[ARM]     [RUS]     [ENG]

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է

Վերջերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քուրդ պատգամավոր Մեբահաթ Թունջելը օրինագիծ է ներկայացրել, ըստ որի՝ Մեջլիսը Թուրքիայի նախագահին պետք է պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել քրդերի, ալևիների կոտորածների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության համար։
 Թուրքական տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ քրդական ՙԺողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՚ ներկայացնող կին պատգամավորի առաջարկած նախագծով խնդիր է դրվում մեկ տարվա ընթացքում ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը պետք է կարողանա մուտք գործել բոլոր պետական արխիվները՝ քննելու նշված բոլոր կոտորածների մանրամասները։ Խոսք կա նաև թուրքական պետության կողմից իրականացվելիք բարոյական և նյութական փոխհատուցումների մասին։
Օրինագծի շուրջ իր մեկնաբանություններն է ներկայացնում ԼՂՀ  ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար, պատմաբան Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԸ։ 
Քրդական այդ կուսակցությունը մի քանի  անգամ հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ ոչ թե անմիջականորեն Ցեղասպանության հետ կապված, այլ առաջին հայացքից կարծես թուրքական կառավարության քաղաքականությանը հակազդող օրենքների նախագծերով։ Այս պարագայում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքիայում փորձում են ցույց տալ, որ քրդերը հայերի կողքին են, որովհետև այսօր քրդերը հայտնվել են գրեթե նույն իրավիճակում, ինչ որ՝ 1915 թվականին հայերը։ Սա խմբակցության ղեկավարի առաջին դիտարկումն էր։ Երկրորդ՝ այն, ինչ արել են քրդերը 1915-ին, այսօր վերադարձվել է իրենց։ Մենք չպիտի մոռանանք, ասաց Ա. Սարգսյանը, որ Հայոց մեծ եղեռնի ժամանակ քրդերը բացասական դերակատարություն են ունեցել՝ ենթարկվելով Թուրքիայի կառավարության հրահանգներին։ Նրանք ևս մասնակից են եղել հայերի կոտորածներին՝ տիրանալով նրանց գրեթե ամբողջ ունեցվածքին։ Հայոց ցեղասպանությունը պետք է վերագրել Թուրքիայի կառավարությանը և դրա հետ մեկտեղ արձանագրել, որ  թուրքերի հետ միասին այդ գործողություններին մասնակցել են քրդերը։ Սա պատմական ճշմարտություն է։ 
Մեր զրուցակցի խոսքով՝ իհարկե, կարելի է նաև ասել, որ մի շարք դեպքերում քրդերը հայերին պաշտպանել են կոտորածներից, ավելին՝ մեր ազգային հեղափոխական երգերի որոշ մասը հորինվել է քրդերի կողմից՝ ի պատիվ հայ հերոս հայդուկների, որոնց նկատմամբ քրդերը մեծ հարգանք են տածել։ Մենք չենք ասում, թե քուրդ ժողովուրդը մասնակից է եղել Մեծ եղեռնին, շարունակեց պատմաբանը, բայց այդ ժողովրդի մի զանգվածը կատարել է թուրքական կառավարության՝ հայերին  ցեղասպանության ենթարկելու հրահանգը։ Եղել են դեպքեր, երբ քրդերն ընդգրկվել են հայ հայդուկային ջոկատներում՝՝ պայքարելով մինչև վերջ, բայց նրանց թիվը շատ քիչ է եղել։ Պատմական փաստերը վկայում են, որ շատ քրդեր կարողացել են հայ հայդուկներին անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել կամ էլ՝ օգնել ճանապարհների անցման ժամանակ։ Եղել է նաև ճիշտ հակառակը՝ քրդերը մատնել են հայ ֆիդայական ջոկատներին։ 
1915թ. Հայոց ցեղասպանությունն ավելի խորը լուսաբանման կարիք ունի։ Ա. Սարգսյանի կարծիքով՝ ըստ էության լուսաբանվել են ժամանակաշրջանի անցուդարձերը, բայց քաղաքական իմաստով բավարար չպիտի համարենք անընդհատ նույն թիրախին՝ թուրքական կառավարությանը խփելը։ Դրա հետ մեկտեղ պետք է բացել փակագծերը, ասել, թե ինչ ժողովուրդներ են մասնակցել Հայոց մեծ եղեռնին։ Պետք է խոսել նաև գերմանացիների, հատկապես նրանց սպաների մասնակցության մասին, որոնք հայերին տեղահանելու ծրագիր են տվել թուրքերին։ 
Խնդիրը բավականին բարդ է, ընդգծեց մեր զրուցակիցը, ինչ վերաբերում է քրդական օրինագծին, ապա դրանում պետք է տեսնել քրդական կոչվող կուսակցության՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու շահագրգռվածությունը։ Թուրքական պետությունն ընդամենը ցուցադրում է, որ  երկրում արգելված չէ ցեղասպանության մասին խոսելը։  
Ա. Սարգսյանն  ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա. մեզ քաջ հայտնի է, թե  ինչպես է Թուրքիան ներկայացնում իր պատմությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը դասագրքերում և ինչ քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ։ Թուրքական մեջլիսում այդ քաղաքականությունը չի կարող փոփոխության ենթարկվել, այսինքն՝ քուրդ պատգամավորի տեսակետն ինչ-որ թողտվության արդյունք է և  ժողովրդավարություն ցուցադրելու նպատակ է հետապնդում։ Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի տեսնել այդ նախագծի քննարկումը, ինչպես նաև  արդյունքները։ 
Եթե դատենք այսօրվա իրողություններով, հնարավո՞ր է, արդյոք, որ թուրքական խորհրդարանը պարտավորեցնի նախագահ Էրդողանին՝ ներողություն խնդրել նախ Մեջլիսի առաջ, ապա կոտորածների վայրերից որևէ մեկում, ինչպես նշված է օրենքի նախագծում։ Ի պատասխան հարցի՝ պատմաբանն ասաց, որ Էրդողանը դրան պատրաստ չէ, և նրա խաղը բավականին թույլ է։ Թուրքիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մինչև հետ չկանգնի իր ծավալապաշտական քաղաքականությունից։ 
Առաջին հայացքից թվում է, թե Էրդողանը շարունակում է Աթաթուրքի քաղաքականությունը, բայց իրականում այդպես չէ։ Խմբակցության ղեկավարը դա ընդամենը նմանակում է համարում։ Թուրքիայի ժողովուրդը գտնվում է զարգացման այլ աստիճանի վրա, այսօր Թուրքիայի դերակատարությունը համաշխարհային գործընթացներում  միանգամայն այլ է, քան 20-րդ դարի սկզբին, հետևաբար, թուրքական պետության այս կարգի խաղերը նրան հաջողություն չեն խոստանում։ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանն աչքի ընկավ արտաքին աշխարհից Թուրքիայի մեկուսացման խորացմամբ, և, բացի այդ, սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա խնդիրների առավել ցայտուն դրսևորումներով։ Այս իրողությունների համապատկերին շահարկվում է նաև քրդական հարցը։ 
Ա. Սարգսյանն անհրաժեշտ համարեց անդրադառնալ Սևրի պայմանագրին, որը հաճախակի է հիշատակվում հայ քաղաքական վերնախավի կողմից։ Կան քաղաքական գործիչներ, ովքեր խուսափում են թեմայի արծարծումից, կան գործիչներ, ովքեր գտնում են, որ ժամանակն է վերակենդանացնել Սևրի գաղափարները։ Պատմաբանի խոսքով՝ բոլշևիկյան հեղափոխության պատճառով ձախողված Սևրի պայմանագիրը դիտարկելիս նշում ենք, որ դրա հետևանքով ծանր կացություն ստեղծվեց Հայաստանի համար, բայց մոռացության ենք մատնում, թե այդ պայմանագրի արդյունքում ինչ դժվար կացություն ստեղծվեց քրդերի համար։ Դժվար կացություն ստեղծվեց նույնիսկ Եվրոպայի համար. պայմանագրի կետերի չկատարումը հասցրեց Անդրկովկասից Եվրոպայի հեռացմանը։ Եվ եթե այսօր Եվրոպան մտնում է Անդրկովկաս, նորից Սևրի պայմանագրի պայմաններն են աշխատում, հետևապես, այդ ընդհանուր համատեքստում չպետք է անուշադրության մատնվի նաև քրդական հարցը։ Սևրի պայմանագիրը վերածել նեղ՝ զուտ հայկական հարցին վերաբերող պայմանագրի, ճիշտ չէր լինի, համոզված է պատմաբանը։ 
Քուրդ պատգամավորի ներկայացրած օրինագծում արդյո՞ք բացակայում է քրդական շահը, և առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանությունը քրդական կոտորածներին հավասարեցնելու միտումը, որոնք իրենց ծավալներով և ունեցած ազդեցությամբ չեն կարող գտնվել միևնույն հարթությունում։ Բացի այդ, քրդերը Հայոց ցեղասպանության փաստը մշտապես օգտագործել են թուրքական կառավարության հետ իրենց հարաբերությունները կառուցելիս։  
Ա. Սարգսյանը գտնում է, որ քրդական շահն իրոք առկա է և այն բավականին խորն է։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ 1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի , երբ ամբողջ  աշխարհում շարունակվում է ճանաչման գործընթացը, քրդերը չեն կարող մի կողմ դնել  իրենց ազգային շահը։ Նախևառաջ, նրանք ձգտում են քրդական կոտորածները Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ դիտարկել նույն հարթությունում. այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սկսում են ուշադրություն դարձնել նաև քրդական հարցին։ Ասել է թե՝ տեղի է ունենում քրդական հարցի միջազգայնացում։ Երկրորդ՝ քողարկվում է 1915թ. Մեծ եղեռնին քրդերի մասնակցությունը, և վերջապես՝ քրդերի այդ քայլն ընդունելու դեպքում ինքնըստինքյան ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխան քայլ պիտի անի քրդերի ցեղասպանությունն ընդունելու հարցում։ 
Հայ հեղափոխական դաշնակցությունն ունի իր կարծիքը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, միտքն ամբողջացրեց Ա. Սարգսյանը։ Սխալ կարծիք է շրջանառվել, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրումը պատմաբանների գործն է։ Եղեռնը պատմաբանները չեն արել, այն կազմակերպել են պետական ու քաղաքական գործիչները։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, և ինչ-որ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունն ընդամենը ծիծաղ է հարուցում։ Թուրքիան ՙմաքրել՚ է իր արխիվները, ոչնչացրել  ցեղասպանությունը վկայող շատ ու շատ փաստեր ու ապացույցներ։ Իսկ այսօր փորձում է ժողովրդավարություն ցուցադրել աշխարհին, որն իրականում գոյություն չունի։ 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ