[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՁԵՎԻ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ

DavitIshkhanyan_5.jpgՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հերթական բանակցությունները։ 
Օլանդի հետ կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, այնուհետև տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև առանձնազրույցը։ 
Լրատվամիջոցների փոխանցմամբ` խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բարձր մակարդակի բանակցությունները։ Ֆ. Օլանդն անընդունելի է համարել ստատուս-քվոյի պահպանումը և առաջարկել է աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ։    
Փարիզյան հանդիպման և դրան առնչվող իրադարձությունների շուրջ էր  մեր զրույցը  ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ։
Յուրաքանչյուր հանդիպման պետք է գնահատական տալ նախևառաջ  խաղաղության պահպանման տեսանկյունից։ Բանակցային գործընթացի փակուղի մտնելը, ինչպես համոզվեցինք, միայն բացասական հետևանքների կարող է հասցնել. այս կարծիքին էր Դաշնակցության արցախյան կառույցի ղեկավարը։ Նրա խոսքով՝ օգոստոսյան դեպքերը խորհելու տեղիք տվեցին նաև այն առումով, որ ականատես եղանք արտաքին ինչ-որ ուժերի կողմից հատուկ նախապատրաստված բեմագրի։ Այդ հանգամանքը նկատի ունենալով` նման յուրաքանչյուր հանդիպում պետք է ընդունել որպես խաղաղության պահպանման գրավական։ 
Երկու համանախագահող երկրների`  Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարության կողմից ավելի վաղ կազմակերպված հանդիպումները, որոնք տեղի ունեցան Սոչիում և Ուելսում, բնականաբար, պետք է ունենային նաև իրենց շարունակությունը։ ՙՖրանսիայի նախագահի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումը փոփոխություն արձանագրեց ձևի, բայց ոչ բովանդակային առումով։ Լուրջ նախապատրաստական աշխատանք էր տարվել` ինչ-որ նորույթ մտցնելու բանակցային գործընթացում, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը,- ասաց Դ. Իշխանյանը,- սակայն ակնկալել որևէ լուրջ առաջընթաց կամ արմատական բեկում, իհարկե, հիմքեր չկան՚։ 
Շարունակելով միտքը` մեր զրուցակիցը նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտն արդեն տեսակետ է հայտնել փարիզյան հանդիպման վերաբերյալ, և ՀՅԴ Արցախի կառույցը, որպես քաղաքական ուժ, համամիտ է այդ տեսակետին. հնարավոր չէ որևէ բեկում սպասել հերթական հանդիպումից, այն կարող է նախապատրաստական ինչ-որ փուլ լինել հաջորդ հանդիպումների համար։ Բազմիցս շեշտվել է, որ բանակցային գործընթացում հաջողություն կարելի է արձանագրել միայն ու միայն ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցության դեպքում։
Դ. Իշխանյանի ուշադրությունը հրավիրեցինք ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության վրա. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալով` ռազմավարական ճիշտ որոշում է կայացրել։ Նորմալ է, երբ պետությունները փորձում են բազմակողմ հարաբերություններ զարգացնել, բայց կարևորն այն է, որ դրանք չլինեն ի վնաս Եվրասիական տնտեսական միության։  Այս առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ ռուսական կողմի այդ հայտարարությունը պետք է ընդունել որպես ազդանշան,  մանավանդ որ հայտարարությունը հնչեցվել է դեսպանի շուրթերով։ Ռուսաստանը չէր կարող չարտահայտվել համանախագահ մյուս երկու պետությունների նախաձեռնությունների վերաբերյալ, շարունակեց նա, նկատի ունենանք, որ Ռուսաստանի դեսպանի տեսակետը միաժամանակ վերաբերմունքի ցուցադրում է, որում արտացոլված է տարածաշրջանում  ՌԴ-ի գերիշխող դերը։ Եվրասիական տնտեսական միության հետ կապված դեսպանի շեշտադրումը միանշանակ վկայում է Հայաստանին այդ միության շրջանակներում պահելու  Ռուսաստանի անփոփոխ ցանկության մասին։ Այդ ուղղությամբ ՌԴ-ն ամեն ինչ անելու է, և հատկապես մինչև այս կառույցին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտական փուլը` Ռուսաստանից պետք է ակնկալել ազդանշաններ ու նաև նախազգուշական քայլերի ձեռնարկում։ 
Դ. Իշխանյանը կարևորեց մեկ հանգամանք ևս. ՀՀ քաղաքական շրջանակների կողմից մի քանի ուղղություններով տեսակետ է արտահայտվել, ըստ որի` ՀՀ-ն, անդամակցելով ԵՏՄ-ին, կամուրջները չի վառել Եվրոպայի հետ, հետևաբար, շարունակելու է եվրոպական գործընկերների հետ նոր  հարաբերություններ ձևավորելու ելքեր փնտրել։  
Ի՞նչ տեսակետ ունի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի` ՀՀ-ում  պաշտոնական այցի շրջանակներում ունեցած ելույթների վերաբերյալ։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Լինկյավիչուսն ասել էր, որ Լիտվայի համար կարևոր է իմանալ, թե որքան հեռու և որքան խորը կարող են առաջ գնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ինչը հակասության մեջ չի մտնի այլ պայմանավորվածությունների հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նա իրազեկել է, որ մտադիր են ստեղծել Լիտվա-Հայաստան միջկառավարական հանձնաժողով, որի նպատակը պետք է լինի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ 
Եվրոպական միության հետ ասոցացման գործընթացում Հայաստանի կտրուկ շրջադարձից հետո ԵՄ-ն միջազգային հանրությանն իրազեկեց, որ Հայաստանի հետ գործընկերության հեռանկարներ դեռ տեսնում է և որ ամեն ինչ վերջացած չէ, հիշեցրեց մեր զրուցակիցը։ Նույնպիսի հավաստիացում հնչեց հայկական կողմից։ Եվ պատահական չէ, որ մերձբալթյան հանրապետություններից մեկի միջոցով է Հայաստան-եվրոպա  կամուրջը վերականգնելու փորձ արվում, ի վերջո, հետխորհրդային տարածքում մերձբալթյան հանրապետություններն են կարողացել ամբողջությամբ ինտեգրվել Եվրոպային` դուրս գալով Ռուսաստանի ազդեցությունից։ Հարավկովկասյան տարածաշրջանում նույնիսկ Վրաստանը չունի այն կարգավիճակը և այն լծակները, որոնց միջոցով կարողանար ուղղակի ազդեցություն գործել Հայաստանի վրա։ Աշխարհաքաղաքական այս իրողությունները հաշվի առնելով` Ռուսաստանը միշտ էլ առիթներն օգտագործել է ամենատարբեր խողովակներով, բայց պաշտոնականից էականորեն չտարբերվող հայտարարություններ հնչեցնել մեր տարածաշրջանում իր ունեցած դերակատարության մասին։ 
Դ. Իշխանյանի կարծիքը հարցրեցինք նաև ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի` հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մտքերի վերաբերյալ, ինչը տեղի ունեցավ փարիզյան հանդիպումներին զուգընթաց։ Վարչապետը մտահոգություն  հայտնեց, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն արդեն իսկ բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, և եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվեն, բացասական ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Նա վկայակոչել է հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով 4 % տնտեսական ակտիվությունը, ասելով` եթե հաջողվի մինչև տարվա վերջը  պահպանել այդ թիվը, ապա դա մեծ ձեռքբերում կլինի։ 
Եթե ՀՀ-ի ամբողջ տնտեսությունը դիտարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, այդ ազդանշանը միանգամայն բնական է, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, բնականաբար, չեն կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, համոզմունք հայտնեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։ Վարչապետը Հայաստանի տնտեսության վիճակագրությունն է ներկայացրել ընդհանուր թվով, բայց կարելի է դատել տարբեր տեսանկյուններից, և առաջին հերթին` տրանսֆերտների, որոնց առյուծի բաժինը գալիս է հենց Ռուսաստանից։ Գնալով այդ փոխանցումներն աստիճանաբար կրճատվում են, մի հանգամանք, որն արդեն իսկ բնութագրում է իրավիճակը։  
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ