[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Արցախում գործող քաղաքական ուժերի թիվն ավելացավ ևս մեկով. օրերս իր ծննդի մասին ազդարարեց ՙԽաղաղություն և զարգացում՚ կուսակցությունը։ ՙԵվրոպա՚ միջազգային բիզնես- կենտրոնի խորհրդակցությունների դահլիճում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էին նախաձեռնող խմբի անդամները, համակիրներ, լրագրողներ։
Ողջունելով ներկաներին՝ նախաձեռնող խմբի անդամ, ԱրՊՀ դասախոս Գարիկ Գրիգորյանը նշեց, որ ԼՂՀ-ում սկսվող քաղաքական նոր շարժումը՝ ՙԽաղաղություն և զարգացում՚ վերտառությամբ, նպատակ ունի նպաստել երկրի կայացման և հզորացման գործընթացին։
Նորաստեղծ կուսակցության ծրագրի մասին զեկուցումով հանդես եկավ նախաձեռնող խմբի անդամ- հիմնադիր Վարուժան Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ կազմակերպության գլխավոր նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն ու Արցախում զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Իսկ դրանց իրագործման համար անհրաժեշտ քաղաքական պայմանները տարածաշրջանում անվտանգության և համագործակցության միջպետական համակարգի հաստատումն է, տարածաշրջանի երկրներում ժողովրդաիշխանության և իրավական պետության արժեքներին հավատարիմ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, ազգային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը՝ պետության, հանրության և մասնավոր բիզնեսի շահերի ներդաշնակեցման հիմքի վրա։ 
Իր առջև դրված նպատակներին հասնելու համար ՙԽաղաղություն և զարգացում՚ կուսակցությունը պետք է լինի բաց, որպեսզի կարողանա համագործակցել տարածաշրջանի պետություններում գործող և նոր ձևավորվող առաջադեմ քաղաքական ուժերի հետ։ Այդ համագործակցությունը պետք է խարսխված լինի ընդհանուր գաղափարական հենքի վրա և ունենա իր կազմակերպված ձևաչափը։ 
Ըստ բանախոսի՝ պետության ներսում կուսակցությունը պետք է համախմբի հանրության լայն զանգվածներին՝ քաղաքական կարևոր խնդիրների լուծման նպատակով, ինչպիսիք են անթերի արդարադատությունը՝ պետությունից կոռուպցիայի բոլոր դրսևորումներն իսպառ վերացնելու համար, արդար տնտեսական կարգը՝ յուրաքանչյուրին իր ազնիվ աշխատանքով արժանպատիվ բարեկեցության հասնելու հնարավորություն տալու և անվտանգության ինքնաբավ համակարգը՝ լիարժեք անկախության հասնելու համար։
Ինչպես բոլոր կազմակերպությունները, ՙԽաղաղություն և զարգացում՚ կուսակցությունը ևս ունի իր կանոնադրությունը, որի դրույթները հանգամանալից ներկայացրեց Գարիկ Գրիգորյանը։ 
Կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ օրենքների և իրավական ակտերի ու իր ծրագրի հիման վրա։ Այն գործում է ժողովրդաիշխանության, հրապարակայնության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով, հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ։ Կուսակցությունն ունի խորհրդանշան, դրոշ, կլոր կնիք, ձևաթուղթ, բանկային հաշիվներ։ 
Նշենք, որ կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ընտրական իրավունքով օժտված այն անձը, ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ։ 
Հիմնադիր համագումարում տեղի ունեցան նաև ընտրություններ։ Բաց քվեարկությամբ (միաձայն) կուսակցության նախագահ ընտրվեց Գարիկ Գրիգորյանը։ Ընտրվեց երեք հոգուց բաղկացած վերստուգիչ հանձնաժողովի կազմ։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ