[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ

Ալիևյան կլանը՝ նոկաուտի մեջ 
Ադրբեջանցի քարոզիչների լեզուն պապանձվել է։ Ավելի ճիշտ՝ սգի մեջ են. ՙշախսեյ-վախսեյ՚… Պատճառը համայն աշխարհին է հայտնի. ԼՂՀ  պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ի գիշերը հատուկ գործողություն են իրականացրել, ինչի արդյունքում տարհանվել են ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, մյուս երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ 
Խոցված ինքնաթիռը տասն օր շարունակ մնում էր, այսպես կոչված, չեզոք գոտում, և այդ ժամանակաընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակի տակ էր պահում դեպքի վայրը՝ դիակների դուրսբերման հնարավորություն չտալով հայկական կողմին։ Մեր հարևանների հասցեով մարդասիրության բազմաթիվ կոչեր են հղվել միջազգային կառույցների կողմից, դիվանագիտական ամենատարբեր միջոցներով։ Ադրբեջանական կողմն անտեսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ կողմերի միջև երկխոսություն սկսելու նախաձեռնությունը։ Ինչպես արտահայտվել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, տասն օրվա ընթացքում հարևան երկրում չհասկացան ո՜չ դիվանագիտական լեզուն և ո՜չ էլ մարդասիրության կոչերը։     
Ռազմական գործի գիտակների գնահատականն այսպիսին է. իրականացված հատուկ գործողություններն իրենց բնույթով և բարդությամբ աննախադեպ էին,  կատարողականությունը փայլուն էր, եթե հաշվի առնվեն հակառակորդի կրակային հակազդեցությունները, ինչպես նաև պատրաստված ծուղակը, որը հաջողությամբ  ոչնչացվեց հայկական ուժերի կողմից։ 
Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրսբերման ընթացքում մեր կողմից վիրավորներ և զոհեր չունենք, Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մասունքները հանձնվել են հարազատներին, տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ 
Այդ գործողությունից մի քանի օր առաջ մեր հարևանները, սովորության համաձայն, գործի դրեցին իրենց հիվանդ երևակայությունը՝ շրջանառության մեջ դնելով զոհված հայ օդաչուների դիակները Ստեփանակերտում դատվող ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու վարկածը։ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը հակադարձեց՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ, ինչին էլ հետևեց մեր հատուկջոկատայինների կողմից փայլուն կերպով իրականացված գործողությունը։ 
Կարելի է մոտավոր պատկերացում կազմել ալիևյան կլանում տիրող հոգեբանական վիճակի մասին։ Ինչպես ասում են՝ մեռած են, թաղող չկա։ Իշխանության լրատվամիջոցներն ապատեղեկատվության տարածման բոլոր ճիգերը գործադրեցին՝ ինչ-որ կերպ իրենց խայտառակ պարտությունը սքողելու նպատակով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց առաջնագծում կրած իր կորուստների վերաբերյալ՝ դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք։ Բացի այդ, մի քանի անկյալ պաշտոնյաների բերանով անհեթեթություններ տարածեցին` իբր  հայկական կողմը ճիշտ չի ներկայացնում փաստերը, զանազան հիմարություններ դուրս տվեցին, որոնք հազիվ թե հետաքրքրեին նորմալ մարդուն։ Տրամաբանությունից զուրկ հայտարարություններ հնչեցնողները գոնե իրենց երկրի անցուդարձերը նկատի ունենային, մասնավորապես՝ ղարաբաղյան հատուկջոկատայինների գործողությունից հետո ադրբեջանական բանակում բրիգադի հրամանատարի պաշտոնազրկման փաստը։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ գեներալ-մայոր  Զ. Աքսաքալլի տրամադրությունը, ով երկու շաբաթ առաջ առաջնագծում մասնագիտական դասընթացներ էր անցկացնում ասկյարների համար։ Բանից երևում է՝ նրա  ցուցադրած ՙվարպետությունը՚ շատ շուտ յուրացրին ադրբեջանական բանակում։
Փաստ է նաև, որ Բաքվում կանխազգում էին ուղղաթիռի խոցումից հետո հայկական կողմից ձեռնարկվելիք գործողությունների  հավանականությունը, բայց նման հարված երևի թե չէին պատկերացնում։ Մեր բանակի հատուկ ստորաբաժանումների գործողություններից նոկաուտի ենթարկված ալիևյան կլանի տեսակետն անուղղակիորեն ներկայացրեց նախկին դիվանագետ Ֆիքրեթ  Սադիխովը՝ նախևառաջ ասելով, որ ՙիրենք քաջատեղյակ են Հայաստանի համառ քաղաքականությանը՚։ Այս ներածականը համարենք ադրբեջանական ինքնախոստովանություն։ Սադիխովի մտքի շարունակությունն արդեն  ադրբեջանական սպառնալիք է. Հայաստանը վերջապես պետք է հասկանա, որ եկել է պատվախնդրությունը զսպելու և քաղաքական կամք ցուցաբերելու պահը, հակառակ դեպքում հայերը նոր կորուստներ կունենան…  Մեկնաբանությունն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ է։ Ուղղակի նկատի ունենանք ադրբեջանցի նախկին դիվանագետի հաջորդ շեշտադրումը, որն առնչվում է ռուսական զենքով հայկական ուղղաթիռի խոցմանը՝ որպես երրորդ ուժի մասնակցության վկայություն։ Սադիխովը կտրականապես ժխտել է այդ տարբերակը՝ հայկական կողմին մեղադրելով միջադեպում ՙռուսական հետք՚ փնտրելու մեջ։ Թե ինչու է նա ատամներով պաշտպանում ռուսական կողմին` համարենք նրանց խնդիրը։ 
Մեկ դիտարկում ևս. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր անհանգստությունը հայտնեց ՙԼեռնային Ղարաբաղում տեղի ունեցող միջադեպերի՚ կապակցությամբ։ Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ նախ  ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական  ճանապարհով, և ապա՝  ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում, բայց աջակցում է Մինսկի խմբին առնչվող գործընթացներին։ 
Տրամաբանական հարց է ծագում. ՆԱՏՕ-ին խիստ անհանգստացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի ձեռնարկած հատուկ գործողությո՞ւնը, որն արվել է  զոհված հայ օդաչուների աճյունները հայրենիք վերադարձնելու նպատակով։ Բայց կարելի է աչք փակել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեի՝ ընդգծված անտարբերությամբ արած հայտարարության վրա, ըստ որի՝ իր գերատեսչությունում տեղյակ են, որ արգելվել է ԵԱՀԿ ներկայացուցչի այցը ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր։ Ընդամենը տեղյակ են, և ՙդրանից ավելի ոչինչ չեն կարող ասել՚։ 
Դե ինչ, Արցախյան պատերազմը մեզ, այնուամենայնիվ, համոզել է, որ մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել՝ առանց ուրիշների վրա հույս դնելու։ Հայ զինվորի մարտական բարձր ոգու և անձնազոհության շնորհիվ։ Մեր բանակի հատուկ նշանակության ուժերը, նման փայլուն գործողություն իրականացնելով,  աշխարհին ապացուցեցին, որ իրենք են Ադրբեջանին զսպողը և ոչ թե հակամարտության գոտում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող գերտերությունները։  
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ