[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ

Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի, անշուշտ, բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի:
 Այսուհանդերձ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքը, համատեղման կարգով Արգենտինիայում ՀՀ դեսպանությունը եւ գուցե նաեւ բոլիվիահայ փոքրաթիվ համայնքի հանգամանքները իրենց ազդեցությունն են ունեցել այս բանաձեւի վրա:
Հայկական կողմի համադրված աշխատանքն այլեւս օրինաչափ եւ ակնկալելի  գործընթաց է նման որոշումներ ապահովելու համար: Մի քանի դիտարկում այս առիթով օգտակար կլինի Բոլիվիայի խորհրդարանի կայացրած որոշման քաղաքական մեկնաբանությունները կատարելու համար:
Թվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով թիրախավորած աշխատանք է սկսվել նաեւ այն երկրներում, ուր անպայման դասական կազմակերպված, ուժային եւ քաղաքական գործոնի հանգամանք նվաճած համայնքներ գոյություն չունեն: Հարավային Ամերիկան իբրեւ տարածաշրջան այս իմաստով անբարենպաստ ենթահող չէ, եւ այս իրականությունը կարող է նախանշել, որ միեւնույն տարածաշրջանում այլ երկրներ հետեւեն Ուրուգվայի, Արգենտինայի եւ այժմ էլ Բոլիվիայի օրինակին:
Սակայն, Բոլիվիան այս ռազմավարության իբրեւ ցուցանիշ ենթադրաբար պիտի աշխուժացնի հակառակորդը, որը թուրքական եւ ադրբեջանական  դիմագծերով փորձում է ազդել տեղի իշխանությունների վարած քաղաքականության վրա: Արգենտինայում հայկական կողմի տարած հաղթանակը թուրքականի վրա (Աթաթուրքի արձանի տեղադրման գործընթացի եւ Էրդողանի այցի տապալում) անպայման ուժերի վերահաշվարկի մղել է ոչ միայն Անկարային, այլ նաեւ Բաքվին այս տարածաշրջանում առավելություններ ձեռք բերելու համար: Քաղաքական պայքարը կարող է թեժանալ Հարավային Ամերիկայի այն երկրներում, ուր հայկական համայնքները դասական ըմբռնումով գոյություն չունեն: 
Բանաձեւն իր ամբողջության մեջ դիտարժան կետեր  է պարփակում.
ՙ1915 թվականի Ապրիլ 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, ՙՄիություն եւ առաջադիմություն՚ կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետեւ պատմական Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքների  հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը՚:
Խորհրդարանի երկու պալատները ՙհաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը՚:
Ցեղասպանություն գործադրողների էության ընդգծման շեշտադրումը հստակ է առաջին իսկ տողից: Օսմանյան կայսրություն, Միություն եւ առաջադիմություն, երիտթուրքեր: Բանաձևը խոսում է հայ մտավոր ուժի ծրագրված սպանդի, տեղահանության եւ ապա զանգվածային բնաջնջման մասին: Ցեղասպանությունը դիտարկվում է իբրեւ մարդու իրավունքի, ճշմարտության եւ արժեքների ուղղակի հակադրվող երեւույթ, զոհը ստանում է Բոլիվիայի պաշտոնական զորակցությունը, ցեղասպանը` դատապարատանքը: Բանաձեւն ունի նաև այժմեական բաժին այն առումով, որ դատապարտում է Անկարայի այսօրվա ժխտողական քաղաքականությունը:
Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով բավական ամբողջական է բանաձեւի բովանդակությունը: Ավելի՜ն: Խոսելով զանգվածային տեղահանության եւ մանավանդ Արեւմտյան Հայաստանի մասին, բոլիվիական բանաձեւը հավանաբար իր ներառած բովանդակությամբ եւ օգտագործած բառապաշարով  առանձնանում է ցարդ քվեարկված բանաձեւերից: Այստեղ հայրենազրկման գաղափարն այնքան ցայտուն է, որ բանաձեւային պայքարի փիլիսոփայությունը մի քայլ այն կողմ է անցնում ճանաչումից եւ դատապարատումից։
Ցեղասպանության բանաձեւերում Արեւմտյան Հայաստան հասկացողությունը ներառելը հայրենազրկման գաղափարն է. միաժամանակ նաեւ տարածքային մեր պահանջատիրության իրավաքաղաքական ամրագրումների կարեւոր մեկնակետը: 100-րդ տարելիցի կապակցությամբ  նախանշվող այս բանաձեւային արշավի բոլիվիական մեկնարկը ռազմավարական կարեւորագույն ուղերձ է փոխանցում: Տարածքային պահանջատիրության մեր աշխատանքների համար օգտակար կարող է լինել  բոլիվիական բանաձեւին հղում անելը:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
ՙԱզդակ՚ թերթի գլխավոր խմբագիր
Լիբանան