժանվել եվրոպացի պատգամավորներին, ինչպես նաև բոլորին անխտիր Բաքու այցելելու հրավեր է տրվել։
Այս նորության հետ կապված մեկ հարց, այնուամենայնիվ, մեր հարևանները թողել են անպատասխան. եթե կրկին խումբ է ձևավորվել, դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ հին բարեկամներից ոչ ոք չի մնացել, կամ նրանցից ոչ մեկը չի վերընտրվել։ Ուրեմն՝ գոյություն ունի ևս մեկ տարբերակ. շատ հնարավոր է, որ հին խումբը  բարեկամության հարցում իրեն չի արդարացրել, և Բաքվում եկել են այն եզրահանգման, որ Ադրբեջանի հետ բարեկամության խմբերը պարբերաբար պետք է թարմացվեն։ Ամբողջ գաղտնիքը, կարծում ենք, նրանում է, որ առանձին ՙանբարեխիղճ՚ եվրապատգամավորներ  կաշառքը վերցնելուց  հետո էլ դավաճանում են ադրբեջանցիներին` սեփական սխալը խոստովանելով և մեղքերի թողություն խնդրելով։ Բացահայտումների արդյունքում սովորաբար գործարքն իր բոլոր մանրամասներով դառնում է միջազգային հանրության սեփականությունը։
Վերոնշյալ բոլոր իրողություններից Ադրբեջանն, անշուշտ, մի քանի հետևություն պիտի անի։          
Նախ` քաղաքակիրթ հանրությանը պետք է ներկայանա որպես մարդու տարրական իրավունքները հարգող պետություն, ինչը նրան հնարավորություն կտա խորությամբ ըմբռնել ՙժողովրդի ինքորոշման իրավունքի՚ էությունը։ 
Երկրորդ` միջազգային կառույցների` ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն առնչվող նախաձեռնություններին պաշտոնական Բաքուն պետք է վերաբերվի նորմալ` առանց հիստերիաների և սպառնալիքների։ Մեր հարևաններին հուշենք, որ իրենք կարող են համագործակցել Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, բայց ոչ մի դեպքում իրավունք չունեն այդ կուսակցություններին արգելել համագործակցելու Արցախի Հանրապետության հետ։ Նման վարքագիծը որակվում է որպես վայրենություն։  
Եվ քանի որ խոսք եղավ վայրենության մասին, վատ չէր լինի, եթե ադրբեջանցիներին մի շատ կարևոր խորհուրդ էլ տանք։ Հայերից օրինակ վերցնելն ամոթ չէ։ Ի դեպ, դրա անհրաժեշտությունը կարևորել են ֆրանսիացի սենատորներն Արցախի խորհրդարանում ունեցած ելույթների ժամանակ։ Բայց օրինակը վերցնում են ոչ թե վայնասուն բարձրացնելով, այլ երախտիքի զգացումով։ Որ Արցախի Հանրապետությունից նրանք շատ բան ունեն սովորելու, ապացուցման կարիք չունի։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է պետական կարգին. ադրբեջանական ժողովուրդը կարող է թոթափել սուլթանական լուծը և իր ապագան կերտել ժողովրդավարական երկրում։   
Եվ վերջապես, նրանք չպիտի տրտնջան իրենց ճակատագրից, մտահոգիչ խնդիրների բազմազանությունից։ Հատկապես Եվրամիության և միջազգային մյուս կառույցների հետ ունեցած խնդիրների համար պետք չէ մեղադրել որևէ մեկին. պարզապես անհրաժեշտ է երկխոսության մեջ մտնել ղարաբաղյան կողմի հետ, ինչը նրանց կազատի բոլոր տեսակի խնդիրներից։    
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ